Նախախորհրդարանը կոչ է անում կանխել եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախախորհրդարանը խորը ցավով ու վրդովմունքով արձանագրում է, որ ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի և նրա բախտակից այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այնպես էլ այսօր տեղի ունեցող եզդիների ու քրիստոնյաների (ասորիների, արամեացիների և մյուսների) ցեղասպանությունը չի կանխվում, իսկ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:

Սակայն եթե 100 տարի առաջ այս ժողովուրդները պետություն չեն ունեցել, ապա այսօր նրանցից մեկը՝ հայերը, պետականորեն ներկայացված են ՄԱԿ-ում: Ուստի ներկայիս հայկական պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել հայության հետ միասին նույն ճակատագիրը կիսած, մի զգալի մասով իր տարածքում ապրող և իր քաղաքացիությունը կրող եզդի և ասորի ժողովուրդների կյանքի իրավունքը ՄԱԿ-ում բարձրացնելու և հնարավոր միջազգային աջակցություն ապահովելու նպատակով:

Մինչդեռ կառավարող վարչախումբը մեր եղբայր և հայրենակից այս ժողովուրդների՝ մեզ հետ միասին Մեծ Եղեռն, Սարդարապատ և Արցախյան հերոսամարտ անցած եզդիների, ինչպես նաև ասորիների ճակատագրի նկատմամբ ցուցաբերում է բացարձակ անտարբեր ու արհամարհական վերաբերմունք: Ավելին՝ կառավարության շենքի դիմաց իրենց կյանքի իրավունքը բարձրաձայնող եզդիների նկատմամբ կիրառում է բռնի ուժ, ինչը հավասարապես ստորացուցիչ է մեր երկու ժողովուրդների համար:

Նման վարքագիծը ինչպես հայությանը, այնպես էլ եզդիներին, ասորիներին ու Հայաստանում բնակվող մյուս ազգային փոքրամասնություններին հուշում է, որ վարչախումբը ոչ միայն իշխանություն է յուրացրել  ու չի ներկայացնում իր քաղաքացիներին, ոչ միայն ապազգային է ու հանցավոր, այլև անմարդկային:

Նրա վարքագիծը նաև հուշում է, որ վարչախումբն ըստ էության ուրանում է մեզ բախտակից մյուս ժողովուրդների, այդ թվում՝ եզդիների ու ասորիների ցեղասպանությունների փաստերը և դրանով իսկ՝ հայությանը նույնպես մատնում է նույնպիսի վտանգի, ինչպես նաև զուգահեռաբար իմաստազրկում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշումը:

Տարրական տրամաբանության տեսակետից ակնհայտ է, որ եթե գրեթե նույն տարածքում նույն ձեռագրով սպանում են նախկինում համատեղ սպանդի ենթարկված ժողովուրդների մի մասին, ուրեմն մյուսին ևս նույն վտանգն է սպառնում: Հատկապես, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի սահմանից ոչ մեծ հեռավորության վրա՝ տարածաշրջանային իրավիճակի ծավալվող ապակայունացման պայմաներում:

Ուստի հայերը և մեր երկրում բնակվող եզդիներն ու ասորիները, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունները, ի թիվս այլ պատճառների, նաև իրենց կյանքի իրավունքը երաշխավորելու նպատակով կարիք ունեն օր առաջ համախմբվելու, ազգուրաց և անմարդկային վարչախմբին հեռացնելու և Հայաստանում իրենց կամքն ու շահերը ներկայացնող պետական կառավարման համակարգ ձևավորելու համար:

Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում եզդի և ասորի հինավուրց ժողովուրդներին, իսկ ցեղասպանի հետ լռելյայն համաձայնող վարչախմբին հիշեցնում է, որ մեր ժողովուրդները ոչ միայն չեն մոռանալու նրա դավաճանական ու հանցավոր գործերը, այլև Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին միասնաբար հատուցում են ստանալու դրա համար:




Լրահոս