Հայացք. Տեսախցիկները սխալ են ֆիքսում վարորդների կատարած խախտումների ժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին բազմաթիվ վարորդների տարակուսանքի նոր առիթ է ընձեռվել: Նրանք ստացել են, այսպես ասենք, “տուգանային” նամակներ իրենց կողմից այս կամ այն վայրում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին: Տեսանկարահանող և արագաչափ սարքերի միջոցով գրանցված խախտումների համար վարորդները պետք է վճարեն այս կամ այն չափի գումար: Նորությունը, սակայն, սա չէ, այլ այն, որ շատ վարորդներ նկատել են` իրենց ստացած կտրոնների վրա սխալ է նշված այն ժամը, երբ իրենք խախտում են կատարել:Մեզ դիմած վարորդներից մեկը չի հերքել, որ ինքն, իրոք, մարտի 26-ին ճանապարհային խախտում է կատարել:
“Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա հատվածում մեքենաները շատ խիտ էին կանգնած, խցանում էր, այդ պատճառով էլ մեքենաս իրոք հայտնվել էր հոծ գծի վրա: Սակայն այդ խախտումը եղել է ժամը 15-ի սահմաններում, դրանից հետո ես պարզապես Երևանում չեմ եղել: Օդանավակայան եմ շտապել”,-պատմել է վարորդը: Այնինչ նրան հասած կտրոնի վրա իր կատարած խախտման ժամը նշված Է 16:15 ապե:
“Տեխնիկական այս խնդիրը ոչինչ, միայն թե հետո տուգանքները տեխնիկապես չավելանան”,-կատակել է թերթին դիմած վարորդը:
Իսկ գուցե հիմա տեսախցիկների վրա էլ տեսախցիկային հսկողություն դրվի…
Թերթի կարծիքով` այս խառնաշփոթն ստեղծվել է ժամացույցները 1 ժամ առաջ կամ հետ չտալուց: Իսկ խցիկները ավտոմատ փոխել են ժամը:




Լրահոս