ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կիեւի Գրուշչեւսկու փողոցում

Կիեւում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը, որը Եվրոմայդանի ակտիվ մասնակից էր: Նիգոյանը մեկ հրազենային վնասվածք է ստացել վզին, իսկ մյուսը՝ գլխին: Նշենք, որ զոհվածն ընդամենը 20 տարեկան էր: Հարկ է ավելացնել, որ հունվարի 22-ից Ուկրաինայում ուժի մեջ են մտել օրենքները, որոնք պատասխանատվություն են ենթադրում չարտոնված ակցիաներ անցկացնելու համար:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, թե ալիմենտը ժամանակին չվճարելն ինչպիսի պատասխանատվություն կարող է առաջացնել: Հնարավո՞ր է՝ տույժ նշանակվի:
Հովհաննես Ղազարյան
(30 տարեկան, առաքիչ-մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. 1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով:
2. Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձն ալիմենտ ստացողին ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարում չվճարված ալիմենտի գումարի 0,05 տոկոսի չափով: Ալիմենտ ստացողը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր եւ ալիմենտը ժամանակին չվճարելու համար մեղավոր անձից բռնագանձելու պահանջ ներկայացնել նաեւ ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասների այն մասով, որ չեն ծածկվում տուգանքով:
«Լեգալ էքսպերտ»
իրավաբանական խորհրդատվական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, ցավալի է, որ իրենց զավակներին ծնողական (հիմնականում հայրական) հոգածությունից զրկելուց զատ՝ անպատասխանատու ծնողները զլանում են անգամ վճարել այն չնչին գումարը, որը նախատեսված է որպես ալիմենտ:

 

 

ՀԱՐՑ. Հարեւանս մեծահասակ է, եւ նրա բնակարանը մի կնոջ կողմից գրավադրվել է բիզնես հիփոթեքի համար: Այժմ տունը հարկադիրի իրավասության տակ է, եւ այդ կինը սնանկ է ճանաչվել: Ի՞նչ է լինելու այդ բնակարանի հարցը: Եվ կցանկանայի իմանալ, թե արդյոք ժառանգները կարող են բողոքարկել պայմանագիրը եւ պահանջել իրենց բաժինը: Նշեմ, որ նրանք մինչ այդ պայմանագրին ծանոթ չեն եղել:
Ալիս Նիկողոսյան
(58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գրավի դեպքում պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա, կարող է բռնագանձում տարածվել: Այսինքն, եթե գրավով ապահովված պարտավորությունը չի կատարվում, ապա այն կարող է կատարվել գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելով: Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Այսինքն՝ գրավ դրված գույքի իրացման դեպքում այդ գույքի արժեքից հանվում են այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը, ինչպես նաեւ այն գումարը, որն անհրաժեշտ է գրավով ապահովված պահանջները բավարարելու համար, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Ժառանգությունը վերաբերում է մահացածի գույքին, իսկ տվյալ դեպքում տան սեփականատերը ողջ է:
Ֆինանսական համակարգի
հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր օրերում կարծես մեծ տարածում է գտել խաբեությամբ զբաղվելու այս մեթոդը: Որպես կանոն՝ ընտրում են մեծահասակ եւ օրենսդրական դաշտին անծանոթ քաղաքացիների, որոնք էլ իրենց չիմացության արդյունքում ընկնում են խաբեբաների ծուղակը:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե քաղաքացիական ծառայողի 63 տարին լրացել է, եւ ունի 25 տարվա ապահովագրական ստաժ, ապա նա կարո՞ղ է տարիքային կենսաթոշակի իրավունք ստանալ եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել:

Գրիշա Մխիթարյան (64 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ 63 տարին լրանալու եւ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողը տարիքային կենսաթոշակի իրավունք ունի: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նա կարող է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել մինչեւ 65 տարին լրանալը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում Գ. Մխիթարյանը, մինչ 65 տարին լրանալը կարող է դիմել համապատասխան մարմիններին քաղաքացիական ծառայության որեւէ պաշտոն զբաղեցնելու համար: Եվ չնայած «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքը կարգավորում է ՀՀ-ում քաղաքացիական ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքները, նրանց վարձատրության, պարգեւատրման եւ դրամական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բայց եւ այնպես հազվադեպ է պատահում, երբ որեւէ քաղծառայող դրամական օգնություն է ստանում կամ պարգեւատրվում է:




Լրահոս