ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ՔԾՆԱՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ

Երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին հանձնվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի դին. սերժանտի, որն իր կյանքի գնով կասեցրեց ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Սակայն նրա հուղարկավորությանը պետական բարձրաստիճան պաշտոնյաներից հատուկենտ թվով մարդիկ էին մասնակցում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Իսկ ահա ժամանակին ԶՈՒ ծառայելուց ճողոպրած երիտիշխանավորները, որոնք շոուի համար կամուֆլյաժ էին հագել՝ սարսափեցնելու ադրբեջանցիներին, գերադասել էին մնալ իրենց տաքուկ սենյակներում ու շարունակել լալահառաչ կարծիքներ գրել: Իհարկե, գուցե նրանք արժանի էլ չէին Եռաբլուր այցելելու… Այնուամենայնիվ, ցավալի է, որ Հայաստանի ողջ իշխանական էլիտան դեկտեմբերի 16-ին «հերթ էր կանգնել»՝ Արցախ այցելելու, Սերժ Սարգսյանի 84-ամյա հոր հուղարկավորությանը մասնակցելու համար: Իսկ մերօրյա հերոս սերժանտի համար ժամանակ ու պատրաստակամություն չկար: Այս երեւույթը նշանակում է, որ մեր երկրում քծնանքն ավելի մեծ դեր ունի, քան ազնվությունը:

 

 

ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է: Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ «ազնիվ կոմունիստ»` 1985-1992թթ. զբաղեցնելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը: Իսկ ահա 1992-1994թթ.՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր արդեն տարոնանժդեհական գաղափարախոսության կրող նախարարը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փոխարեն մեկնել է «խոպան», փախել է. ըստ նրա կենսագրության՝ այդ թվականներին եղել է ՌԴ-ում եւ զբաղվել առեւտրային գործունեությամբ: Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել էր ԼՂ պատերազմը, եւ անմիջապես աշխատել է որպես «Հայինկոմսպասարկում» ՊՁ տնօրեն: Իսկ այսօր արդեն նախարար է. ահա թե ինչպես են ոչնչանում արժեքները մեր օրերում:

 

 

Հունվարի 21-ին Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, փորձել է հաշվեհարդար տեսնել Սամվել Բալասանյանի հետ. գնացել է նրա տան մոտ՝ կրակոցներ եւ հայհոյախառը սպառնալիքներ հնչեցնելով: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Ու եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ հարձակումը եղել է Սերժ Սարգսյանի «նշանակած» քաղաքապետի վրա, ստացվում է, որ Ղուկասյաններն արդեն չեն վախենում հարձակվել Ս. Սարգսյանի վրա: Ինչո՞ւ նախկին քաղաքապետը չի հանգստանում: «Ժողովուրդ»-ի այս հարցին Վ. Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը, պատասխանեց. «Վարդանը Հայաստանում չէ, չենք էլ ասել, որովհետեւ ինչ ասում են, սուտ է սաղ: Ի՞նչ են ուզում մեզանից, էդ տղուն գել ու գազան են սարքել: Էս Գյումրին կառուցեցինք, տվեցինք էս ստորներին, թողնենք գնա՞նք էստեղից: Խելռցրել է էս ժողովրդին: Ո՛չ շինթույլտվություն է տալիս մարդկանց, ո՛չ աշխատատեղ է բացում, թուլցրել է, էլի՛, լիժբը իր բիզնեսը լինի»: Ըստ Գ. Ղուկասյանի՝ Ս. Բալասանյանը շատ է վախենում իրենցից, դրա համար էլ ցանկանում է վարկաբեկել:

 

 

Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում: Մարկետինգի եւ գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում նաեւ քննությանը: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ուսանողները պատմեցին, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին նշանակված քննությանը Մ. Գրիգորյանը չի ներկայացել, սակայն իրենց գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով: Ու զավեշտալին այն է, որ նա 2 միավոր է նշանակել նաեւ կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, որը 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է: Մագիստրանտներին երեկ չի հաջողվել հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քանի որ վերջինս երկրում չէ: Նրանք դիմում են գրել ռեկտորին՝ ներկայացնելով Գրիգորյանի անպատասխանատու վերաբերմունքի մանրամասները:

 

 

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տարկետման իրավունքը վերացնելու հարցը: Կրթության եւ գիտության նախարարության կողմից առաջարկվելու է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում` սահմանելով, որ պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում կտրվի միայն ՀՀ կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով:
Ինչո՞վ է պայմանավորված գործող կարգը փոփոխելու անհրաժեշտությունը: Պարզվում է` հայրենի կառավարությունը դա անում է արտագաղթի դեմ պայքարի շրջանակներում: «Վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշիռ մասը արական սեռի քաղաքացիներ են: Երեւույթի շարժառիթը հիմնականում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունն է, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթը, ինչպես նաեւ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»,-ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Իրականում, սակայն, ակնհայտ է, որ այս փոփոխության առաջնային շարժառիթը ՀՀ զինված ուժերը համապատասխան թվով զինակոչիկներով համալրելու անհրաժեշտությունն է, որը հատկապես սրվել է վերջին տարիներին` կապված արտագաղթի աղետալի տեմպերի եւ ծնելիության անկման հետ: Եվ որքան էլ խուսափենք այս հարցում ճշմարտությունը բարձրաձայնելուց` մեր թշնամիների ջրաղացին ջուր չլցնելու` իշխանությունների սիրելի պատճառաբանությամբ, այդուհանդերձ, վիճակն արդեն այնպիսին է, որ դրա մասին չխոսելու տարբերակ այլեւս չկա: Այն աստիճան, որ այդ մասին նշված է նաեւ նախագծում. «Զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը»:
Եթե արդեն երկրի «գիտելիքահեն տնտեսության» տեսլական ունեցող կառավարությունն է փորձում լրացուցիչ սահմանափակումների ներմուծմամբ խոչընդոտել երիտասարդների` արտերկրում անարգել գիտելիքներ ձեռք բերելու, ապա միայն բանակում ծառայելու հնարավորությունը, ապա վիճակը շատ ավելի տխուր է, քան պատկերացնում ենք:
Ընդ որում, նկատենք, որ ՀՀ զինված ուժերի համալրման խնդիրն այլեւս պայմանավորված չէ 90-ականներին զինվորական ծառայությունից խուսափողների թվով: Նրանք արդեն անցել են սահմանված տարիքային շեմը, եւ ներկայիս «դեֆիցիտը» պայմանավորված է բացառապես ՀՀ բնակչության աննախադեպ նվազմամբ:




Լրահոս