Կառավարությունում քննարկվել են ՓՄՁ զարգացմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը: 
“Այս խորհուրդը մեծ առաքելություն ունի՝ խթանել Փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեր երկրում: Հարցն ունի քաղաքական բովանդակություն, որովհետև եթե փոքր բիզնեսը Հայաստանում չկայանա, մենք չենք կարողանա կառուցել քաղաքացիական հասարակություն: Դրա համար մենք խնդիրը դիտարկում ենք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական տեսակետից: ՓՄՁ-ների զարգացման համար պարտավոր ենք ստեղծել ամուր հիմքեր: Համոզված եմ՝ մեր համատեղ աշխատանքը ցույց կտա այն ուղիները, թե ինչպես պետք է լուծել մեր առջև դրված խնդիրը”,- ասել է վարչապետը: Կառավարության լրատվական ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ այնուհետև ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ կառավարությունը սուբսիդավորում է ՓՄՁ-ների էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու ծախսերը: Մասնավորապես, 13 հազար 500 դրամի դիմաց այն հնարավոր կլինի ստանալ 3 հազար 500 դրամով: Կպարզեցվի նաև բազմաբնակարան շենքերում բնակարանները ոչ բնակելի տարածքի փոխելու ընթացակարգը՝ որպես տարբեր տիպի գրասենյակներ օգտագործելու համար: Գրասենյակային տարածքների փոփոխումը բնակարանների և հակառակը կկատարվի միայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի միջոցով: Բարեփոխման նպատակն է՝ պարզեցնել համապատասխան ընթացակարգերը և բիզնես իրականացնելու տեսանկյունից վերացնել լրացուցիչ խոչընդոտները: Նիստի ընթացքում ներկայացվել են նաև գործարար համայնքի կողմից բարձրացված հարցերը, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և առաջարկություններ:




Լրահոս