ԷՌՆԵԿՅԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈ՞Ւ ԵՆ, ՈՐ ՔԱՆԴԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օրերս հայտարարել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման դեմ պայքարում իրենք վճռական են. «Մենք այսօր մեր նիստի ժամանակ որոշել ենք, որ շարունակելու ենք մեր պնդումները: Մենք ՀՀ կառավարության առջեւ հարցեր էինք բարձրացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված, ու այժմ պետք է պատասխան ստանանք: Մեր աշխատանքները դրանով չեն ավարտվում»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Վ. Մանուկյանից պարզել, թե ՀԽ-ն ինչպես է պատկերացնում այդ պայքարը, եւ կոնկրետ ի՞չ քայլեր են ձեռնարկվում շենքի քանդումը թույլ չտալու համար:
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդվելու է, քանի որ ՀՀ կառավարությունն արդեն նման որոշում է կայացրել: Մինչդեռ Դուք շարունակում եք պնդել, որ պայքարելու եք դա կանխելու համար: Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի հանգուցալուծումը:
-Արտյոմ Մովսիսյանից մենք արդեն նամակ ենք ստացել: Աշտարակի հարցը դեռեւս լուծված չէ, եւ հարցը պետք է քննարկվի:
-Դուք նշել էիք, որ վճռական եք լինելու ու «մինչեւ վերջ» գնալու եք: Կմանրամասնե՞ք, թե ինչպես եք դա անելու:
-Ախր այդպիսի գաղափար չկա, մինչեւ վերջ գնալ ի՞նչ է նշանակում… հասարակությանը ներգրավելու ենք, փորձելու ենք համոզել նաեւ գործատուին՝ Էռնեկյանին, որ դա ճիշտ չէ, գտնելու ենք այլ միջոցներ, պետք է արդեն ալտերնատիվ ճանապարհներ առաջարկել: Դա սովորական աշխատանքային մի հարց է: Մինչեւ վերջ պայքարելս ո՞րն է: Համենայնդեպս, հիմա մաստեր-պլանը ընդունել է ՀՀ կառավարությունը, բայց բացառություն է արել աշտարակի համար՝ դիմելով, որպեսզի մյուս կողմն էլ ներկայացնի ալտերնատիվ նախագիծ: Իսկ երբ ներկայացվի ալտերնատիվ նախագիծը, այդ ժամանակ էլ կքննարկենք:
-Իսկ հնարավո՞ր է, որ նախաձեռնեք բողոքի ակցիաներ, ցույցեր եւ այլն:
-Հանրային խորհուրդն ուրիշ մարմին է, Հանրային խորհուրդն առաջարկում է ճանապարհներ, Հանրային խորհուրդը խորհուրդ է տալիս, թե ինչն է ճիշտ, եւ որն է սխալ, Հանրային խորհուրդը ներկայացնում է իշխանություններին հասարակության կարծիքը: Իսկ հասարակությանը ծանոթացնում է իշխանությունների արած այս կամ այն քայլին: Տարբեր կառույցներ կան՝ քաղաքացիական հասարակություն, որոնք կազմակերպում են ցույցեր եւ ուրիշ բաներ, ամեն մեկը թող զբաղվի իր գործով:
-Բայց կարծես թե Հանրային խորհրդի դիրքորոշումը ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում, քանի որ ե՛ւ այս, ե՛ւ բազմաթիվ այլ, օրինակ՝ օտարալեզու դպրոցների հարցում, Հանրային խորհրդի կարծիքը հաշվի չառնվեց:
-Օտարալեզու դպրոցների դեպքում պայքար ծավալվեց, ու արդյունք եղավ: Եթե ենթադրվում էր, որ տասնյակ դպրոցներ կբացվեն, որոնք առաջին դասարանից ուրիշ լեզվով կդասավանդեն, ապա առաջին դասարանից ուրիշ լեզվով որեւէ դպրոց չի բացվում, 7-րդ դասարանից միայն երկու դպրոցների թույլ տրվեց… այսինքն՝ հասարակությունը այդ հարցում չեկավ այն նախկին վիճակին, բայց հաղթեց: Ե՛վ մեր ասածները, ե՛ւ ցույցերը, ե՛ւ այդ ամեն ինչը, մտավորականության պայքարը բերեց որոշակի արդյունքի: Ամեն ինչ սեւ ու սպիտակ չէ: Չի նշանակում, որ ամեն ինչը ձեր ուզածով է լինում: Այսքանը:
