Ինչպես armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր տեղի ունեցավ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով առաջին դատական նիստը: Հայազգի գործարարը դատական լսումներին մասնակցում էր տեսազանգի միջոցով, սակայն նրա ինքնազգացողությունը լսումների ժամանակ կտրուկ վատացավ, իսկ նիստն էլ հետաձգվեց և տեղի կունենա օգոստոսի 15-ին:
Նշենք, որ դատական նիստի վերաբերյալ մանրամասներ Մոսկվայից պարբերաբար տեղեկացնում էր Հայրապետյանի վստահված անձ Արթուր Սաֆարյանը: Առաջին հերթին, նա անմարդկային որակեց այն փաստը, որ տեսազանգի ժամանակ տեսախցիկն այնպես էր դրված, որ վանդակաճաղերն անմիջապես երևում էին, և հարազատների համար, բնականաբար, ցավալի էր նրան տեսնել դրանց ետևում:
Չնայած, որ դիմող և պատասխանող կողմերի երկխոսությունը չէր սկսվել, բայց Հայրապետյանը հասցրեց հայտարարել քննիչի ապօրինությունների մասին: Մասնավորապես նա նշեց, թե քննիչը հետաքննությունը վերածել է աճուրդի և նրան ստորագրել էր տվել ինչ-որ փաստաթղթեր՝ խոստանալով, որ եթե նա դրանք ստորագրի, ազատ կարձակվի:
Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկակյանը նաև նշել է, թե հենց այս հայտարարություններից հետո է Հայրապետյանն իրեն վատ զգացել և բժիշկ կանչել: Սակայն նրա հարազատները վկայում են, որ բժշկին շատ երկար են սպասել, իսկ դատավորն էլ այդպես էլ չսպասելով՝ նիստը հետաձգել է մինչ օգոստոսի 15-ը:
Լուսանկարներում պատկերված է նրա վատանալու դրվագները: