Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով:
Որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:
Նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում: Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին:
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