ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչական հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացրել է որոշում «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանին (Մանախ) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր չներկայացնելու վերաբերյալ:
Այս որոշման դեմ դատապարտյալի պաշտպան Հայկ Ալումյանը հուլիսի 26-ին բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին:
Իսկ օգոստոսի 8-ին Արթուր Այվազյանը դիմում է ներկայացրել դատարանին, որպեսզի ապահովվի իր մասնակցությունը դատական նիստին, քանի որ, ինչպես Armlur.am-ին հայտնեցին դատապարտյալի հարազատները, Այվազյանը ցանկանում է անձամբ մասնակցել իր օրինական շահերի պաշտպանությանը:
Այսօր` ժամը 09:30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար դատական քննությունը, սակայն նիստին ներկա չէին ոչ դատապարտյալը, ով գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ոչ էլ պաշտպանը:
Պատճառը, Այվազյանի հարազատների փոխանցմամբ, դատարանի կայացրած անօրինական որոշումն էր, որի համաձայն` դատապարտյալը չէր ներկայանալու դատական նիստին:
«Այն ժամանակ ասում էին` Արթիկում է, հեռու է, դժվար կլինի Երևան հասնելը, հիմա էլ հո Երևանում է: Համոզված ենք, որ սա Բաղրամյան 26-ից ցուցումն է, քանի որ նախագահականում գիտեն, որ Արթուրը սկանդալային և լուրջ հայտարարություններ ունի անելու: Իսկ հայտարարությունները կվնասեն հենց նրանց: Հիմա եթե հարցնենք` ինչու՞ չեն ապահովել Արթուրի ներկայությունը, կասեն դիմում չենք ստացել»,- վրդովված ասացին Մանախի հարազատները`վստահեցնելով, որ դիմումը հենց նույն օրը ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության միջոցով հասել է դատարան:
Ի դեպ, հավելենք, որ datalex դատական տեղեկատվական համակարգում ևս նշված չէր կայանալիք դատական նիստի մասին, ինչը խոչընդոտում է լրատվամիջոցներին տեղեկանալու կայանալիք նիստի մասին:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 22-ին` ժամը 17-ին, և հարազատների փոխանցմամբ, եթե այս անգամ էլ դատարանը թույլ չտա Մանախին ներկայանալու դատական նիստին, նա հացադուլ է հայտարարելու:
Դատապարտյալ Արթուր Այվազյանի հարազատները համոզմունք հայտնեցին, որ իրենց տեղեկություններ են հասել, թե Կենտրոնի դատարանի նախագահ Ռ. Վարդազարյանը ճշտումներ է արել Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունից` իմանալու համար Ա. Այվազյանը պե՞տք է ներկայանա նիստին, թե ոչ, և ցուցում է ստացել, որ ամեն կերպ խոչընդոտեն նրա մասնակցությանը: Իսկ Վարդազարյանն էլ ասել է, թե «կփորձենք ինչքան հնարավոր է»: