Ընդդիմությունը ոստիկանությունից խնդրում է երկրից բացակայողների ցուցակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցություն եւ “Ժառանգություն” կուսակցությունները նամակով դիմել են Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։ Նամակում, մանսավորապես, ասված է. “ԱԺ առաջիկա ընտրությունների՝ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրական ցուցակներում ընդգրկված է 2 մլն 485 հազար 844 անուն, որոնց գումարելով զինծառայողների ու ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների գաղտնի ցուցակներում առկա շուրջ 50 հազար անունները, ստացվում է 2 մլն 535 հազար 844 ընտրող։Հայտնի է նաեւ, որ 2011թ. մարդահամարի տվյալներով ՀՀ հաշվեգրված բնակչության թիվը կազմել է 3 մլն 285 հազար 767, իսկ առկա բնակչության թիվը՝ 2 մլն 871 հազար 767 մարդ։ Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով ՀՀ-ից մշտապես բացակա է 414 հազար 258 քաղաքացի, իսկ փորձագիտական գնահատականներով այդ թիվը հասնում է շուրջ 700 հազար-ի։ Ընտրացուցակներում ընդգրկված երկրից մշտապես բացակա քաղաքացիների անունները ձեզ ստուգապես հայտնի են, քանի որ մարդահամարի ընթացքում դրանք, բնակիչների հաշվառման պետական ռեգիստրի հիման վրա, ճշտվել են անվանական կարգով եւ, բացի այդ, ձեր ձեռքի տակ են սահմանային անցակետերում արված ելումուտի նշումները։
Ընտրացուցակներում երկրից մշտապես բացակա հարյուրհազարավոր քաղաքացիների անունների առկայությունը մշտապես հուզել է Հայաստանի հասարակությանը եւ կասկածներ հարուցել ընտրությունների օրինականության նկատմամբ։ Ժամանակին այդ հարցը մտահոգել է նաեւ օտարերկրյա դիտորդական առաքելություններին, որոնք խնդիրն ամենայն լրջությամբ դրել են ՀՀ իշխանությունների առջեւ եւ դրա հետ կապված օրենսդրական եւ կանոնակարգային փոփոխություններ պահանջել։
Հետեւաբար, բոլոր կասկածները ցրելու եւ ընտրությունների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար, օգտվելով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված իրավունքից, խնդրում ենք մեզ տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։Չկատարելով մեր խնդրանքը, Դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինակարգությունը եւ մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին”։ Նամակի պատճեններն ուղարկվել են ԿԸՀ նախագահին, արդարադատության նախարարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին: 




Լրահոս