Սիսիանի քաղաքապետը մատաղն ընտրովի՞ է բաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը, Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի քաղաքային թերթի այն հրապարակմանը, որով իրեն մեղադրում էին երեխաներին ու մեծերին մատաղի սեղանին մոտենալ արգելելու համար, որակեց դա իր անձի նկատմամբ իրականացվող սադրանք:

Աղասի Հակոբջանյանը հավաստիացրեց, որ գիտի` ով է այդ հրապարակման պատվիրատուն, սակայն քաղաքապետը հրաժարվեց այդ անունը նշել:

«Բացառված բան է, որ մարդկանց արգելեինք մոտենալ մատաղի սեղանին: 600 հոգու համար սեղան էինք գցել: Մեծ մատաղ ենք արել, օրվա վերջում հարիսա էլ ենք հյուրասիրել: Եղած ամեն ինչը լիքը, ամեն ինչը` ծով: Ուղղակի որ հյուրեր ունեինք Արցախից, Սյունիքի ու Վայոց ձորի բոլոր քաղաքներից, կազմակերպիչը խնդրեց, որ առաջինը սեղանին մոտենան հյուրերը, հետո` մնացածը»,- հայտնեց քաղաքապետ Հակոբջանյանը` հավելելով, որ նախապես մշակված է եղել միջոցառման հստակ օրակարգ, որի համաձայն՝ հերթականությամբ բոլոր ներկաներին հրավիրել են սեղանի մոտ:

Տեղեկացնենք, որ վերոնշալ հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում էր. «Երիտասարդության օրվա առթիվ Սիսիանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին քայլերթ էր կազմակերպել Շաքեի ջրվեժ:

Առաջնորդվելով իր «բարեգործական» նկարագրով՝ քաղաքապետը նաև մատաղ է մատուցել, հավանաբար, իր «պայծառակերպության», իր ճակատին խարանված և քաղաքապետի իր կենսագրությանն անջնջելիորեն դաջված քրեական շառ ու փորձանքներից «համաներմամբ» պրծնելու համար՝ հույսով, որ մատաղը թշնամություն է հարթում, խռով սրտեր հաշտեցնում, փակ դռներ բացում, որ տրվում է անգամ թշնամուն, եթե մատաղատերը իր ճանապարհին նրան էլ է հանդիպում:

Սիսիանի  քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյան օրվա հյուրերին, պատվիրակներին անուն առ անուն մատաղի սեղանի մոտ հրավիրելիս միկրոֆոնով հայտարարել է, որ… սեղանին չմոտենան սիսիանցի մեծերն ու երեխաները…»:

Թե կողմերից ով է ավելի մոտ ճշմարտությանը, թերևս, միայն միջոցառմանը մասնակից սիսիանցիները կարող են ասել:

Տաթև Հարությունյան




Լրահոս