Հայաստանում լցոնումների սկիզբը դրվել է հենց ՀՀՇ-ի օրոք. ՀԿԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ես դիտել եմ բոլոր կուսակցությունների տեսահոլովակները, եւ  ինձ թվաց՝ բոլորը վերցրած են մեր լոզունգներից: Բոլորը կառուցում են սոցիալիզմ, բոլորը ժողովրդի ծառաներն են, իսկ ժողովուրդը նրանց չի ուզում: Այդ տեսահոլովակները ինձ մեկ անգամ ևս հուշեցին, որ բոլորն էլ զգում են, թե ժողովուրդը ինչ սոցիալական անարդարության և ճնշման տակ է, ու ստիպված են վերցնել Կոմկուսի լոզունգներից: Թող խաղ չանեն ժողովրդի հետ: Թալանեցին ժողովրդին եւ հիմա ուզում են վերադարձնել: Վերադարձնել կարող է միայն Կոմունիստական կուսակցությունը”,- այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ ՀԿԿ-ն խորհրդարան անցնելու 15-17 տոկոսի ակնկալիք ունի. “Մեր ընտրողը Հայաստանի ողջ բնակչությունն է՝ այն մարդը, ով խեղճ է, ով այս հասարակարգում ճնշված է, ով արտագաղթի պայուսակները արդեն պատրաստել է: 1 մլն 300 հազար աղքատ կա երկրում, եւ այդ 1 մլն 300 հազարը մեր ընտրողն է”: Թովմասյանի խոսքերով՝ 70 տարի առաջ, երբ Կոմունիստական կուսակցությունը եկել է իշխանության, բնակչության 89 տոկոսը եղել է անգրագետ. “Մենք անգրագիտությունը վերացրինք, բացվեցին հազարավոր դպրոցներ: Ձեթից, նավթից, ճրագից հասանք մինչև ատոմակայան, անգրագիտությունից՝ մինչև Գիտությունների ակադեմիա, որտեղ նախկինում աշխատում էր 27 հազար մարդ, իսկ հիմա մնացել է 3000-4000-ը”: Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում համոզել ընտրողին իր ձայնը հենց իրենց տալ, Կոմկուսի առաջնորդը պատասխանեց. “Մենք ընտրողին համոզելու ենք, որ այսպես ապրել այլևս հնարավոր չէ: Պետք է ազգայնացնել բոլոր ռազմավարական ճյուղերը՝ մոլիբդենը, ոսկին, ալկոհոլը, պղինձը: Հաջորդը կրթության բնագավառն է: Պետք է բարելավել կրթական համակարգը՝ անցնել սովետականին, վերացնել միասնական քննությունները: Երրորդ ոլորտը առողջապահությունն է: Պետք է այնպես անել, որ այն հասանելի լինի յուրաքանչյուրին”: Թովմասյանը նշեց. “Եթե մենք խորհրդարան չանցնենք, միևնույն է՝ սոցիալիստական գաղափարը անմահ է, այն կպահպանվի անվերջ: Հայաստանում լցոնումները շատ են, որոնց հիմքը դրվել է դեռևս ՀՀՇ-ի օրոք: Հարցը այն չէ, որ մենք չենք անցնի խորհրդարան, այլ այն, որ շատ են կեղծիքները: Մեր հիմնական մրցակիցներն են բոլոր կուսակցությունները, մանավանդ՝ ՀԱԿ-ը, քանի որ երկիրը շողուլից գցեցին ՀՀՇ-ականները։ Երեկ եւ այսօր մեր բոլոր շրջանային կուսակցական կազմակերպությունները զբաղված են եղել պարզապես մարդկանց հետ զրուցելով, քանի որ երեկ Զատիկն էր, իսկ այսօր՝ Մեռելոցը: Մենք մեր քարոզարշավը կսկսենք ամսի 15-ից: Հիմա աշխատում ենք այլ ուղղությամբ”։




Լրահոս