Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննությունը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Վերջինս նիստի մկենարկին հայտարարեց, որ այսօրվա նիստին նախատեսվում է ամբաստանյալների հարցաքննությունը:
Շանթ Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց առաջինը հարցաքննել Շահեն Հարությունյանին, ինչը դատարանը բավարարեց` նշելով, որ Շահենի հարցաքննությունից հետո կպահպանվի հաջորդականությունը:
«Նոյեմբերի 5-ին իմացել եմ, որ երթ է լինելու, գնացել եմ մասնակցելու: Հետո սկսվել են պայթյուններ, տեսել եմ, որ ծեծել են ոստիկանին, ես էլ եմ ծեծել: Հետո ինձ բերման են ենթարկել: Ինձ հավատացնում էին, որ հայրս ու մյուս ընկերներս մահացել են, բայց ես չէի հավատում: Հետո իրենք իրար մեջ այնպես էին խոսում, որ ես դրան հավատամ, բայց ես, միևնույն է, չէի հավատում»,- պատմեց Շահեն Հարությունյանը:
Պաշտպանի հարցին, թե նրա հոր նկատմամբ կիրառված բռնությունն էր, որ նրան ստիպեց մասնակցել ծեծին, Շահենը դրական պատասխան տվեց:
«Դրանից հետո ոստիկանը վազելով հետևիցս ընկավ, սկսեցին ինձ ծեծել: Մտել եմ բաժանմունք հորս ու մի քանի հոգու ևս տեսա»,- շարունակեց ամբաստանյալ Շահեն Հարությունյանը:
Ապա հարց հնչեցրեց Շանթ Հարությունյանը, թե հիշում է՝ Ազատության հրապարակում ինչից էին խոսում. «Չե՞ս հիշում, որ ես ասում էի` ավելի լավ ա մարդ մեռնի, քան թե սենց ապրի, չե՞ս հիշում: Համաձա՞յն ես իրար հետ փաթաթված մեռնենք այստեղ: Հիմա ամաչու՞մ ես»,- հարցրեց Շանթ Հարությունյանը, ինչին Շահենը պատասխանեց, որ հիշում է և չի ամաչում:
Ամբաստանյալ Սևակ Մնացականյանը հարց ուղղեց Շահենին՝ ինչպե՞ս է եղել այն դրվագը, որ իրեն ասել են հոր ու մյուսների մահվան մասին: Տղան ասաց, որ ոստիկաններն ամեն կերպ փորձում էին համոզել և խոսում էին այնպես, որ իր մոտ նման կարծիք առաջանա:
Ապա հարցաքննվեց Շանթ Հարությունյանը, ով պատմեց, որ ամբաստանյալ Վարդան Վարդանյանին ճանաչում է մանուկ հասակից: Եվ Հարությունյանը պատմեց, թե ամբաստանյալներից ում հետ ինչպես է ծանոթացել:
Շանթ Հարությունյանի հարցաքննությունը շարունակվում է: