Ռուս հայտնի լրագրող և վերլուծաբան Մաքսիմ Շևչենկոն snob.ru կայքում տպագրված իր հոդվածը վերտառել է «Ղարաբաղի պատերազմը՝ իբրև ճնշում Եվրոպայի վրա»: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության սաստկացումն անմիջական սպառնալիք է Եվրոպայի էներգետիկ հաղորդակցությանը:
«Բաքու-Ջեյհան, Բաքու-Բաթումի, Բաքու-Փոթի կապերը Եվրոպայի համար առանցքային են: Ռուսաստանի և նրա դաշնակից Հայաստանի համար ԼՂ խնդիրը Եվրոպային նախազգուշացնելու միջոց է, որ այն կարող է հայտնվել էներգետիկ շրջափակման մեջ», – նշում է հոդվածագիրը:
«Ռուսաստանը ցույց է տվել, որ ունի ճնշման լծակներ, որոնց հետ Եվրոպան պետք է հաշվի նստի, քանի որ գազի ամերիկյան տարանցման, թերթաքարային (сланцевый) գազի մասին բոլոր խոսակցություններն ապագայի խոսակցություններ են», – հավելում է Շևչենկոն:
Ռուսաստանի կողմից Ղրիմի արտաքսումն ու ուկրաինյան ներքին հակամարտության հրահրումը ստիպում են Եվրոպային ռուսաստանյան գազին այլընտրանք գտնել Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներն, ըստ ամենայնի, ցավալի հարված են հասցրել այդ երկրի տնտեսությանը: Արդյունքում Ռուսաստանը պատասխան քայլերի տարբեր սցենարներ է կիրառում, որոնցից մեկը, ըստ Շևչենկոյի, Եվրոպայի կովկասյան ենթակառուցվածքները վտանգելն է:
Թե ինչ ճանապարհով է Ռուսաստանը հրահրել հայ-ադրբեջանական բախումները, ավելի լավ կիմանան ռուսաստանյան հատուկ ծառայությունները, սակայն մի բան պարզ է. այստեղ, ինչպես և Ուկրաինայում հասարակ մարդկանց կյանքը դրվում է մեծ տերությունների պայքարի զոհասեղանին:
Ռուս վերլուծաբանը համոզմունք է հայտնում, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի ռազմատենչ հայտարարություններին, Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի: Նշենք նաև, որ Ուկրաինայի հետ մեկտեղ Անդրկովկասում երկրորդ ճակատի բացումը ակնհայտորեն ձեռնատու չէ Ռուսաստանին:
Շևչենկոյի խոսքով, ղարաբաղյան հակամարտության սաստկացումը կրում է ցուցադրական բնույթ: «Պատահական չէ, որ Իլհամ Ալիևը այդքան հեշտ գնաց բանակցությունների: Նա հասկանում է, որ Ադրբեջանը բավականին հեշտ ապակայունացվող երկիր է: Նրա հինգ շրջանները դե ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղի, կամ, ինչպես ասում են հայերը՝ Արցախի, մաս են կազմում», – ընդգծում է նա՝ հիշեցնելով նաև լեզգինների, ավարների, և այլ գործոնների հետ կապված Ադրբեջանի ներքին խնդիրների մասին:
«Հաշվի առնելով այս ամենը, պատերամը ոչ անվտանգ ձեռնարկ է դառնում Իլհամ Ալիևի համար: Նա ստիպված կլինի անուղղակի կերպով պատերազմել Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ ՀԱՊԿ պայմանագրով, իսկ դա իր հերթին կբերի Հայսատանի դաշնակիցը հանդիսացող Իրանի հետ հարաբերույթունների բարդացմանը»,- եզրակացնում է Շևչենկոն:
Ռիտա Կարապետյան