-Իսկ Ձեզ չի՞ մտահոգում այն, որ հասարակության մեջ ՀԽ-ն ընկալվում է որպես ոչ անկախ մարմին, որը ենթարկվում է ՀՀ իշխանությունների քմահաճույքներին, իսկ այն եզակի դեպքերում էլ, երբ փորձ է անում սեփական դիրքորոշում արտահայտել, այն արհամարհվում է: Այսօր գերիշխում է այն տեսակետը, որ այդ կառույցն ընդամենը ինչ-որ մարդկանց ամբիցիաների բավարարման վայր է դարձել:
-Դա Դուք արտահայտեցիք Ձեր կարծիքը, ես Ձեր արտահայտած կարծիքի հետ համաձայն չեմ, ծանոթացե՛ք Հանրային խորհրդի գործունեության հետ, Ձեր կարծիքը կա՛մ փոխեք, կա՛մ թողեք նույնը:
Հ.Գ. Հունվարի 22-ին Հանրային խորհրդի նիստում որոշվել է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման հարցով հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն հանդիպման օրը դեռեւս հստակեցված չէ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԻՆՉՈ՞Ւ Է ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՌԱՋ ԸՆԿԵԼ
Արդեն մի քանի օր է, ինչ մի շարք հիմնարկ-ձեռնարկություններից ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հաշվապահներին զգուշացնում են վճարել կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար նախատեսված գումարները: Ասել է թե՝ ՊԵԿ-ն արդեն գիտի, որ ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկվող օրենքը հակասահմանադրական չի ճանաչվի, դրա համար էլ ստիպում է ձեռներեցներին վճարել այսօր:
Ինչպես հայտնի է, ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ կասեցրել է, սա նշանակում է, որ այդ օրենքի պարտադիր բաղադրիչները չեն գործելու, մինչեւ մարտի 28-ին սկսվի գործի քննությունը, եւ համապատասխան որոշում կայացվի: Ինչո՞ւ է ՊԵԿ-ն առաջ ընկնում եւ ստիպում գործարարներին վճարել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: «Ժողովուրդ»-ի այս հարցին պետեկամուտների կոմիտեից խորհուրդ տվեցին դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Իսկ այնտեղ ողջ օրվա ընթացքում մեր հարցերին չպատասխանեցին:
Մեր թղթակիցը զանգահարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության 114 կարճ հեռախոսահամարին (կենսաթոշակի վերաբերյալ հարցերի պատասխանները այս հեռախոսահամարով կարող ենք ստանալ), որտեղից պատասխանեցին. «Ոչ թե ընդհանուր օրենքն է կասեցվել, այլ այն կասեցվել է երկու՝ 76 եւ 86 հոդվածներով: Եւ ուժի մեջ է մինչեւ մարտի 28-ը, որից հետո տեսնենք, թե Սահմանադրական դատարանն ինչ կորոշի: Այսինքն՝ պարտավորությունը մնում է գործատուի վրա, բայց չփոխանցվելու դեպքում տույժ եւ տուգանք չի կիրառվելու: Իսկ նախկինում կար այդ տույժն ու տուգանքը, որը չփոխանցվելու դեպքում պետք է կիրառվեր»:
Իսկ եթե ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական ճանաչեց եւ այն չկիրառվեց, ո՞վ է երաշխավորում մարդկանց գումարների վերադարձը: Այս հարցի պատասխանը չգիտեին նաեւ կենսաթոշակի վերաբերյալ հարցերի պատասխանատուները:
Ստացվում է, որ մեր երկրի գործադիր իշխանության մի մասնիկը տեղյակ չէ մյուսի գործունեությունից, իսկ ողջ մարմինը անհաղորդ է դատական ատյաններում տեղի ունեցող գործընթացներին: Այս իրավիճակը մեկ բառով թերեւս կարելի է բնութագրել անպատասխանատվություն:
Հ.Գ. 1. Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ են անցել, որպեսզի հմտանան կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար նախատեսված գումարները ճիշտ գանձելու գործում: Տեղեկությունը հաստատեց նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը. «Մեզ մոտ մշտապես կարելի է ասել, որ ուսումնական պրոցես է: Պետք է նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ ձեռք բերեն: Իսկ կենսաթոշակային կուտակային ֆոնդի մասով արդեն վերապատրաստվել են: Դա միայն մեզ մոտ չէ, այլ մյուս կազմակերպություններում էլ է նույնը: Կենսաթոշակային ֆոնդի մասով դասընթացն անցկացվել է բոլոր այն աշխատակիցների համար, որոնք կուտակային ֆոնդի դիմումներ են ընդունելու: Հիմա էլ ատեստացիա է անցկացվում»:
Հ.Գ. 2. Երեւանյան մի շարք դպրոցներից էլ տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանը որոշ դպրոցների հաշվապահներին ստիպել է կուտակային 5 տոկոսի պահումներ անել: Այսպիսով՝ պետական գերատեսչությունները, օգտագործելով իրենց լծակները, տպավորություն են ստեղծում, թե դեռ օրենքը ուժի մեջ չմտած՝ մարդիկ անցել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՆՈՐՈՇ Է
Դեռեւս հստակ չէ՝ փետրվարի 3-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստին մասնակցելու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը, թե ոչ: Վերջինս որեւէ կերպ չի փորձում հասարակությանը տեղեկացնել իր հետագա անելիքների մասին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզել՝ արդյոք Թ. Պողոսյանը մասնակցելու է խորհրդարանի աշխատանքներին: «Դեռեւս Թեւան Պողոսյանը իր որոշման մասին՝ մանդատը վայր դնելու մասով, հստակ ոչինչ չի ասել: Բայց աշխատանքի գնում է, քանի դեռ հստակ որոշում կայացված չէ, ինքը իր լիազորությունների շրջանակում իր աշխատանքը կատարելու է»,-նշեց մեր զրուցակիցը: Սակայն երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին Թեւան Պողոսյանը չի ներկայացել: Ընդ որում, նա քննարկվող նախագծերից մեկի հարակից զեկուցողն է: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ եթե Թեւան Պողոսյանը հաջորդ նիստին չներկայանա, ապա նրան փոխարինելու անհրաժեշտություն կլինի:
ՀԵՌՎԻՑ
Չեխիա կատարած այցի ընթացքում այդ երկրի ղեկավար Միլոշ Զեմանի հետ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է անհարմար դրության մեջ: «Ազատություն» ռ/կ-ի լրագրողը հարցրել է, թե ինչն է Հայաստանին ստիպում այդքան արագ միանալ Մաքսային միությանը, եւ սա այն դեպքում, երբ այդ միության նախաձեռնող երկիր ՌԴ-ն անտարբերությամբ է հետեւում ՀՀ սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի գնդակոծություններին. Ս. Սարգսյանը տարակուսել է, թե այս հարցերն իրեն ուղղելու հնարավորություն կա Երեւանում:
Ուշագրավն այն է, որ լրագրողների հետ Ս. Սարգսյանը վերջին անգամ հանդիպել է 2013թ. մարտի 18-ին. խոսքը նրա կիսագաղտնի ասուլիսի մասին է՝ յուրային լրատվամիջոցների մասնակցությամբ: Դրանից հետո տարբեր երկրների ղեկավարների` Հայաստան այցերի ժամանակ թեեւ եղել են կարճատեւ ասուլիսներ, սակայն դրանք անցկացվել են նախապես պլանավորված հարցերի շրջանակներում: Ասել է թե՝ իրականում Հայաստանում առավել եւս անհաճո լրագրողները Ս. Սարգսյանին հարց տալու հնարավորություն չունեն: