Քիչ առաջ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը “Էրեբունի Պլազա” հյուրանոցում հայտարարեց կուսակցության` մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի մասին: “Մենք քո ընկերն ենք. Ազատություն, արդարություն, դաշնակցություն” կարգախոսով դաշնակցականները սկսեցին ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը։ ՀՅԴ անդամ, կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականում գտնվող Աղվան Վարդանյանը իր ելույթում նշեց, որ իրենց կուսակցությունը շոուներ, թատրոններ, պարեր չի անելու, այլ փորձելու են տարբեր միջոցներով հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերը: Դաշնակցության անդամ Դավիթ Լոքյանը, ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, նշեց. “Այսօրվա քաղաքական դաշտում ունենք լուրջ մրցակիցներ, և մեր քաղաքական խնդիրն է այդ քաղաքական ուժերի նկատմամբ հաղթանակ ունենալը: Այո, Դաշնակցության ծրագրում առկա է մաքսիմալիզմ: Ամենաողբերգական բանը, որ մեր երկրում գոյություն ունի, այն է, որ քաղաքացին ունենալով այս կամ այն երկրում ապրելու հնարավորություն՝ հայտարարում է այդ մասին”: Նա խոսեց օրեցօր աճող արտագաղթի մասին` համարելով, որ մեր երկրի համար արտագաղթը տասը տարի հետո կարող է դառնալ իսկական աղետ: Դ. Լոքյանը կարևորեց մասնավորապես մարզպետների նշանակման համակարգը փոխելը:
Խորհրդարանում լինելու դեպքում Դաշնակցությունը կավելացնի Ղարաբաղին տրվող օժանդակությունը, քանի որ կուսակցությունը համոզված է՝ Ղարաբաղը պետք է վերաբնակեցվի: Նշենք, որ ՀՅԴ քարոզարշավի մեկնարկին առաջին շարքերում էր նաև ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ չգտած Վարդան Բոստանջյանը: