Ժառանգություն-ն ու Ազատ Դեմոկրատներ-ը քարոզարշավը մեկնարկեցին օրհներգի կատարումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն”-ը եւ կուսակցության հետ նույն ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցող “Ազատ դեմոկրատներ”-ն իրենց նախընտրական քարոզարշավն “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում մեկնարկեցին միայն օրհներգի կատարումից հետո: Իսկ մինչ մեկնարկը դահլիճում հնչում էր Արտո Թունջբոյաջյանի “Արարատ” երգը: “Ինչպես գիտեք` մենք բոլորս գնում ենք դեպի նոր Հայաստան, իսկ նոր Հայաստանի առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է”,- քարոզարշավի մեկնարկն այսպես ազդարարեց “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ ի տարբերություն այլ կուսակցությունների՝ իրենք ընտրությունների չեն գնում ողորմության, կեղծ բարեգործության վրա հիմնվելով: Անդրադառնալով համամասնական ցուցակի վերաբերյալ դժգոհություններին՝ նա ասաց. “Մեկընդմիշտ պատասխանեմ կեղծ հայրենասերներին, չարախոսներին. մենք գործ ունենք անելու` միասին և ի հեճուկս նրանց, բոլորին ներում եմ` իրենց սխալ արտահայտությունների համար”: 
“Մայիսի 7-ին կզարթնենք մի վայրում, որտեղ ժողովուրդը տիրություն է անելու թե՛ մեծամասնականով, թե՛ համամասնականով”,- նշեց “Ժառանգության” առաջնորդը, ապա մեկ առ մեկ թվարկեցին իրենց միասնական ցուցակի 73 անունները: Ցուցադրվեց կուսակցության նախընտրական տեսահոլովակը:




Լրահոս