Ադրբեջանի փորձաքննությունն ի՞նչ պիտի լինի. հակառակորդի կողմից սպանված գերու հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին Ադրբեջանի պահպանության տակ գտնվող սահմանում հայտնված և անհայտ պայմաններում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի հարազատներին դեռևս հայտնի չէ` դին երբ կարտահանձնվի:

Armlur.am-ի հետ զրույցում Կարենի հայրը` Արտուշ Պետրոսյանը, հայտնեց, որ օրերս իրենց են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները և ասել, թե «մի տասը օր էլ սպասեք»:

«Ոչ մեկ դրանից հետո բան չի ասել. հույսով սպասում ենք, որ գոնե դիակը կտեսնենք: Գոնե չեն բացատրում` ո՞նց կարար էդպես լիներ: Ադրբեջանի փորձաքննությունն ի՞նչ պիտի լինի: Ո՞ւմ են սպասում, ի՞նչ են անում, չենք հասկանում»,- մեծ վրդովմունքով ասաց մահացած գերու հայրը, ով նշեց նաև, որ թե՛ ինքը, թե՛ վատառողջ կինը հուսահատությունից չգիտեն` ինչ անել:

ԿԽՄԿ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ արտահանձման շուրջ բանակցություններ են ընթանում ադրբեջանական իշխանությունների հետ, և այս պահին հստակ տեղեկություն տալ չեն կարող:

Նույն պարզաբանումը ստացանք նաև ՀՀ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանի հայրն Armlur.am-ին հայտնել էր, որ իրենց միակ խնամակալը Կարենն էր, իսկ մյուս որդին ու աղջիկը ամուսնացած են:

Արտուշ Պետրոսյանի փոխանցմամբ` ինքն ու կինը վատառողջ են, իսկ Կարենը թերուս էր և տկարամիտ:




Լրահոս