Նյու Յորքում կայացել է ցույց` ի հիշատակ ոստիկանի կողմից սպանված դեռահասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ի երեկոյան Նյու Յորքում մի քանի հազար մարդ էր հավաքվել հարգելու անցած շաբաթ Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքի Ֆերգյուսոն արվարձանում ոստիկանների կողմից սպանված 18-ամյա Մայքլ Բրաունի հիշատակը:

Ցուցարարները Յունիոն-սքվերից ուղղվել են դեպի Բրոդվեյ և 47-րդ փողոց` վանկարկելով «մենք բոլորս միահամուռ ենք»: Հաղորդվում է, որ նման խաղաղ, բայց ավելի սակավամարդ ակցիաներ են անցկացվել նաև ամերիկյան տասնյակ այլ քաղաքներում:

Ֆերգյուսոնում լարվածությունը սկսել է թուլանալ այն բանից հետո, երբ Միսսուրիի նահանգապետ Ջեք Նիքսոնը որոշել է թույլ չտալ ոստիկանության շրջանային վարչությանը ղեկավարել արվարձանում հասարակական կարգի պահպանման գործընթացը: Այժմ այդ գործով զբաղվում է նահանգի ոստիկանությունը: Այդ լուրը դրական է ընդունվել քաղաքի բնակչության կողմից, քանի որ ոստիկանությունն ականջալուր է եղել իրենց պահանջին:




Լրահոս