ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Վերջին երեք տարիներին ՀՀ տնտեսությունում գրանցվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի նվազում: ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը որպես դրա առաջնային պատճառ նշում է ՀՀ անկատար արդարադատության համակարգը: Ըստ նրա` ցանկացած ներդրող, ելնելով իր ներդրումների անվտանգության ապահովումից, առաջին հերթին ուշադրություն է դարձնում տվյալ երկրի արդարադատության համակարգին: Եվ ներդրումների նվազումը պայմանավորված է նաեւ ՀՀ արդարադատության համակարգի նկատմամբ ունեցած վստահության բացակայությամբ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2009թ. ՀՀ տնտեսությունում ընդհանուր ներդրվել է 935 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները կազմել են 732 մլն դոլար, 2010թ.` 702 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 482 մլն դոլար, 2011թ.` 816 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 631 մլն դոլար, 2012թ.` 751 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 567 մլն դոլար, իսկ 2013թ. հունվար-հունիսին` 293 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 118 մլն դոլար:
Օտարերկրյա ներդրումները նվազել են անգամ Ռուսաստանի Դաշնությունից` շուրջ 28,7%-ով: ՀՀ ԱՎԾ «Օտարերկրյա ներդրումները 2013թ. հունվար-մարտին» հրապարակման համաձայն` հաշվետու ժամանակահատվածում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 11,9%-ով` կազմելով 131 մլն դոլար, ուղղակի ներդրումներինը` 35,4%-ով` կազմելով մոտ 57,7 մլն դոլար: Նվազում արձանագրվել էր նաեւ 2012թ. առաջին եռամսյակում (13,9%-ով, որից ուղղակի ներդրումները` 4,6%-ով):
Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2013թ. 6 ամիսների ընթացքում կազմել է 293 մլն դոլար` 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 34,7 տոկոսով:
Նշենք, որ 2012-ին օտարերկրյա ներդրումները հիմնականում ուղղվել են հեռահաղորդակցության (282.7 մլն դոլար), հանքարդյունաբերության (201.4 մլն դոլար) եւ անշարժ գույքի հետ կապված (56.1 մլն դոլար) ոլորտներին:
Ընդ որում, 2012-ին մեր տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի շուրջ 14%-ը, որը կազմել է 106,7 մլն ԱՄՆ դոլար, ուղղվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտին: 2011-ի համեմատ այս ոլորտում իրականացված օտարերկրյա ներդրումներն աճել են շուրջ 2 անգամ:
Ի դեպ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնը ՀԱՀ-ի բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի հետ համատեղ իրականացրել է ուսումնասիրություն, համաձայն որի՝ 2004-2010թթ. հանքարդյունաբերությունը Հայաստանում նպաստել է տնտեսական աճին` միաժամանակ հանգեցնելով եկամուտների անհավասար բաշխման եւ աղքատության:
Այդքանով հանդերձ` հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման բնագավառում նախորդ տարի կատարվել է ընդամենը 2,3 մլն դոլարի ներդրում, ինչն ավելի քան 11 անգամ պակաս է 2012-ի ցուցանիշից:
ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ տնտեսությունում կատարվող օտարերկրյա ներդրումներին, նախ նկատեց, որ ներքին եւ արտաքին ներդրումներն ապահովում են երկրի զարգացումը. «Դա կարեւորագույն չափանիշն է: Դրանով կարելի է տնտեսության զարգացվածության ջերմաստիճանը որոշել: Եթե ներդրումներ կան, ապա տնտեսությունն առողջ է, իսկ եթե չկան, հիվանդ է եւ ունի խնդիրներ»:
Տնտեսագետը մտահոգված է ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումների անկմամբ: Նրա խոսքով` հիմնական ներդրումները եկել են օֆշորային գոտիներից` Կիպրոսից եւ Ֆինլանդիայից. «Դրանք տեղացի գործարարներն են, որոնք ժամանակին իրենց գումարները դուրս են հանել եւ հիմա բերում են այստեղ, ներդրում են ցույց տալիս, որպեսզի դրանով իրենց, այսպես ասած, կապիտալի ճակատագիրը մաքրեն: Իսկ իրականում Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր չէ: Դա կապված է երկրում վարվող վատ տնտեսական քաղաքականության հետ. նկատի ունեմ հատկապես կոռուպցիան, դատական համակարգը եւ սեփականության նկատմամբ ոտնձգությունները: Եվ բնագավառներ կան, որտեղ Հայաստանը բոլոր միջազգային ցուցանիշներով վերջին տեղն է գրավում»:
Ըստ մեր զրուցակցի` ցանկացած ներդրող նախ եւ առաջ մտածում է իր ներդրումների անվտանգության ապահովման մասին, որպեսզի խնդիրների ծագման դեպքում դրանք լուծելու հնարավորություն ունենա: Իսկ որտե՞ղ են լուծվում խնդիրները` դատարաններում: Հետեւաբար, անկախ դատական համակարգի բացակայությունն ուղղակիորեն խոչընդոտում է ներդրումների աճը: «Չհաշված մեր կառավարության անկանխատեսելի քաղաքականությունը. օրինակ` նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի որոշումը Մաքսային միություն մտնելու շուրջ: Դա էլ բարենպաստ չէ ներդրումների համար: Կարծում եմ, որ 2014-ին էլ նույն կերպ կշարունակվի»,-կանխատեսեց տնտեսագետը:

 

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ

2013թ. Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից սպասարկվել է արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման վերաբերյալ 502 ահազանգ, որոնցից 265-ը՝ տեխնածին, 52-ը՝ տարերային, 185-ը՝ սոցիալ-կենցաղային եւ այլ բնույթի: Լոռու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) ներկայացրած տվյալներով` արտակարգ դեպքերի ու պատահարների հետեւանքով զոհվել է 43, վիրավորվել` 277 մարդ: Նյութական վնասի չափը կազմել է 261.570.549 դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2012թ. ընթացքում ՄՓՎ հաղորդագրություններ են ստացվել մարզում գրանցված 811 արտակարգ դեպքերի եւ պատահարների վերաբերյալ, որոնցից 471-ը՝ տեխնածին, 48-ը՝ տարերային, 292-ը՝ սոցիալ-կենցաղային եւ այլ բնույթի: Զոհվել է 34, վիրավորվել՝ 338 մարդ: Նյութական վնասը կազմել է 745.775.557 դրամ:
2012թ. համեմատ ընդհանուր դեպքերը նվազել են 309-ով, ընդ որում, 206-ով՝ տեխնածին, 107-ով՝ սոցիալ-կենցաղային: 4-ով աճել են տարերային բնույթի դեպքերը: Զոհվածների թիվն աճել է 9-ով, իսկ վիրավորներինը նվազել՝ 61-ով: 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ 484.205.008 դրամով նվազել է արտակարգ դեպքերի հետեւանքով առաջացած նյութական վնասի չափը: 2013թ. ընթացքում մարզում գրանցվել են տեխնածին բնույթի 265 արտակարգ դեպքեր ու պատահարներ, 2012-ի համեմատ դրանք նվազել են 206-ով: Հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 27 (2012-ի համեմատ զոհվածների թիվն ավելացել է 14-ով), վիրավորվել` 91 մարդ (ավելացել է 41-ով):
Ըստ Լոռու ՄՓՎ տվյալների` 2013թ. ընթացքում մարզում նվազել է հրդեհների թիվը: Եթե 2012-ին գրանցվել է 417 հրդեհ, ապա 2013-ին` 189` 32.198.740 դրամ նյութական վնասով: Չնայած 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհները նվազել են 228-ով, փոխարենը 2013-ին նյութական վնասն աճել է 13.408.492 դրամով: 2013թ. ընթացքում հրդեհներից զոհվել է 1 եւ վիրավորվել 4 մարդ, 2012թ. նույն ժամանակահատվածում հրդեհներից զոհ չի եղել, վիրավորվել է 3 մարդ:
Ինչ վերաբերում է ճանապարհային վթարներին, ապա 2013-ին գրանցվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար, որոնց արդյունքում զոհվել է 24, վիրավորվել՝ 83 մարդ: 2012թ. գրանցվել էր 36 պատահար, որոնց հետեւանքով զոհվել էր 13, վիրավորվել՝ 46 մարդ:
Այսպիսով` ամփոփելով կարող ենք ասել, որ 2013 թվականը, համեմատած 2012-ի, առանձնապես բարենպաստ տարի չի եղել արտակարգ իրավիճակների, վթարների, տարբեր դեպքերի եւ պատահարների հաճախակիության եւ հասցված մարդկային ու նյութական վնասի առումով:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ

