ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՇՆԱՄԻՆ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐԵԼ Է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը մեծ արձագանք է գտել Արցախյան ազատամարտի մասնակիցների մոտ: Նախորդ շաբաթ Մարտակերտի եւ Հադրութի շրջանների ազատամարտիկներն են մեկնել առաջին գիծ` զինվորների հետ մարտական հերթապահության համար: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմել է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի թույլտվություն ստանա` Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելու եւ զինվորներին քաջալերելու: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նմանատիպ հարցով դիմել են մի շարք այլ ազատամարտիկներ ու հրամանատարներ եւս, անգամ նրանք, ովքեր քաղաքական վերջին իրադարձությունների պատճառով սառեցրել էին հարաբերություններն իշխանությունների հետ: Նախկին ջոկատների հրամանատարները պատրաստակամություն են հայտնել անգամ մի քանի ամիս զինվորների հետ հավասար գիշերել դիրքերում:

 
Չնայած ՀՀ իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից սրընթաց սլանում են Եվրասիական տնտեսական միություն, սակայն այս ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները ԵՏՄ անդամ երկրների հետ: Այս մասին է փաստում պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ ԵՏՄ անդամ երեք երկրների` ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ առեւտրաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ նվազել են 14.9 տոկոսով: ՌԴ-ի հետ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 596 մլն դոլար, որը 0.5 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից, Բելառուսի հետ առեւտրաշրջանառությունը նվազել է ավելի մեծ տեմպերով` 32.8 տոկոսով: Միայն որոշակի աճ կա Ղազախստանի հետ առեւտրաշրջանառության մեջ` 17.4 տոկոս: Սակայն դա չի կոմպենսացնում գրանցված ընդհանուր անկումը: Նշենք, որ ԱՊՀ երկրների հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը նվազել է ընդհանուրը 4.4 տոկոսով:

 
ՀՀ ԱԱԾ-ի վարույթ տեղափոխված Արթուր Սաֆարյանի (Թեւոսիկի եղբոր) սպանության գործն ուշագրավ ընթացք ունի: Լուրեր տարածվեցին, թե շուրջ 2,5 ամիս ՀՀ ոստիկանության կողմից քննված գործով կասկածվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը՝ Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան: Ըստ այդմ, Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազորը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի` Մոսոյի լուսանկարը եւ ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում: Եվ ըստ այդ լուրերի՝ Իսոն նախկին օպերլիազորից իմանալով, որ ոստիկանները ճիշտ «հետքի վրա են դուրս եկել», սպանել է Մոսոյին` դին նետելով կոյուղու դիտահորը: Այս տեղեկությունը, սակայն, երեկ չկարողացանք ճշտել եւ այդպես էլ անհասկանալի մնաց՝ արդյոք ոստիկանությունից գործը ԱԱԾ փոխանցվեց հենց այս կասկածներով, թե՞ զուգադիպություն էր բացահայտումը:

 
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ուժեղ քամուց տուժած բնակիչները շարունակում են դժգոհել ՀՀ կառավարությունից, Գեղարքունիքի մարզպետարանից եւ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանից: Բանն այն է, որ բարձրացված մեծ աղմուկի ֆոնին Վարդենիս գնացին տարբեր տրամաչափի չինովնիկներ, խոստումներով «կերակրեցին» մարդկանց, գործադիրն էլ որոշեց 20 մլն դրամի չափով փոխհատուցում տալ տուժածներին, սակայն օգնությունն իրականում եղավ սիմվոլիկ, «կիսատ-պռատ,» եւ արդյունքում՝ շուրջ մեկուկես ամիս է՝ շատ մարդիկ ապրում են «բաց երկնքի տակ»: Հատկապես նրանք, ովքեր հրաժարվեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղարկած «շիֆերներից»՝ սպասելով կառավարության ուղարկելիք թիթեղներին, խաբվեցին: Վարդենիսի բնակիչ Արտակ Մանուկյանը վրդովված պատմեց, որ նախորդ շաբաթ փորձել է մոտենալ Գեղարքունիքի մարզ այցելած ՀՀ վարչապետին, սակայն թույլ չեն տվել՝ խորհուրդ տալով նամակ գրել: Նամակ է ուղարկել Աբրահամյանի անունով, բայց այն մակագրվել է Գեղարքունիքի մարզպետին ու մնացել անպատասխան:

 
ՀԵՐՔԵԼՈՎ ՉԻ

«Ռոսիյսկայա գազետա»-ն երեկ գրել էր, որ «Եվրասիական տնտեսական միությունը սկսում է աշխատանքները միասնական ֆինանսական շուկա եւ միասնական վճարման համակարգ ստեղծելու շուրջ, որոնց կհետեւի արդեն միասնական արժույթի ստեղծումը»: ՌԴ կառավարության պաշտոնական տեսակետը ներկայացնող այս պարբերականի փոխանցմամբ` միասնական վճարման համակարգի, ապաեւ` միասնական արժույթի ստեղծումն է՛լ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնում` հաշվի առնելով Ռուսաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ ԱՄՆ եւ ԵՄ երկրների սահմանած պատժամիջոցները, որոնց թիրախում էին հայտնվել նաեւ ռուսական խոշորագույն բանկերը: Այս նպատակով նախատեսվում է մշակել միասնական ֆինանսական չափորոշիչներ եւ կանոններ՝ Միության անդամ բոլոր պետությունների համար, իսկ Եվրասիական զարգացման բանկի հիման վրա էլ ստեղծել միասնական Հաշվարկային պալատ:
Իհարկե, պատժամիջոցների սահմանումն ընդամենը լրացուցիչ փաստարկ է` է՛լ ավելի արագ իրականացնելու պուտինյան այս նախագիծը: Սակայն անգամ եթե այն չլիներ, ԵՏՄ-ի ստեղծումից հետո հաջորդ քայլն անխուսափելիորեն լինելու էր հենց միասնական արժույթի ստեղծումը: Ուշագրավ է, որ նույն հրապարակման մեջ այս մասին փաստում են նաեւ ՌԴ նախագահին կից տնտեսական ակադեմիայի փորձագետները: Ասել է թե` անցումը ռուբլուն կամ տենգեին ( ղազախական արժույթ) ի սկզբանե ոչ միայն սպասելի էր, այլեւ ծրագրված:
Մինչդեռ, ինչպես հիշում ենք, ՀՀ իշխանական վերնախավը` սկսած ֆինանսների նախկին նախարարներ Վաչե Գաբրիելյանից եւ Դավիթ Սարգսյանից, ավարտած ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահով եւ պատգամավորներով, այս հարցում եւս հանդես էր գալիս ինքնամոռաց հերքումներով: Ավելին՝ Վաչե Գաբրիելյանը, ով, ի դեպ, ներկայում էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականն է, ընդամենը մի քանի ամիս առաջ` անցած նոյեմբերի 18-ին, հայտարարեց. «Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի` ռուբլու գոտի մտնելու մասին ենթադրություններն ուղղակի անհեթեթ են»:
Անկեղծ ասած` դժվար է միանշանակ ասել, թե ինչպես կանդրադառնա միասնական արժութային համակարգ մտնելը Հայաստանի տնտեսության վրա: (Եթե, իհարկե, ի վերջո անդամակցենք ԵՏՄ-ին): Չի բացառվում, որ անգամ դրական անդրադառնա: Թեեւ մի երկրում, որի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր մի հայտարարություն են անում, իսկ վաղը` առանց կարմրելու համոզում տրամագծորեն հակառակի մեջ, անգամ ամենադրական գործընթացներն, ի վերջո, բացասական արդյունք կտան:
Հ.Գ. Իսկ թե ԵՏՄ-ին անդամակցելուց եւ ռուբլու գոտի մտնելուց հետո ինչ է լինելու տխրահռչակ կուտակային համակարգի հետ, վստահաբար չգիտի ոչ ոք: Հավանաբար ՀՀ կառավարությունում բոլորը թաքուն հույս են փայփայում, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի կայանա:

 




Լրահոս