«ԻՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստահաղորդավար, դերասան Հովհաննես Ազոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթացել է կուսակցությունների ցուցակին, եւ իրեն Հայ ազգային կոնգրեսի ցուցակն է դուր գալիս:
-Երբ Դուք առաջին անգամ Մաշտոցի պուրակ գնացիք, Ձեր գործընկերներն այդ փաստը քննադատեցին` նշելով որ պուրակ գնալով չէ, որ որոշվում է, թե դու քո ժողովրդի կողքին ես: Սակայն Դուք նորից Մաշտոցի պուրակի «ապամոնտաժողների» կողքին եք, ինչպե՞ս եք վերաբերում Ձեր գործընկերների քննադատություններին:
-Ես մեծ սիրով, հոգով կմասնակցեի այս ապամոնտաժման աշխատանքներին: Բնականաբար,  տանն ավելի հեշտ  է  նստել` տաք,  հարմար, հեռուստացույցի առջեւ մեկ գավաթ թեյով` հոգով-սրտով լինել ինչ-որ մի լավ ու վտանգավոր գործի «կողքին»: Իհարկե, մարդ կա` որոշում է, որ ավելի լավ է տաք պայմաններում բողոքի ակցիաներին մասնակցի, մարդ էլ կա` այս կերպ է վարվում: Ես որոշեցի ցրտին գալ եւ կանգնել այստեղ ու մյուսների փոխարեն չեմ կարող պատասխանել, դա իմ որոշումն է:
-Բողոքի ակցիայի մասնակիցները վճռական են տրամադրված, որոշել են ապամոնտաժել պուրակում տեղադրված կրպակները, Դուք օգնելո՞ւ եք նրանց այդ գործում:
-Ես` որպես ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ, եկել եմ նրանց կողքին լինելու, բայց ժողովներ են եղել, հայտարարություններ են եղել, որոնց ես չեմ մասնակցել եւ հստակ չգիտեմ, թե ինչ են ուզում իրենք անել: Ինչքանով տեղյակ եմ, որոշել են ապամոնտաժել, բայց կարծում եմ, որ ոստիկանների հետ ընդհարվելը սխալ է: Ես կարծում եմ, որ պետք է մեկ այլ տարբերակ` այս հարցը լուծելու համար: Բայց ես նրանց առաջարկելու որեւէ տարբերակ չունեմ:
-Վերջին ժամանակներս շատ ակտիվ եք, մասնակցում եք տարբեր բողոքի ակցիաների, եղաք նաեւ ՀԱԿ-ի հանրահավաքին, հնարավո՞ր է` առաջիկայում տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավներին եւս մասնակցեք:
-Որպես քվեարկող` կմասնակցեմ: Ես որպես քվեարկող եմ մասնակցելու, իսկ քարոզարշավներին` ո՛չ:
-Իսկ կուսակցությունների ցուցակներին ծանոթացե՞լ եք, ո՞ր կուսակցության ցուցակն է Ձեզ ավելի շատ դուր եկել:
-Այո՛, ծանոթացել եմ ցուցակներին, ինձ ՀԱԿ-ի ցուցակն ավելի է դուր գալիս: Քարոզարշավը թող սկսվի, կտեսնենք, քարոզարշավի ժամանակ շատ բան պարզ կլինի:
-Երգչուհի Շուշան Պետրոսյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, որի համամասնական ցուցակով էլ ցանկանում է դառնալ պատգամավոր, ինչպե՞ս եք այդ փաստին վերաբերվում:
-Այդ հարցերից արդեն հոգնել եմ, չեմ ուզում պատասխանել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս