Ի խորոց սրտի. օգոստոսի 13-ին է ծնվել Ազատ Գասպարյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1943 թվականին այս օրն է ծնվել կինոյի և թատրոնի հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

Ազատ Գասպարյանը ժողովրդական արտիստ էր ու իր կեցվածքով ու նկարագրով հավատարիմ էր այդ կոչմանը: Եթե ժողովրդական, ուրեմն` ժողովրդի մեջ ու ժողովրդի հետ: Խառն ու խրթին մեր ժամանակներում բարոյական  սկզբունքներն անձնական շահին զոհաբերող մարդկային տեսակին երբեք մոտ չգնաց ու իրեն էլ մոտ չթողեց: Ապրեց` ամենուր արվեստ փնտրելով: Եթե չէր գտնում, իր արվեստն էր ներարկում խոպան հոգիներում, որ բոլոն զգան արվեստի համն ու հոտը, արվեստի ուժն ու զորությունը, արվեստի արժեքը:

ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը մի առիթով նրա մասին ասել է. «Կան մարդիկ, որոնք աշխատասիրությամբ, մեծ ջանքերի գնով են հասնում դերասանի մասնագիտությանը: Ազատը ծնված դերասան էր, տեսակ, որն իր եզակիությամբ էր աչքի ընկնում: Նրան պետք չէր ասել` այսպես խաղա: Դերն անց էր կացնում իր միջով, ներվ ու կյանք դնում մեջն ու մատուցում իր ձևով: Միասին խաղացել ենք «Ճերմակ անուրջներում». հետաքրքիր մեկնաբանություն էր քահանայի դերը: Չէր խաղում, ինքն էր` իր բնավորությամբ, տեսակով, խառնվածքով: Անմիջական, ճշմարիտ, բնական ու համոզիչ էր խաղում: Բարի ու անչար էր անսահման:

Ես կարծում էի` Ազատը 100 տարի կապրի. այնքան կյանք և ուրախություն էր հորդում նրանից»:

Հայկական կինոյի դասական էկրանավորումներում Ազատ Գասպարյանի խաղացած դերերը տարբեր են, բայց կրում են նրա խառնվածքի, երիտասարդական ավյունի, ներքին կրակի դրոշմը: Նրա կերպավորած քահանան ուրիշ է` տարբեր հայ կրոնավորի ծանր ու ազդեցիկ կերպարից: Ուրիշ կերպ է մատուցում նաև սովետական միլիցիոներին: Տեսակի ամբողջ խտությամբ են ներկայանում նրա մարմնավորած կուսակցական ակտիվիստն ու ստալինյան հավատաքննիչը:

Ազատ Գասպարյանը մահացել է 2013 թվականի օգոստոսի 2-ին Երևանում:




Լրահոս