Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին ազգությամբ եզդի, Ջրաշեն գյուղի 24-ամյա բնակիչ Էդիկ Ազմանյանն Աբովյան քաղաքում անչափահաս 16-ամյա Ն. Ա.-ին փախցնելու հետևանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալի քույրը` Էլմիրա Ազմանյանը, հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն իրենք բողոքարկել են Վճռաբեկ դատարան:
Էլմիրա Ազմանյանի խոսքով` Վճռաբեկի մերժումից հետո իրենք կրկին բողոքի երթեր կանցկացնեն, և այն կսկսվի Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրից, որտեղ էլ կայացվել է մեղադրական վճիռը:
«Համոզված ենք, որ դատավոր Յուրի Բաղդասարյանն է այս անօրինականության մեղավորը. վերաքննիչ դատարանի մերժելն էլ իր ձեռքի գործն էր: Հիմա Վճռաբեկի պատասխանին ենք սպասում, դրանից հետո ոտքի ենք կանգնելու, չենք հանձնվելու: Էրեխեքի տունը քանդվեց, սա ի՞նչ բան է: Ո՞վ է տեսել անկեղծ, ամուսնության նպատակով արված քայլն այս աստիճան դաժան հետևանքներ ունենա»,- վրդովված ասաց դատապարտյալ եզդու քույրը:
Վերջինս հայտնեց նաև, որ եղբոր կինը նամակ է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Վճռաբեկ դատարանին` խնդրելով վերանայել դատարանի վճիռը և կանխել իր ընտանիքի խորտակումը:
Վճռաբեկ դատարանից դեռևս պատասխան չի եկել, իսկ դատախազությունից հայտնել են, որ այդ գործով համապատասխան կառույցները կզբաղվեն:
Էլմիրա Ազմանյանի փոխանցմամբ` իրենց նորահարսիկն անճարությունից արդեն չգիտի` ում դիմի և ինչ անի:
Հիշեցնենք, որ Էդիկ Ազմանյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Յ. Բաղդասարյանի կայացրած վճռով, մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (անչափահասին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առևանգելը) և դատապարտվել 4 տարվա ազատազրկման: