ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ

Իշխանությունների համար սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը: Նույնիսկ ամենաբարձր օղակներում վաղուց կորել է խոսքի արժեքը: Դատե՛ք ինքներդ. Տիգրան Սարգսյանը 2013թ. իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, թե իրենք աղքատության դեմ պայքարելու են աշխատատեղեր ստեղծելով. «Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի»: Այնինչ դրանից մի քանի ամիս առաջ` փետրվարին, նույն Տ. Սարգսյանը պնդում էր. «Մենք ունեք բարձր աշխատավարձով աշխատատեղեր… բայց, ցավոք, մենք չենք կարողանում համալրել այդ աշխատատեղերը»:
Սերժ Սարգսյանն էլ 2013թ. հունվարին մի քանի անգամ հայտարարել էր. «Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»:
Իսկ թե նրանցից ով է ավելի ազնիվ, թող որոշի ընթերցողը:

 

Արդեն մի քանի օր է, ինչ մի շարք հիմնարկ-ձեռնարկություններից «Ժողովուրդ»-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ ՊԵԿ-ից հաշվապահներին զգուշացնում են վճարել կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար նախատեսված գումարները: Եթե ՀՀ ՍԴ-ն կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ, ինչո՞ւ է ՊԵԿ-ը ստիպում վճարումներ անել: «Ժողովուրդ»-ի այս հարցին կոմիտեից խորհուրդ տվեցին դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այնտեղ ողջ օրվա ընթացքում մեր հարցերին չպատասխանեցին: Այդպես էլ անհասկանալի է մնաց. եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, ո՞վ է երաշխավորում մարդկանց փոխանցված գումարների վերադարձը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ են անցել, որպեսզի հմտանան կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար նախատեսված գումարները ճիշտ գանձելու գործում: Սա նշանակում է, որ ՍԴ-ի վճիռն արդեն կայացված է, ինչպես միշտ, հօգուտ կառավարության:

 

 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, պարզվում է, բացի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ մրցակցությունից, երբեմն նաեւ զբաղվում է իր պարտականություններից բխող գործերով: Լինելով լեգենդար մարզիկ՝ նա գիտի, որ մարզվել պետք է դպրոցական տարիքից, սակայն, անհասկանալի հանգամանքներից ելնելով, որոշել է դպրոցահասակներին նախ կրակել սովորեցնել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին ՀՀ պետբյուջեից 663 հազար դրամ է հատկացրել արտադպրոցական դաստիարակության համար: Հավանաբար այս որոշման վրա իր ազդեցությունն է ունեցել նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ 6-րդ գլխ. վարչության թրաֆիքինգի վարչության նախկին պետ Նազարեթ Մնացականյանը (Քյանքյուլ), որը անհասկանալի պատճառներով դարձավ ՀՀ-ում սպորտի ոլորտի պատասխանատուներից:

 

 

 

Ամանորից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մայրաքաղաք Երեւանը դեռ շարունակում է կրել իր տոնական զարդարանքը: Ավելին, լուսավոր եղնիկների, պեգասների ու այլ փայլփլուն պատկերների առկայության հետեւանքով ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում: Սակայն այս հարցը կարծես թե չի մտահոգում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ե՞րբ է հանվելու մայրաքաղաքի տոնական զարդարանքը: Երեւանի քաղաքապետարանին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան՝ արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից տեղեկացրին, որ մայրաքաղաքի տոնական ձեւավորման պարագաների ապամոնտաժումն արդեն մի քանի օր է՝ ընթանում է: Իսկ անջատումները աստիճանաբար, փուլ առ փուլ կատարվել են: «Կամաց-կամաց մայրաքաղաքը վերադառնում է իր նախկին տեսքին: Որոշակի ձգձգումները զուտ եղանակային պայմանների հետ էին կապված: Ինչի համար էլ մի փոքր դանդաղ է այն ընթանում»,-նշված է պատասխանում:

 

 

 

 

 
ՓԱԿ ԱՉՔԵՐՈՎ

Այն, որ Մաքսային միությանն անդամակցությունը հանգեցնելու էր թանկացումների հզոր ալիքի, անկախ տնտեսագետներն ահազանգում էին դեռեւս սեպտեմբերից: Իշխանությունները, սակայն, անցած ամիսներին ամեն կերպ փորձում էին ներկայացնել բոլորովին այլ պատկեր՝ տարբեր հեքիաթներ պատմելով ռուսական հսկայական շուկայի ընձեռած հնարավորությունների, կոնյակագործության վերելքի եւ գյուղատնտեսության խթանման մասին: Դրանք շարունակվեցին ընդհուպ մինչեւ Պուտինի՝ ՀՀ կատարած այցը, դրան հետեւած համաձայնագրերի ստորագրումն ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի հաստատումը, որից հետո արդեն իշխանությունները սկսեցին կամաց-կամաց հանրությանը իրազեկել, թե ինչ է սպասվում Մաքսային միությանն անդամակցելու սկզբնական փուլում:
Երեկ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է, թե ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում որ ապրանքների դրույքաչափերը կաճեն, եւ որոնց դեպքում կլինի նվազում: Նա նշել է, որ Մաքսային օրենսգրքի ապրանքների անվանացանկը ներառում է 11553 տող ապրանք, որի 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, քան Հայաստանում: 14,5 տոկոսի դեպքում դրանք ավելի ցածր են, 17 տոկոսի դեպքում՝ նույնը, իսկ ահա մնացած 8,5 տոկոսի դեպքում ապրանքների հաշվարկն իրականացվում է այլ մեթոդներով: Ասել է թե՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում շուրջ 7 հազար ապրանքատեսակների թանկացումն անխուսափելի է:
Այս կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարը դեռեւս անցած տարեվերջին նշել էր, որ ՄՄ-ի հետ բանակցություններ են տարվում մի շարք ապրանքատեսակների մաքսազերծման դրույքաչափերն անփոփոխ թողնելու ուղղությամբ: Էկոնոմիկայի փոխնախարարը, սակայն, երեկ տեղեկացրել է, որ խոսքն ընդամենը 850 անուն ապրանքների մասին է: Այն էլ՝ դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն այդ բանակցությունները: «Թե այդ ցանկի մեջ ինչքան ապրանքատեսակ կլինի, կախված է բանակցություններից: Հիմա որեւէ մեկը, ամենայն անկեղծությամբ, չի կարող ասել, թե բանակցությունների արդյունքում մենք ինչպիսի ցուցակ կստանանք»,-խոստովանել է փոխնախարարը:
Եվ ահա այսպիսի իրավիճակում Մաքսային միությանն անդամակցելու հարցում դրսեւորած աննախադեպ շտապողականության հետ կապված՝ Պրահայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ ասել է. «Եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Ինչո՞ւ դանդաղեցնենք»:




Լրահոս