Սամվել Ֆարմանյանը պատասխանել է Վլադիմիր Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, Հանրային հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի տնօրեն Սամվել Ֆարմանյանը պատասխանել է ՀԱԿ ներկայացուցիչ, նույն ընտրատարածքում իր մրցակից Վլադիմիր Կարապետյանին, ով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել: Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ես հայտարարել եմ, որ անելու եմ ինձանից կախված հնարավորն ու նույնիսկ անհնարը՝ մեր ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օրինակելի ընտրությունների անցկացման եւ քաղաքակիրթ ընտրապայքար տանելու ուղղությամբ: Հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարեւոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է: Ավելորդ է ասել, որ ես պատրաստ եմ նման բանավեճի: Քաղաքացին, ընտրողը նաեւ համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա”: “Հատուկ չեմ անդրադառնում պարոն Կարապետյանի կողմից հնչեցված այլ գնահատականներին, քանի որ այդ ամենի ժամանակը կլինի: Միայն հավելեմ, որ ես երկար ժամանակ է չեմ այցելում հեռուստատեսություն, գտնվում եմ արձակուրդում, ինչն, ի դեպ, ոչ թե օրենքի պահանջ է, այլ իմ կողմից կայացված քաղաքական որոշում, եւ զբաղվածության թելադրանքով նույնիսկ տեղյակ չեմ ինչ լուրեր են հեռարձակվում Առաջին լրատվականի եթերում: Անկեղծորեն խոստովանեմ, նույնիսկ չեմ հասցնում նայել: Եթե պարոն Կարապետյանը խոսում է Հ1-ի կողմից անհավասար պայմանների մասին, ապա ես ենթադրում եմ, որ Առաջին լրատվականի եթերում ինձ լուսաբանել են, իրեն՝ ոչ: Գուցե ե՞ս էլ իմանամ, թե ինձ երբ են լուսաբանել”:




Լրահոս