ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈՍՔԵՐ՝ ՕԴՈՒՄ ԹՈՂԱԾ ՊՂՊՋԱԿԻ ԷՖԵԿՏՈՎ

Հիշո՞ւմ եք վարչապետ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհի» մասին, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, իսկ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու մասին ծրագրերը: Նախագծեր, որոնց մասին խոսվեց բավական շատ, բայց որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին:

Չնայած այս բոլոր ձախողումներին՝ Տիգրան Սարգսյանը հիմա էլ որոշել է նոր «ոլոլորտներ» նվաճել: Կառավարության երեկվա նիստում ընդգրկված էր «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում ռոբոտաշինության, այդ թվում` կրթական եւ արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար շահագործողի թույլտվություն տրամադրելու հարցը: «Ազատ տնտեսական գոտին աստիճանաբար բովանդակություն է ձեռք բերում: Հաստատվել են բավական լուրջ ծրագրեր: Հայկական պլանշետներից հետո, որոնց արտադրությունն սկսվելու է այս տարի, սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է»,-երեկ հայտարարել է Տ. Սարգսյանը: Թե որքանով են իրատեսական հայկական արտադրության պլանշետների, հիմա նաեւ` ռոբոտաշինության ծրագիրը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, չնայած վարչապետի ակտիվ գովազդին, հայկական պլանշետները դեռ չկան շուկայում, ու հայտնի չէ` երբ կլինեն:

 

Հակասե՛ք զմիմիանս
Ի դեպ, Տիգրան Սարգսյանը 2013թ. իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում խոսել էր բարձր աշխատավարձով աշխատատեղերի մասին: Պատասխանելով կառավարության կողմից աղքատության հաղթահարմանն ուղղված քայլերի մասին հարցին՝ նա դեկտեմբերի 27-ին ասել էր. «Ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը եւ ինչ պետք է անենք, որ այն հիմնարար ձեւով լուծվի: Առաջին հերթին դա աշխատատեղերի ստեղծումն է, ընդ որում այնպիսի աշխատատեղերի, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի, որպեսզի կարողանանք արձանագրել, որ իսկապես, մեր քաղաքացիների կենսամակարդակը փոխվում է: Եթե 300 հազարից ավելի ընտանիքներ այսօր առնչվում են աղքատության խնդրի հետ, ապա համար մեկ պատճառը համապատասխան վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է»:
Սակայն նույն Տիգրան Սարգսյանն ամիսներ առաջ պնդում էր, թե Հայաստանում կան բարձր աշխատավարձով աշխատատեղեր, պարզապես մարդիկ չեն ցանկանում աշխատել: 2012թ. նոյեմբերի 16-ին նա Տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել՝ չնայած, nր ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»: Իսկ 2013թ. փետրվարի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, շարունակել էր իր միտքը. «Հայաստանում կան բազմաթիվ աշխատանքի վայրեր, որտեղ մարդկանց հրավիրում են աշխատանքի… Մենք ունեք բարձր աշխատավարձով աշխատատեղեր, օրինակ` վերջերս էներգետիկայի նախարարությունը հայտարարություն արեց, որ 150 հազար դրամով Վանաձորի քիմիական գործարանում աշխատանքի են հրավիրվում մասնագետներ, բայց, ցավոք, մենք չենք կարողանում համալրել այդ աշխատատեղերը»:
Այս հարցում վարչապետից ետ չէր մնացել Սերժ Սարգսյանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ հասցրել էր իր հերթին ժողովրդին մեղադրել ծուլության մեջ. 2012թ. հունվարի 21-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Այսօր ես կարող եմ հայտարարել, որ Հայաստանում աշխատանքի խնդիր չկա, Հայաստանում կա բարձր վարձատրվող աշխատանքի խնդիր: Որովհետեւ եթե նույնիսկ միայն հեռուստացույց նայեք, կտեսնեք, որ ամեն օր հայտարարություններ կան, եւ աշխատող են փնտրում: Մենք վերականգնեցինք Վանաձորի քիմիական կոմբինատի աշխատանքները եւ մեծ դժվարությամբ գտանք մարդիկ, ովքեր պետք է պարզ աշխատանքներ իրականացնեին: Այսօր Երեւանում կան ժամանակակից գործարաններ, որոնք աշխատողների կարիք ունեն»: Իսկ հունվարի 31-ին Չարենցավանում նա կրկնել էր այդ միտքը. «Երեւանում հազարավոր աշխատատեղեր կան, բայց ցածր վարձատրությամբ, եւ մարդիկ չեն ցանկանում աշխատել այդտեղ: Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»:
Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. իշխանությունների համար վաղուց ի վեր սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը: Պաշտոնյաները հակասում են ոչ միայն իրենք իրենց, այլեւ միմյանց: Հակասում են, որովհետեւ չեն գնահատում իրենք իրենց խոսքի արժեքը եւ երկրում առկա իրավիճակին չեն տիրապետում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՏՆԵՑԻՆԵՐՈՎ

Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իրենք կարող են միջամտել նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրներին: Նրա խոսքով՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը պատրաստ է քննել նաեւ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կոնկրետ կառավարիչների դեմ ներկայացված դիմումները: Այս հայտարարությունը, սակայն, մեղմ ասած, զավեշտալի է. բանն այն է, որ Փիրուզ Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կինն է: Իսկ Դ. Սարգսյանն ու իր քավոր Տիգրան Սարգսյանը, ինչպես հայտնի է, հենց այն անձինք են, որոնք ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եւ հիմա ատամներով պաշտպանում են այն:

 

ՆՈՒՅՆՔԱՆ ԽՈՇՈՐՆԵՐԸ

ՀՀ խոշոր հարկատուների առաջին հնգյակը 2013թ. ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել: ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը, ըստ որի՝ առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, այնուհետեւ` «Հայռուսգազարդ»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը, «Ալեքս-գրիգ» ՍՊԸ-ն ու «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն: Ուշագրավ է, սակայն, այն փաստը, որ 2012թ. համեմատ՝ նախորդ տարի խոշոր հարկատուների վճարած հարկերն առանձնապես չեն ավելացել. Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը վճարել է մոտ 6 մլն դրամ ավելի գումար, նույնքան` «Հայռուսգազարդ»-ը, մոտ 9 մլն դրամ ավելի է վճարել «Ղ-Տելեկոմ»-ը, «Ալեքս-գրիգ»-ի վճարած հարկերն ավելացել են 1 մլն, իսկ «ԱրմենՏել»-ինը` 4 մլն դրամով: Հարկային բեռը, սակայն, շարունակել է ծանրանալ մյուս, ավելի փոքր ընկերությունների վրա:

 

ՎՇՏԻՆ ԴԻՄԱՆՈՒՄ Է

Երեկ ՀՀ կառավարությունը մերժել է ԱԺ ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորների առաջարկած օրենքի նախագիծը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե պատգամավորները բարձրացնում են հարցեր, որոնք քննարկվել են թե՛ բուն օրենքի ընդունման ժամանակ, թե՛ դրանից հետո ներկայացված եւս մեկ նախաձեռնության շրջանակում. «Մեր զինված ուժերը, տարածքային ամբողջականությունից բացի, ապահովում են նաեւ երկրի անվտանգությունը, ինչը ներառում է նաեւ ներքին անվտանգությունը: Սա բխում է Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետից: Պատգամավորները նախագծում նշել են, որ Սահմանադրությամբ այն նախատեսված չէ, եւ իրենց պնդմամբ՝ օրենքով չէ: Մեր դիրքորոշումն այն է, որ սա առանձին մարմին չէ, այլ համակարգում է արտակարգ դրությունն ապահովող ուժերի համակարգումը»: Այս առիթով երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Ես այդ վշտին դիմանում եմ, թող գա հասնի պահը, կխոսենք, դեռեւս շուտ է ինչ-որ բան ասել»:

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԱՆՀԻՄՆ ՀՐՃՎԱՆՔ

«168 ժամ» թերթի լրագրող Ավետիս Բաբաջանյանը նախօրեին հրավիրվել է ԱԱԾ՝ կապված պարբերականի հունվարի 28-29-ի համարում հրապարակված՝ «Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում» վերնագրով հոդվածի հետ, որում, անդրադառնալով ահաբեկիչ Դոկու Ումարովի կոչին, թե անհրաժեշտ է Սոչիի օլիմպիադան ձախողել, Բաբաջանյանը գրել է. «Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ»: Այդ կապակցությամբ լրագրողն իր գրավոր բացատրության մեջ նշել է. «Ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ որեւէ աղբյուրի կողմից հոդվածում արծարծված թեմայի մասին ինձ որեւէ տեղեկություններ, տվյալներ չեն հաղորդվել»: ԱԱԾ տարածած հաղորդագրությունում լրագրողի այս բացատրության կապակցությամբ մասնավորապես ասված է. «Այս բացատրությունից արդեն իսկ ակնհայտ է, որ Բաբաջանյանի «հոդվածը»… պարզապես անհիմն ենթադրությունների, անգիտակից շարադրանք է: Լրագրողը չի ջանացել մտածել մարդկանց մասին, որոնք կարդալու են այդ չարագուշակ մտարկումները»: Հիշեցնենք, որ ցանկացած լրագրող բոլոր հնարավոր միջոցներով՝ այդ թվում վտանգելով ինքն իրեն, պարտավոր է ապահովել իր տեղեկատվական աղբյուրի գաղտնիությունը, ինչը եւ, հնարավոր է, տվյալ դեպքում արել է Բաբաջանյանը: Ու առնվազն տարօրինակ է այն հրճվանքը, որը ցուցաբերվեց այս հայտարարության տարածումից հետո:

 

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԸ՝ ԴԻՎԵՐՍԱՆՏ

Օրերս Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական քարոզչությունը շտապում է ներկայացնել որպես հայազգի դիվերսանտ: Հիշեցնենք, որ Խոջոյանը հոգեկան խնդիրներ ունի: Նա արդեն իսկ իր առաջին հարցազրույցն է տվել ադրբեջանական ANS հեռուստաալիքին, սակայն, չնայած ազերիների գործադրած ջանքերին, հոգեկան հիվանդին դիվերսանտ ներկայացնելու փորձն այնքան էլ համոզիչ չի ստացվել, ինչը ստիպված են եղել խոստովանել հենց իրենք՝ լրագրողները:

 

ՀԱՐՑԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ

Փետրվարի 3-ին՝ ԱԺ գարնանային նստաշրջանին, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը բարձրացնելու են «գազային պայմանագրերի» հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ առայժմ չմանրամասնելով իրենց կոնկրետ քայլերը. «Առաջիկա օրերին ավելի հստակ կդառնա, թե ինչ ձեւով կբարձրացվի «գազային պայմանագրի» հարցը: Թո՛ւյլ տվեք այս պահին չբարձրաձայնել»:

 

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՀԻՎԱՆԴ Է

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնվել է հիվանդանոցում: Առողջապահական հարցերի պետական վարչության ղեկավար Ալեքսանդր Օրդան այդ կապակցությամբ հայտնել է. «Նախագահի անունով հիվանդանոցային թերթիկ է բացվել՝ բարձր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական հիվանդության հետ կապված»:




Լրահոս