ԿՐՊԱԿՆԵՐԸ ԴԵՌ ՏԵՂՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոցի այգում հայտարարված նստացույցը դեռ շարունակվում է: Շաբաթ օրը այգու պահպանության համար պայքարող բնապահպաններին միացել էր նաեւ ապամոնտաժողների մի խումբ, որոնք, նախապես արված իրենց հայտարարության համաձայն, եկել էին ապամոնտաժելու կրպակները: Սակայն մինչ օրս կրպակները տեղում են: Ոստիկանները շուրջօրյա հսկողություն են իրականացնում կրպակների շուրջ:
Ապամոնտաժողների խմբի ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը փորձեց բանակցություններ վարել ոստիկանության հետ, որպեսզի կրպակները քանդեն: Սակայն օրինապահները հայտարարեցին, որ եթե օրենքի խախտում նկատվի, ապա իրենք կդիմեն համապատասխան գործողությունների: Եւ այս հարցի շուրջ շաբաթ-կիրակի օրերին այդպես էլ  ընդհանուր հայտարարի չեկան:
Ապամոնտաժողներն իրենց հետ բերած բազմաթիվ շինարարական գործիքներից միայն հարթաշուրթերով (պլասկագուբցի) փորձեցին կտրել կրպակների լարերը, սակայն նրանց չհաջողվեց. ոստիկաններն արգելեցին, ինչից հետո հայտարարվեց, թե ապամոնտաժողները գնացել են խորհրդակցության: Ու այդպես էլ նրանց խորհրդակցության արդյունքը չերեւաց այգում. կրպակներն իրենց տեղում էին, ոստիկանները պաշարել էին դրանք: Հասկանալի էր, որ ապամոնտաժողները, չնայած նախապես պատրաստվել էին, բայց չունեին ծրագիր, թե ինչպես պետք է սկսեն ու ավարտին հասցնեն բնապահպանների կողմից կայացված «դատավճիռը»: Այդ իսկ պատճառով ապամոնտաժող խումբը հայտարարեց, որ կմտնեն տարածք այն ժամանակ, «երբ բուտիկի մոտ ոստիկանություն չի լինի»: «Եթե ոստիկանությունը շարունակի պնդել իր որոշումը, բնականաբար, մենք ստիպված ենք լինելու այս այգուց նրանց տուն չթողնել` անգամ երեք տարի»,-ավելացրեց «ապամոնտաժող», քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Իսկ բնապահպանները իշխանություններին 3 օր ժամանակ են տվել:
Նշենք, որ շաբաթ օրվա այդ ճակատագրական միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին դերասան Հովհաննես Ազոյանը, ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը, իսկ ՀԱԿ-ից` Վլադիմիր Կարապետյանը:
«Ժողովուրդ»-ը երեկ` առավոտյան, Մաշտոցի այգում փնտրեց ապամոնտաժողներին, սակայն չգտավ: Փորձեցինք հետաքրքրվել տեղի բնապահպաններից, թե որտեղ են նրանք, ասացին, որ «գիշերը շատ ուշ են գնացել, պետք է չէ՞ հանգստանան, կգան ժամը 14:00-ին»:
Հ.Գ. Այսօր` ժամը 13:00-ին, լրանում է բնապահպանների տված եռօրյա ժամկետը: Երեկ նրանք հայտարարել են, որ այսօր իրենց այլեւս ոչինչ չի կանգնեցնելու, անգամ` ոստիկանությունը, եւ հերթական անգամ իրազեկել են՝ անգամ ՄԱԿ համակարգողին:   

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս