ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Հայտնի օֆշորային սկանդալը նոր նրբերանգներ է ստանում: Շուրջ 7 ամիս հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանին վերջապես հաջողվեց բռնել Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան էր ժամանել: Իսկ մինչ Վրաստանում շարունակվում է Սուքիասյանի արտահանձնման 40-օրյա գործընթացը, «Պրոմեթեյ» բանկն աճուրդի է հանել այն առանձնատունը, որտեղ ապրում է Աշոտ Սուքիասյանի միակ որդին:

Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ
Հիշեցնենք՝ hetq.am-ը բացահայտել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը: Բանն այն էր, որ նշված ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Ըստ հրապարակման՝ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:
Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չէր կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին: Արդյունքում գործարար Փայլակ Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ճանաչվել տուժող:
Վերը նշված վարկային պատմության առթիվ հարուցվել է քրեական գործ: Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածներով:
Այս ընթացքում ոստիկանության քրեական գլխավոր վարչությունում հարցաքննվել է «Ամերիաբանկ»-ի տնօրինության անդամ, կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Հենց նա է զբաղվել Աշոտ Սուքիասյանի վարկի գործերով: Զարմանալի է, բայց առայժմ չեն հարցաքննվել բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ AMERIA GROUP (CY) LIMITED-ի տնօրեն, բանկի խորհրդի անդամ Անդրեյ Մկրտչյանը, չէ՞ որ նշյալ երեք պաշտոնյաներն անմիջական առնչություն են ունեցել վարկային այս պատմության հետ ու դրա պատասխանատուն են ըստ էության:

Հեքիաթներն ու իրականությունը
Եվ այսպես, մինչ ոստիկանությունը շարունակում է քննությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հայտարարեցին, թե իրենք որեւէ կապ չունեն օֆշորում գրանցված ընկերության հետ:
Իսկ ահա գործարար Սուքիասյանը hetq.am կայքի միջոցով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նամակ էր գրել՝ հայտնելով, թե այդ կազմակերպության հիմնադիրն ինքն է. «Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:
Սակայն գործարարի այս հայտարարությանը հավատացողների գլխին սառը ջուր լցրեց Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը՝ ասելով, թե Կիպրոսում հնարավոր չէ որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել՝ առանց տվյալ անձի թույլտվության կամ նրա լիազորված անձի ներկայության:
Թե ինչ ընթացք կստանա այս պատմությունը Աշոտ Սուքիասյանի կալանավորումից հետո, դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի քաղաքական կնքահայր Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի մտերիմ Գագիկ Համբարձումյանը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետը, իբրեւ թե զբաղված է Տ. Սարգսյանի եւ օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունները համադրելով, փորձաքննելով: Ու այս 7 ամսվա ընթացքում Գագիկ Համբարձումյանն այդպես էլ չի կարողանում հասկանալ՝ փաստաթղթերի տակ վարչապետի ստորագրությունն է դրված, թե այլ մարդու:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը 2013թ. նոյեմբերի 11-ին հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ հետաքրքրվելով, թե ինչ ընթացքի մեջ է գործը, արդյոք փորձաքննության ուղարկված Սարգսյանի եւ Կճոյանի ստորագրությունները համընկել են օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունների հետ: Ոստիկանությունից հայտնել էին. «Փորձագիտական կենտրոնը միջնորդություն է ներկայացրել փորձաքննությանն առաջարկված հարցերին պատասխանելու համար տրամադրել փաստաթղթերի բնօրինակները: Նախաքննական մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունը, գլխավոր դատախազության միջոցով իրավական օգնության միջնորդություն է ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին՝ պահանջվող փաստաթղթերի բնօրինակները առգրավելու եւ նախաքննությանը տրամադրելու խնդրանքով»: Եվ ահա մինչ օրս հայտնի չէ, թե արդյոք փորձաքննության ուղարկված Սարգսյանի եւ Կճոյանի ստորագրությունները համընկել են օֆշորային փաստաթղթերի տակ դրվածների հետ:

Կալանավորված գործարարի ընտանիքի հետքերով
Ի՞նչ են մտածում Աշոտ Սուքիասյանի հարազատները նրա շուրջ ստեղծված պատմության մասին: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի փողոցի թիվ 11 տուն, որտեղ բնակվում է գործարարի որդին՝ Էդգար Սուքիասյանը: Մեզ չհաջողվեց զրուցել նրան հետ: Չնայած առանձնատան դարպասները բաց էին, սակայն հարեւանուհին ասաց, թե սենյակը, որտեղ ապրում է Էդգարը, փակ է, եւ նա ուշ կվերադառնա տուն:
Պարզեցինք, որ այդ տունը վաղուց արդեն «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի սեփականությունն է: Բանն այն է, որ Աշոտ Սուքիասյանը բանկից 4,6 մլն դոլարի վարկ է վերցրել եւ չի կարողացել վճարել: Բանկը վաճառքի է հանել նաեւ այն առանձնատունը, որտեղ դեռեւս ապրում է Սուքիասյանի որդին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԶՐՊԱՐՏԱ՞ՆՔ

Չնայած նրան, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, մեղադրանք է առաջադրվել քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ հնչեցրած սպառնալիքների համար, Սպարտակը կատարվածը շառ ու զրպարտանք է համարում:
Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սպարտակ Ղուկասյանը՝ հայտնելով, թե ինքը ոստիկանությունում պատմել է ամեն ինչ. «Ասել եմ, թե այդ ժամին որտեղ եմ եղել, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ: Սա զրպարտանք է, ու թող ոստիկանությունը պարզի՝ ով է զրպարտում, ու ասի, թե ով ով է»: Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով` խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Մինչդեռ Բալասանյաններից որեւէ մեկը չի վնասվել:

 

 

 

 

 
ԲԼԹ

 

«Սա վերաբերվելու է տարբեր ուղղություններով ՌԴ պետական պահուստները ՀՀ տարածքում պահելուն, համատեղ կառավարելուն, տնօրինելուն. սա ենթադրում է խոշոր ենթակառուցվածքի ստեղծում՝ սկսած տեխնիկայից մինչեւ սնունդ»:

Արթուր Բաղդասարյան «Արմենպրես»
ԱԽՔ-ը նկատի ունի 2014-ին նախատեսվող «Հայռուսպետռեզերվ» համատեղ ձեռնարկությունը, որը հիմնվելու է Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում: Եվ ՌԴ պետական պահուստները, այդ թվում՝ սնունդը, Հայաստանի տարածքում պահվելու են իբրեւ թե արտակարգ իրավիճակների համար: Նախ, կարծում ենք, որ թեկուզեւ խոսքը սնունդի մասին է, այնուամենայնիվ, սա այն ինֆորմացիան չէ, որը պետք է հրապարակավ հայտարարել, հատկապես եթե հայտարարողը պատերազմական վիճակում գտնվող երկրի անվտանգության խորհրդի քարտուղարն է: Թեեւ դավաճանության մեջ մեղադրված մարդը ի՞նչ պիտի հասկանա անվտանգությունից:

 

«Բանակը կարող է օգտագործվել արտակարգ դրության պայմաններում, բայց հանրահավաքները չի ցրի»:

Հրայր Թովմասյան News.am
Իսկ ի՞նչ խնդիր է ՀՀ իշխանությունների համար խաղաղ հանրահավաքներից ստեղծել արտակարգ դրություն: Սադրանքներ անելու եւ ուժային գործողություններ հրահրելու իշխանական տեխնոլոգիաները վաղուց արդեն հայտնի են, եւ նորանկախ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ բանակն օգտագործվել է հանրահավաքների դեմ, արդյունքում էլ ստեղծվել է արտակարգ դրություն: Այնպես որ, եթե արդարադատության նախարարն ասում է, որ բանակը հանրահավաքներ չի ցրի, դա դեռ չի նշանակում, որ չի ցրի, քանի որ Հրայր Թովմասյանը հիմնականում ասում է այն, ինչը պահանջվում է ասել իշխանությունների կողմից:
«Գյումրին երբեւէ կրիմինալ համբավ չունի եւ չի ունեցել: Կխնդրեմ մեկ-երկու ստահակների միջին չափի խուլիգանություններին արհեստական մեծ հնչեղություն չհաղորդել»:

Րաֆֆի Ասլանյան «ԳԱԼԱ»
Բայց ոչի՞նչ, որ Շիրակի մարզի դատախազը, «մեկ-երկու ստահակներ» ասելով, նկատի ունի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որի մասնակցությամբ հաճախ են միջադեպեր լինում: Իսկ Սպարտակի արածները որքանո՞վ են միջին չափի խուլիգանություն, եթե հաշվի առնենք նրա անվան հետ կապվող նախորդ միջադեպերը, օրինակ` Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությունը: Միայն Ղուկասյանների ընտանիքը կրիմինալի հետ կապելն արդեն բավական է, որպեսզի Գյումրին կրիմինալ քաղաքի համբավ ձեռք բերեր: Ի վերջո, Գյումրու քաղաքապետն էր Վարդան Ղուկասյանը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս