Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված և այսօր «հանկարծամահ եղած» 33-ամյա գերի, Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հարազատների և երկու իշխանությունների հետ «Կարմիր խաչը» բանակցում է:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության լրատվության բաժնի պատասխանատու Զառա Ամատունին, ում փոխանցմամբ` իրենք հանրորեն չեն մեկնաբանելու դեպքի հանգամանքները:
«Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչին հայտնել են, որ Հայաստանի քաղաքացին մահացել է: Գործելով որպես անկողմնակալ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ: ԿԽՄԿ-ն այս դեպքի հետ կապված բոլոր խնդիրների վերաբերյալ համապատասխան իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսություն է իրականացնում»:
Այդուհանդերձ, ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցիչը չմանրամասնեց, թե ստույգ ինչ բանակցություններ են ընթանում իշխանությունների միջև այն պարագայում, երբ գերին արդեն մահացել է:
Իսկ Կարենի դին արտահանձնելու հետ կապված նորություն իմանալու համար armlur.am-ը կապ հաստատեց ԱԳ նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Տիգրան Բալայանի հետ, ով հայտնեց, որ ԱԳՆ-ն ԿԽՄԿ-ի հետ այդ խնդրի շուրջ աշխատանքներ է տանում, և այս պահին վերջնական պատասխան տալ դեռ չի կարող:
Իսկ Կարենի հայրը` Արտուշ Պետրոսյանը, Armlur.am-ին ասաց, որ այս պահին ԿԽՄԿ անդամներն իրենց մոտ են և դեռևս չեն հայտնել, թե իր որդու դին երբ կտեղափոխվի Հայաստան:
«Հանկարծամահ եղած» գերու հայրը հուզված նշեց նաև, որ ինքն անգամ հույս չունի, թե որդու դին կտեղափոխեն Հայաստան:
Ինչևէ, եթե հայկական կողմը ցանկություն հայտնի դատաբժշկական հերթական փորձաքննությունն անցկացնել (ինչը, կարծում ենք, պետք չէ բացառել), անհրաժեշտ է ժամանակին դին արտահանձնել` խուսափելու համար Ադրբեջանի հերթական դավադրությունից:
Տաթև Հարությունյան