Դեսպաններից մեկը վաստակում է, մյուսը՝ վատնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում  է ներկայացնել օտար երկրներում ՀՀ դեսպանների ունեցվածքը: Այսօր կներկայացնենք Կանադայում, Իրանում և Ռումինիայում ՀՀ դեսպանների կարողությունները:

Սկսենք Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանից: Ինչպես շատերը, նա նույնպես, բացի դրամական միջոցներից և տարեկան եկամուտից, ուրիշ ոչինչ չի հայտարարագրել: Ըստ 2013թ. տարեկան եկամուտի՝ Եգանյանն ունի 20 հազար դոլար և 18 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում նա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը՝ 47,817 դոլար:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը ևս միայն դրամական միջոց և եկամուտ է նշել: Պետք է նկատել, որ դեսպանի կարողությունը 2013թ. ընթացքում աճել է: Այսպես, տարվա սկզբում նա ուներ 27 հազար դոլար, որը տարվա վերջում դարձել էր 50,000 դոլար: Մեկ տարվա ընթացքում Առաքելյանի եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը՝ 31,313 դոլար:

Պարզվում է, որ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը 2013-ի վերջում իր հաշվին ոչ մի դրամ չի ունեցել: Ըստ հայտարարագրի՝ դեսպանը տարվա սկզբում ունեցել է 15 հազար դոլար, իսկ տարվա վերջում` 0: Մեկ տարվա ընթացքում Գասպարյանի եկամտի աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը՝ 31,277 դոլար, և կենսաթոշակը՝ 275 հազար դրամ:




Լրահոս