Լոռի

 

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ԴՐՈՇԱԿԱԿԻՐԸ ՍԵՐԳԵՅՆ Է

Երեկ ներկայացրել էինք այն չորս մարզիկ-մարզուհիների անունները, որոնք մեր երկրի պատիվն են պաշտպանելու փետրվարի 7-23-ը Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերում։ Իսկ այսօր ներկայացնում ենք որոշ մանրամասներ, որոնք մեզ է տրամադրել ՀԱՕԿ լրատվական ծառայությունը։
Նախ տեղեկացանք, որ ՀԱՕԿ-ն արդեն ՄՕԿ է ուղարկել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների եւ մարզիչների պաշտոնական անվանացանկը: Եվ այսպես, աշոցքցի Սերգեյ Միքայելյանը հանդես կգա չորս մրցաձեւում՝ սկիաթլոն (15 կմ դասական ոճ+15 կմ չմշկաոճ), արագավազք, 15 կմ դասական ոճ եւ 50 կմ ազատ ոճ: Սերգեյը 22 տարեկան է, մարզվում է հոր` վաստակավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ: Նրա սաներից Սոչիի մրցուղի կելնի նաեւ մեկ այլ աշոցքցի` 24-ամյա Արթուր Եղոյանը: Նա կմրցի սկիաթլոնում, արագավազքում եւ 15 կմ դասական ոճում:
Դահուկավազքում իր ունակությունները կդրսեւորի նաեւ գյումրեցի Կատյա Գալստյանը, որը ելույթ կունենա 10 կմ (դասական ոճ) մրցուղում: Կատյան 21 տարեկան է, պարապում է վաստակավոր մարզիչ Սլավա Սարգսյանի ղեկավարությամբ: Լեռնադահուկորդների պայքարին կմասնակցի նաեւ Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը: Նա բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նովաթո քաղաքում, Սոչիում հանդես կգա հատուկ եւ հսկա ոլորավայրէջք մրցաձեւերում: Նրան մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանը:
Մեր օլիմպիականներն այժմ գտնվում են հայրենիքում: Դահուկավազորդները պարապում են Աշոցքում եւ Գյումրիում, իսկ լեռնադահուկորդը` Ծաղկաձորում: Նրանք Սոչի կմեկնեն հունվարի 30-ին: Մեր պատվիրակության դրոշակակիրը Սերգեյ Միքայելյանն է:

 

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՆ Է

Իսկ ահա Սոչիի օլիմպիադային մասնակցող Ադրբեջանի թիմում միայն օտարերկրացիներ են՝ լեռնադահուկորդներ ավստրիացի Պատրիկ Բարխները եւ շվեյցարացի Սեդրի Նոթցը, իտալուհի Հայա Բասանի Անտիվարին եւ ազգությամբ ռուս գեղասահորդներ Ալեքսեյ Սիտնիկով-Յուլյա Զլոբինա զույգը:
Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները նշում են, որ իրենց համար կարեւորն օլիմպիադային մասնակցությունն է: Ադրբեջանը ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել է 1998թ.: Այդ երկրի հավաքականում այն ժամանակ ընդգրկվել էին ռուս մարզիկներ։ Ու թեեւ այդ ժամանակվանից Ադրբեջանի համար ձմեռային օլիմպիադային մասնակցությունն ավանդույթ է դարձել, այդ երկիրը սպորտային ստուգատեսին ներկայացնողներն ադրբեջանցիներ չեն: Սոչիի օլիմպիադայում ադրբեջանական պատվիրակության նախագահ Քենուլ Նուրուլաեւան խոստովանել է, որ Ադրբեջանը ներկայացնող մարզիկները մեդալներին հավակնելու համար բավարար ուժեղ չեն: Նա ասել է, թե որն է իրենց նպատակը. «Աշխարհում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը բազմամիլիոնանոց լսարան ունի, եւ եթե Ադրբեջանի անունը բացման արարողության ընթացքում հիշատակվի թեկուզ երեք անգամ, դա արդեն մեծ բան կլինի մեզ համար»:

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս