«Առավոտ» թերթը գրում է. ««Չնայած Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բավականին «խաղաղասեր» հայտարարություններին՝ պարզ է, որ այս կամ այն ինտենսիվությամբ հարևանների սադրանքները Հայաստանի և Արցախի սահմաններին շարունակվելու են: Եթե Ալիևը նույնիսկ երդվեր, որ իրենց կողմից դիվերսիաներ, կամ գնդակոծություններ չեն լինի, միևնույն է՝ դրան ոչ ոք չէր հավատա: Մանավանդ, որ խաղաղության և փոխզիջումների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները բավականին յուրահատուկ են:
Հետևաբար պետք է ամեն րոպե պատրաստ լինել օգոստոսի սկզբի թեժ մարտերի կրկնությանը: Դա չի նշանակում, որ բոլոր մնացած հարցերի մասին պետք է մոռանալ: Գիտեմ, որ հայերից շատերին այդ օրինակը դուր չի գալիս, բայց չեմ կարող չհիշեցնել, որ Իսրայելը նման վիճակում ապրում է տասնամյակներ, սակայն դա չի խանգարում, որ այդ երկրում գոյություն ունենան որոշակի ժողովրդավարական ինստիտուտներ (ինձ թվում է, դրանք ավելի կայացած են, քան Հայաստանում), զարգանան տնտեսությունը, գիտությունը, մշակույթը, տուրիզմը:
Ըստ այդմ՝ երբ մեր ընդդիմադիրները փորձեն մարդկանց փողոց դուրս բերել այս կամ այն օրակարգով, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ դրա ժամանակը չի, պատերազմի սպառնալիք կա: Այդ տրամաբանությամբ «դրա ժամանակը» կարող է չգալ մոտակա տասնամյակների ընթացքում:
Բայց, իհարկե, չավարտված պատերազմը պետք է միշտ մտքում ունենալ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։