ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՌԱՋ ՊՈՌԱԼՈՎ՝ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ»

2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը խոստանում էր «առաջ Հայաստան», 2013թ. էլ նույն այդ կարգախոսը մի փոքր ձեւափոխվեց` «Առաջ դեպի ապահով Հայաստան»: Սերժ եւ Տիգրան Սարգսյանների իշխանավարման այս ողջ ընթացքում, սակայն, Հայաստանը, առաջ գնալու փոխարեն, հաստատուն քայլերով ետընթաց ապրեց: Ու այսօր իշխանությունների ձախողումները չի կարող թաքցնել անգամ պաշտոնական վիճակագրությունը:

ԱՎԾ-ի` երեկ հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-դեկտեմբերին» վերնագրով զեկույցը, որտեղ ամփոփված են նախորդ տարվա ցուցանիշները, ուղղակի վկայում է մեկ բանի մասին. Հայաստանում իրավիճակը հետեւողականորեն վատթարանում է: Ընդ որում, ամենալուրջ խնդիրը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն է: Դատե՛ք ինքներդ.
Նախորդ տարի Հայաստանից արտագաղթել է 42 հազար ՀՀ քաղաքացի: Ճիշտ է, 2012թ. համեմատ այդ թիվը մի փոքր նվազել է. եթե 2012թ. Հայաստանից հեռացել ու չի վերադարձել 49 հազար 660 ՀՀ քաղաքացի, ապա նախորդ տարի այդ թիվը կրճատվել է մոտ 7 հազարով: Սակայն պատկերը, այնուամենայնիվ, հուսադրող չէ, քանի որ մեր երկրի համար անգամ 42 հազար մարդու կորուստն ահռելի է:
Հայաստանից արտագաղթի տեմպերի մասին պատկերն ավելի լավ է երեւում, երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի: Հատկապես վերջին տարիներին Հայաստանից հիմնականում արտագաղթում են Բագրատաշենի կամ Բավրայի անցակետերով: Այսպես մարդիկ մեկնում են ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով. նախ` քանի որ էժան է, եւ հետո՝ հարմար է ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար: Բագրատաշենի անցակետով արտագաղթում են հիմնականում ՌԴ կամ ԱՊՀ այլ երկրներ:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2013թ. ընթացքում Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի, իսկ 2012թ. այդ թիվը կազմել էր 21 հազար 144: Այլ կերպ ասած, 2012թ. համեմատ, նախորդ տարի Բագրատաշենի անցակետով արտագաղթածների թիվն ավելացել է 18 հազար 582-ով: Կտրուկ ավելացել է նաեւ Բավրայի անցակետով արտագաղթածների թիվը. 2012թ. 8 հազար 288 ՀՀ քաղաքացու փոխարեն նախորդ տարի մեկնել է 13 հազար հոգի:
Անընդհատ նվազում է նաեւ բնական հավելաճը. 2013թ. ՀՀ-ում ծնվել է 41 հազար 770 երեխա` 2012թ. 42 հազար 480-ի փոխարեն: Այնինչ, ՀՀ կառավարության 2013թ. ծրագրում նախատեսված էր «ծնելիության գումարային գործակցի աճ` մինչեւ 1.8-ի»: Նույն թիվն էր նախանշված նաեւ կառավարության 2012-2017թթ. ծրագրում: Բայց այսօր արձանագրում ենք ծնելիության 1.7 տոկոս անկում: Իսկ բնական հավելաճը (ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը) 2013թ. կազմել է 14 հազար 605, որը 2012թ. համեմատ պակաս է 1.9 տոկոսով:
Իրականում, սակայն, բնակչության թիվը նվազում է ավելի մեծ տեմպերով. 2013թ. ծնվածների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարի մահացածների ու արտագաղթածների թվի գումարը. այստեղ բացասական մնացորդը կազմում է 27 հազար 396: Ասել է թե՝ միայն նախորդ տարի ՀՀ բնակչությունը նվազել է ավելի քան 27 հազար 396-ով:
Նախորդ տարվա ընթացքում նվազել է նաեւ ամուսնությունների թիվը. 2012թ. գրանցված 19 հազար 63 ամուսնության փոխարեն նախորդ տարի եղել է 18 հազար 363, ասել է թե` 3.7 տոկոս պակաս: Փոխարենը 15.6 տոկոսով ավելացել են ամուսնալուծությունները. 2013թ. այդ թիվը կազմել է 3 հազար 756:
Երկրի սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակի մասին է խոսում նաեւ ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերի թվի ավելացումը. 2012թ. 740-ի փոխարեն նախորդ տարի գրանցվել է 768 դեպք:
Սրանք հիմնական ժողովրդագրական տվյալներն են: ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին են խոսում նաեւ մի շարք այլ ցուցանիշներ: Վերցնենք, թեկուզ, մանրածախ առեւտրի օբյեկտների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները: 2012թ. ՀՀ-ում գործել է 19 հազար 22 մանրածախ առեւտրի օբյեկտ, 2013թ. այդ թիվը նվազել է` դառնալով 17 հազար 91: Հայաստանում պակասել է թե՛ խանութների, թե՛ կրպակների թիվը: 2012թ. ՀՀ-ում գործել է մինչեւ 5 աշխատող ունեցող 13 հազար 95 խանութ, 2013թ. այդ թիվը կրճատվել ու դարձել է 11 հազար 597: Այլ կերպ ասած՝ այս իշխանությունների կառավարման արդյունքում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում պարզապես ոչնչացվում է. որքան շատ է վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման մասին, այնքան այս ոլորտն ավելի է ամայանում:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին խոստացել էր 2013թ. տարեկան ցուցանիշների ամփոփումից հետո «անդրադառնալ դրված նպատակների ու ձեռք բերված արդյունքների միջեւ հնարավոր շեղումներին»: Արդյո՞ք Ս. Սարգսյանն այս բոլոր բացասական ցուցանիշներից հետո իր իսկ խոստմանը համաձայն պաշտոնանկ կանի Տ. Սարգսյանին, թե՞ լսելով նրա երկար-բարակ բացատրությունները, որ ձախողումների մեղավորը ոչ թե ինքն է, այլ արտաքին գործոնները, հասարակության եւ ոչ իշխանական քաղաքական ուժերի «ինադու» թույլ կտա նրան պաշտոնավարել:
Հ.Գ. Եվ ընդհանրապես, հետաքրքիր է` այս ամենից հետո Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն ուրիշ էլ ի՞նչ ձախողում պետք է գրանցեն, որ դրանից հետո հասկանան` իրենց պաշտոնավարման ամեն մի օրը վտանգավոր է երկրի համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՎ ԾՈՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցությունն օրերս կրկին շրջանառության մեջ է դրել 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ իշխանությունները նախորդ տարի խոստացել էին ընդունել ընդդիմության այդ առաջարկը` համաձայնելով հանձնաժողովի ստեղծմանը, սակայն վերջին պահին անհեթեթ մեկնաբանությունների արդյունքում մերժեցին նախագիծը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որն այն ժամանակ մինչեւ վերջ, ըստ էության, կողմնակից էր հանձնաժողովի ստեղծմանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խուսափեց այս անգամ կարծիք հայտնելուց. «Դեռեւս որեւէ քննարկում չի եղել, ոչինչ չեմ կարող ասել»: Մինչ այդ, երեկ հայտնի դարձավ, որ «Հայ ազգային կոնգրես»-ը մարտի 1-ին Ազատության հրապարակում նախատեսել է հանրահավաք, որից հետո նաեւ երթ. Երեւանի քաղաքապետարանն արդեն ի գիտություն է ընդունել հանրահավաքի անցկացման մասին իրազեկումը: Ի դեպ, փետրվարի 18-ին` նախագահական կեղծված ընտրությունների միամյակի օրը, Ազատության հրապարակում հանրահավաք է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդյո՞ք սա Րաֆֆու հերթական ծոմապահությունն է` մինչեւ ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքը, որպեսզի ամեն գնով ուշադրությունը սեւեռի իր վրա, թե ոչ, պարզ կդառնա կարճ առաջիկայում:

 

ԽԱԽՏԵԼ ԵՆ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները դժգոհեցին՝ հայտարարելով, որ իրենք դեռ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից նկատել են, թե «Արմենտել» ընկերության երեւանյան մասնաճյուղերում տեղադրված մոնիտորներին ռուսերենով է գրված, թե ինչ օր է, բաժանորդը որ պատուհանին մոտենա: Բացի այս՝ վրդովված քաղաքացիները տեղեկացրին նաեւ, որ որոշ գրասենյակներում էլ բաժանորդներին ռուսերենով են առաջարկում սպասարկող օպերատորին գնահատել: «Ժողովուրդ»-ը փորձեց «Արմենտել»-ի մամուլի պատասխանատու Անուշ Բեղլոյանից հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, որ հայ բաժանորդներին տեղեկատվությունը ռուսերենով է տրամադրվում. «Դա արտաքին ծրագրային սպասարկում է, արտադրվել է այլ ընկերության կողմից, եւ ծրագրում գոյություն չունի հայերեն: Սպասարկման գնահատումը նույնպես իրականացվում է հայերենով: Ընկերությունը միայն եւ միայն հայերենով է սպասարկում իր հաճախորդներին, եթե նա ցանկություն չի հայտնում ռուսերեն սպասարկվելու»: Սա խախտո՞ւմ է «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ասաց. «Իհարկե խախտում է: Հանրային բոլոր վայրերում տեղեկատվությունը պետք է տրվի նախ հայերեն, ապա՝ այլ լեզուներով: Այս դեպքում կարող է նաեւ վարույթ հարուցվել: Եթե նման ահազանգեր կան, ապա քաղաքացիները կարող են մեզ դիմել, եւ մենք հետեւողական կլինենք»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Վարչապետը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը նոր թափ կհաղորդի հայ-իտալական հարուստ պատմական եւ մշակութային կապերի վրա հիմնված հարաբերություններին:

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ

ԵԽԽՎ նիստում նախօրեին քննարկվել է սիրիացի փախստականների հետ կապված բանաձեւը, որի ընթացքում ԵԽԽՎ-ն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի եւ Իրաքի իշխանություններին՝ մեծ թվով փախստականների պատսպարելու համար, ինչպես նաեւ ԵԽ անդամ հանդիսացող եւ չհանդիսացող այն երկրներին, որոնք ապաստան են տրամադրել փախստականներին՝ Հայաստանին, Ավստրիային, Բուլղարիային, Ֆրանսիային, Գերմանիային, Լյուքսեմբուրգին, Շվեդիային ու Շվեյցարիային:

 

ՀՐԱՎԻՐԵԼ Է

Երեկ պետական այցով Չեխիայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են միջխորհրդարանական շփումները, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի եւ Չեխիայի շահերին առնչվող հարցերի վերաբերյալ փոխադարձ ընկալումը խորացնելու եւ համագործակցություն ծավալելու համար: Ս. Սարգսյանն ասել է, որ ուրախ կլիներ Հայաստանում հյուրընկալել Չեխիայի խորհրդարանի ղեկավարությանը:

 

«12 ԱԹՈՌԻ» ՆՄԱՆ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Որոտանի հէկ-ի վաճառքը նմանեցրել է «12 աթոռ» ֆիլմին, որում հայր Ֆյոդրի կինը շատ օպերատիվ ու հետեւողականորեն վաճառում է տան եղածը հանուն իրենց անձնական, նեղ նպատակների: «Որոտանի հէկ-ի արժեքը ամենայն հավանականությամբ շատ ավելին էր, քան 250 մլն դոլարը: Բայց դա էական չէ: Ավելի էական է այն, որ մեր եղածը մենք օտարել ենք, որը, ըստ էության, չի կարելի ողջունել»,-«Ա1+»-ին ասել է Բոստանջյանը` չբացառելով, որ մի օր ԱՄՆ-ը կարող է Որոտանը վաճառել, օրինակ, Թուրքիային կամ Ադրբեջանին: «Սեփականատերը կարող է իր համար հարմար պայմաններով օտարել մեկ ուրիշին: Որեւէ մեկի խոսքն այստեղ չի կարող երաշխիք հանդիսանալ»,-նշել է տնտեսագետը:

 

ՈԳԵՎՈՐՎԱԾ Է

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայտարարել է, թե ոգեւորված է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի առքուվաճառքի գործարքով. «Այս ներդրումը Միացյալ Նահանգների կողմից երբեւէ կատարված ամենամեծ ներդրումը կլինի Հայաստանի էներգետիկ ոլորտում, որ կարժենա 180-250 մլն, նայած՝ ինչպես է դա հաշվարկվում: ԱՄՆ դեսպանությունում մեր առաջնակարգ խնդիրներից մեկը Հայաստանի հետ առավել ամուր ներդրումային եւ առեւտրային կապերի ձեւավորումն է, եւ այս գործարքի ստորագրումը դրա ապացույցներից մեկն է»:




Լրահոս