Սամվել Ալեքսանյանը չի խրատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Ֆինանսների նախարարությունը խախտումներ էր հայտնաբերել «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում: Լուրը, բնականաբար, գրավեց բոլորի ուշադրությունը, քանի որ վերոնշյալ ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական հայտնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Ըստ Ֆինանսների նախարարության հաղորդագրության՝  պարզվել է, որ«Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս է գրել շաքարավազի հարկային  այլ հաշիվ, փաստացի առաքել` մեկ այլ:

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ` պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար: Մինչ նրանք կճշտեն վնասի չափը, armlur.am-ը կներկայացնի այդ ընկերության կողմից մյուս խախտման դեպքերը:

Սկսենք 2009-ից: Այդ տարվա նոյեմբերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) անբարեխիղճ մրցակցության համար էր տուգանել ընկերությանը 1 մլն 500 հազար դրամի չափով: Խնդիրն այն է եղել, որ այդ ժամանակ բազմիցս բողոքներ են եղել, թե «Ալեքս Գրիգն» արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» և «Ռուսկիյ Բրիլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին: Կատարվել է փորձաքննություն, որով հաստատվել է, որ, իսկապես, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող օղիները գրաֆիկական և իմաստային առումով նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին: 

Նշենք, որ նման բողոքներ հրապարակվել են նույնիսկ ուկրաինական լրատվամիջոցներում, թե «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին: Այս առնչությամբ  2010 թ. «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ, և կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք: Սակայն ընկերությունը դատական կարգով բողոքարկել է ՏՄՊՊՀ-ի բոլոր 7 որոշումը:

Հատկանշական է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը բազմիցս տուգանվել է ոչ միայն անբարեխիղճ մրցակցության, այլև՝ իր կողմից արտադրվող ապրանքների գների անհիմն թանկացումների համար: Ընդգծենք, որ  պետք է մշտապես համապատասխան տեղեկատվություն ներկայացվի ապրանքի գնի փոփոխության չափի, դրա պատճառների, հիմնավորումների կամ գնի փոփոխության անհրաժեշտությունն առաջացնող այլ հանգամանքների վերաբերյալ։ Սակայն, «Ալեքս Գրիգ»-ը երբեք չի էլ մտածել դրանք ներկայացնելու մասին: Նման դեպքերում ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով:

Մշտապես տուգանքների ենթարկելը, սակայն, պատգամավորին պատկանող ընկերությանը չի խանգարում նորանոր խախտումներ կատարել և հայտնվել պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: 

 




Լրահոս