Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Տող գյուղում տեղակայված «հավատք և ժառանգություն» խորագիրը կրող ճամբար, որը կազմակերպվել է «Երկիր և մշակույթ» ու «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունների կողմից՝ վարչապետի հովանու ներքո:
Ողջունելով ճամբարի շուրջ 35 մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը պատմամշակութային հուշարձանների պահպանության համատեքստում: Նա շեշտադրել է թե՛ հասարակության տարբեր խավերի, թե՛ տեղի բնակիչների մասնակցության անհրաժեշտությունը հուշարձանների ճանաչման և պահպանության գործում: Կառավարության ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույնս աջակցել պատմամշակութային հուշարձանների նկատմամբ սրտացավ վերաբերմունք ձևավորող նախաձեռնություններին՝ կոչ անելով երիտասարդներին ամեն օր սեփական վարքով օրինակ ծառայել մնացածի համար:
Պատասխանելով սահմանին տիրող իրադրության վերաբերյալ մասնակիցներից մեկի հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է՝ «մեր այսօրվա առաքելությունը կայանում է և՛ սահման պահելու, և՛ հուշարձան մաքրելու մեջ: Այո՛, մենք պետք է հուշարձանը մաքրենք՝ զուգահեռ զենքը ձեռքերիս սահման պահենք: Րոպեներ առաջ ես գտնվում էի դիրքերում, որտեղ երիտասարդներն իրենց ծնողների հետ միասին մեր անվտանգությունն են պահպանում»:
Խարույկի շուրջ տեղի ունեցած զրույցի ժամանակ քննարկվել են տնտեսությանը, մշակույթին ու զբոսաշրջությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին