ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷՊՈՍԱԳԵՏԻ ԿԻՆԸ՝ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արդեն երեք օր է, ինչ բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նամակը: Չնայած դեռ հայտնի չէ՝ արդյոք Սեդրակյանն է այս նամակի հեղինակը, թե ոչ, բայց նրա կինը` Ռուզաննա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նամակում նշված փաստերը համապատասխանում են իրականությանը:

 

Ի՞նչ նամակի մասին է խոսքը
Եվ այսպես, «Առաջին լրատվական»-ին քրեակատարողական հիմնարկից մի նամակ էին ուղարկել, որտեղ պատմվում էր, թե քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Ալիկ Աբրահամյանը եւ նրա որդին՝ նախկին «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանն են հովանավորել եւ ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը, մեծ գումարներ ներդրել, իսկ հետո հետ պահանջել այն:
«2011-2012թթ. Էդուարդ Ափրահամյանը հիմնեց «Չորրորդ հանրապետություն» կուսակցությունը: 2012թ. գարնան վերջին ամռան սկզբին Ալեքսանդր Ափրահամյանի եւ նրա որդու՝ Էդուարդ Ափրահամյանի կողմից եղավ առաջարկ՝ մասնակցելու 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Ես պատասխանեցի, որ դա լուրջ չէ, քանի որ այդպիսի քայլը պահանջում է քաղաքական լուրջ կապեր եւ ֆինանսական միջոցներ: Նրանք խոստացան, որ կարող են ապահովել այդ երկու խնդիրների լուծումները: Ալեքսանդր Ափրահամյանը պետք է ապահովեր իր արտասահմանյան կապերն ու հայկական բանակի իր ընկեր սպաների կապերը: Խոստացան նաեւ հոգալ բոլոր ֆինանսական ծախսերը: Քարոզարշավի ժամանակ իմ շատ ծանոթներ եւ ազգականներ ու ընկերներ բազմիցս գալիս էին իմ նախընտրական շտաբ եւ վերցնում էին քարոզարշավի բուկլետներ ու տարածում էին Հայաստանով մեկ: Այդ նույն պատճառով էլ Նոր տարվա տոներից հետո ինձ մոտ եկան Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը: Հետագայում նրանք պարբերաբար գալիս եւ տանում էին նախընտրական գրականություն, որը, ինչպես պարզվեց հետագայում, ոչ մի տեղ էլ չէին տարածել, այլ լցրել էին Խաչատուր Պողոսյանի տանը»:
Ըստ Սեդրակյանի նամակի՝ Պ. Հայրիկյանի վրա կատարված մահափորձի մասին ինքն իմացել է հեռուստատեսությունից եւ համացանցից. «Անակնկալի եկա, երբ նախաքննական մարմինը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով իմ անունը: Հետագայում Ալիկ Ափրահամյանը բազմիցս սպառնացել է իմ ընտանիքին, որ իմ ճակատագիրը իր ձեռքերում է, եւ ինքը կարող է որոշել, թե ինձ ինչ կարող է պատահել: Իր կապերի միջոցով (ընդհուպ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան) կարող է ինձ դատել կամ էլ ազատ արձակել, եթե իմ ընտանիքը իրեն չվճարի սկզբում 10.000.000 ԱՄՆ դոլար: Հետագայում պահանջեց 3.000.000, իսկ վերջերս գոնե 1 500 000 ԱՄՆ դոլար: Նա նույնիսկ հայտարարել է, որ իր շնորհիվ է, որ ինձ դատապարտեցին 14 տարով: Պետք եղած ժամանակ իր ձեռքերը երկար են, ինքը կարող է վնասել ինձ եւ իմ ընտանիքին: Մասնավորապես հարձակման փորձ է կատարել տղայիս նկատմամբ»:
Իհարկե, Ալիկ Աբրահամյանն ասել է, թե այն, ինչ գրված է նամակում, սուտ է եւ զառանցանք: Ավելին, ինքն անգամ Սեդրակյանին չի ճանաչել ու ձեռքով բարեւ չի էլ տվել: Հարցին, իսկ թե ինչու է հենց իր եւ որդու անունը շոշափվում այս պատմության մեջ, եթե, ինչպես ինքն է ասում, կապ չի ունեցել Սեդրակյանի հետ, նշել է. «Դե երեւի հիմա իրեն ձեռք ա տալիս, որ հիմա էդ պատմությունները կապի մեր հետ: Բայց թե ինչ շահագրգռվածություն ունի, չեմ կարող ասել: Իրե՛ն հարցրեք: Ինձ չի հետաքրքրում»:
Ինչեւէ, մինչ էպոսագետի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը պատրաստվում է հանդիպել Սեդրակյանի հետ՝ պարզելու նամակի հեղինակին եւ որոշելու հետագա անելիքները, Վ. Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Աբրահամյաններն իրականում սպառնացել են իր ընտանիքին, ինչի հետեւանքով ամիսներ առաջ ինքը դիմել է ոստիկանություն եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. «Ես չգիտեմ՝ իմ ամուսինն է այդ նամակի հեղինակը, թե ոչ: Եթե ես չեմ փոխանցել նամակը, փաստաբանն ասում է՝ ինքը դա չի արել, բա ինչպե՞ս հայտնվեց այդ նամակը: Սակայն նշեմ, որ այն, ինչ ներկայացված է նամակում, իրականություն է: Աբրահամյանը մեզ սպառնացել է, ու ես այդ մասին բողոք եմ ներկայացրել: Իմ բողոքից հետո սպառնալիքներն ընտանիքիս նկատմամբ վերացել են»:
Ըստ Սեդրակյանի կնոջ՝ անգամ իր ընտանիքը ներկա է եղել Աբրահամյանի որդու հարսանիքին. «Ինքն է ֆինանսավորել իմ ամուսնու նախընտրական քարոզարշավը, ու դա բոլորը գիտեն: Նա ինձ հետ խոսել է ու ասել, որ մինչեւ Սերժ Սարգսյանը կապեր ունի ու անձամբ ինձանից էլ 1 500 000 ԱՄՆ դոլար գումար է պահանջել: Ի՞նչ անեմ, կոկորդս պատռե՞մ, որ ինձ հավատաք: Կա՛մ ես խելագար եմ, որ ասում եմ՝ Աբրահամյանն ինձանից գումար է պահանջել, կա՛մ էլ Աբրահամյանը ստախոս է ու այդ ամենով հանդերձ, որակում է տալիս մարդկանց, ապշած եմ: Կգա ժամանակ, որ Աբրահամյան Ալիկը կստանա իր պատիժը: Եթե ուրիշ մեկի անունն այս դեպքերի մասով հրապարակվեր, երեւի նա հիմա նստած կլիներ բանտախցում, սակայն իրենք հովանավորներ ունեն, ու տեսնում եք, թե ինչ է կատարվում»: Թե ովքեր են հովանավորում նրան, տիկին Սեդրակյանը չկարողացավ հստակ ասել, միայն հոգոց հանեց, թե մեր երկրում կատարվող ոչնչից այլեւս չի զարմանում եւ այլ բան չի կարող ավելացնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԵԼ Է

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու` առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկող հայցը ՀՀ վերաքննիչ դատարանում քննող դատավոր Լիլիթ Թադեւոսյանը, ըստ ազատամարտիկների, պարզապես փախել է: «Դատավորը չգնաց, նա ուղղակի փախավ, որովհետեւ ասելու բան չունի, մարդկանց աչքերի մեջ չի կարող նայել, իրենք կարող են ընդամենը դռնփակ նիստում մեկ փաստաբանի աչքերին ուղղակի լկտիաբար նայելով, գլուխը կախ մի որոշում կայացնել ու փախնել. մինչեւ ո՞ւր եք փախնելու»,-NEWS.am-ին ասել է «Խաչակիր» հ/կ-ի նախագահ Գագիկ Սարուխանյանը: Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում Վ. Ավետիսյանին սատարելու եկած ազատամարտիկներն առաջին ատյանի դատարանի վճիռը անփոփոխ թողնելու վերաքննիչ դատարանի որոշումից հետո չէին հեռացել եւ պահանջել էին հանդիպում վճիռը կայացրած դատավոր Լիլիթ Թադեւոսյանի հետ: «Մեղավոր ա, դատե՛ք, մեղավոր չի, բա՛ց թողեք, ի՞նչն ա պատճառը՝ էդքան ձգում եք ամիսներով,-նշել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը՝ նաեւ «լկտիություն» անվանելով փաստը, որ հունվարի 31-ին, չնայած առողջական լուրջ խնդիրներին, Վ. Ավետիսյանի որդուն բանակ են զորակոչել,-հիվանդ զորակոչիկին բանակ տանելը բնորոշում է բանակի որակը»:

 

ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ

Հունվարի 29-ին Բաքվի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով անցել է Հայաստանի սահմանը: Օրուջեւն իր այս որոշումը հիմնավորել է ադրբեջանական իշխանությունների կողմից իր եւ իր ընտանիքի հանդեպ գործածված հալածանքներով: Ըստ նրա` պատճառն իր կնոջ` 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հայկական արմատներն են: Ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշման տակ Օրուջեւը պարտադրված համաձայնել է համագործակցել վերջինների հետ եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ սփյուռքի վերաբերյալ: Նա անգամ փորձել է իր ընտանիքի հետ մեկնել Եվրոպա՝ բնակության, սակայն այնտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել ՀՀ իշխանություններից:

 

ԲԱՅՑ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանդարտ է եղել: «Նախորդ օրերի համաձայն՝ հրադադարի խախտման դեպքերը նվազել են»,-NEWS.am-ին ասել է նա:

 

 

 

 

ԲԼԹ
«Հարգելի՛ Սուսաննա Սարգսյան: Անգնահատելի է Ձեր աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարեւորագույն գործում»:

Տարոն Մարգարյան
ՀՀԿ-ական քաղաքապետն այս նամակով դիմել էր Երեւանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրենին, որը դատապարտվել էր պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով: Ստացվում է, որ ըստ Տ. Մարգարյանի՝ պետականությունը կայանում ու պահպանվում է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու միջոցով: Սա տիպիկ իշխանական մոտեցում է, քանի որ պետական միջոցները յուրացնելու գործում դժվար թե Տ. Մարգարյանի թիմակիցները լուրջ մրցակիցներ ունենան: Կամ էլ քաղաքապետի աշխատակիցներն այնքան անուշադիր են, որ մեխանիկորեն շնորհավորանքներ են ուղարկում՝ առանց նայելու, թե ով է հասցեատերը:

 
«Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հազարավոր դեպքեր կան, երբ պաշտոնյաները գիտական աստիճան են ստանում: Այլ հարց է, եթե թեկնածուն արժանի չէ… գիտելիքներ չունի, պետք է ապացուցել»:

Ռադիկ Մարտիրոսյան News.am
Հետաքրքիր է, իսկ ո՞վ է ապացուցելու եւ ինչպե՞ս է ապացուցելու Տարոն Մարգարյանի՝ գիտությունների թեկնածուի աստիճանին արժանի չլինելը, երբ վերջինիս թեկնածուական ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողներին թույլ չէին տվել ներկա գտնվել: Եվ դժվար թե ԳԱԱ նախագահն այդ մասին տեղյակ չլիներ: Իսկ եթե խուսափել են լրագրողների ներկայությունից, ուրեմն անպայման թաքցնելու բան են ունեցել: Վերջիվերջո, Ռ. Մարտիրոսյանն էլ նույն իշխանությունների սիրելին է… Իրենց ձեռքում է. կուզեն՝ Տ. Մարգարյանին գիտությունների թեկնածու կդարձնեն, կուզեն՝ պրոֆեսոր:

 
«ԱՎԾ-ն իրավունք չունի անճշտություններ հրապարակելու: Եթե ինչ-որ վիճակագրական տվյալներ չեն համապատասխանում նրանց… պետք է պարզաբանումներով դիմել հայտարարության հեղինակին»:

Ստեփան Մնացականյան News.am
Այսինքն՝ ԱՎԾ ղեկավարն անճշտություններ է համարում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած տվյալնե՞րը 2009թ. տնտեսական անկման մասին: Ուրեմն կա՛մ վարչապետը տեղյակ չէ երկրի տնտեսության ցուցանիշներից, կա՛մ էլ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը: Երկրորդ տարբերակի հավանականությունը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ԱՎԾ աշխատանքի ադիբեկյանական ոճը վաղուց արդեն հայտնի է բոլորիս, եւ նրանց հրապարակած տվյալները վաղուց արդեն որպես հիմք չեն ընդունվում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս