5 ՏՈՒԺԱԾ` ԾԵԾԿՌՏՈՒՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի Հակոբյան փողոցում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն` որպես զենք գործադրվող առարկաներով): Մարտի 26-ին ձերբակալվել, իսկ մարտի 28-ին կալանավորվել էր Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի որդին` Ռոբերտը: Ոստիկանության Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ գյուղապետի` կռվի մասնակից մյուս երկու որդիները` Կարենը եւ Արկադին, չնայած  հարցաքննության ծանուցագիր են ստացել, սակայն չեն ներկայացել: Նշենք, որ գյուղապետի 3 որդիները նախկինում դատապարտվել են խուլիգանության համար, սակայն համաներումով նրանց դատվածությունը մարվել է:
Գործով դատաբժշկական փորձաքննության ենթարկված 12 անձանցից հինգն ունեն մարմնական վնասվածքներ: Զանգվածային այդ կռվի ժամանակ օգտագործվել են փայտի եւ երկաթի կտորներ, անկոթ բահեր, որսորդական հրացան եւ ուսումնական նռնակ: Ծեծկռտուքի ժամանակ որսորդական հրացանից երեք անգամ կրակել են, սակայն հրազենային վերքեր չկան: Ուսումնական նռնակն առանց պայթուցիչի է, այն ուղարկվել է  փորձաքննության:
Քննչական բաժնում չասացին կռվի պատճառների մասին, քանզի նախաքննությունը շարունակվում է: Շրջանառվող լուրերի համաձայն` կռվի պատճառները երեքն են: Մարտի 25-ի առավոտյան բախվել են Սեւքարի անտառտնտեսության տնօրեն  Աշոտ Երիցյանի աներորդու` Սենո Սարիբեկյանի եւ Ժորա Մարտիրոսյանի որդիներից մեկի մեքենաները: Ժորա Մարտիրոսյանի որդիներն Ազատամուտում զբաղվում են փայտածուխի արտադրությամբ: Կառավարությունն անցյալ տարվա աշնանը որոշում ընդունեց, որ սահմանամերձ համայնքների բնակիչները կարող են  վառելիքի համար անվճար օգտվել անտառի թափուկից: Գյուղապետի որդիները ցանկացել են օգտվել Սեւքարի անտառտնտեսության տարածքի թափուկներից, սակայն Աշոտ Երիցյանն   ընդդիմացել է դրան` ասելով, որ օգտվեն Իջեւանի անտառտնտեսության թափուկներից, որովհետեւ Ազատամուտն այդ որոշումով կցված է Իջեւանի անտառտնտեսությանը: Ըստ լուրերի` երրորդ պատճառն այն է, որ Աշոտ Երիցյանի մյուս աներորդին` Արտեմ Սարիբեկյանը, ով նախկինում եղել է Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, ցանկանում է առաջադրվել աշնանը կայանալիք գյուղապետի ընտրություններում, ինչը հարուցել է Ժորա Մարտիրոսյանի դժգոհությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս