Մենք կարող ենք խորհրդարանում որակական փոփոխություններ մտցնել. ՀԴԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր քարոզարշավի մեկնարկը կտրվի վաղը, ժամը 6-ին, “Պատանի հանդիսատես”-ի թատրոնում: Այս ընտրապայքարի շրջանակներում մենք առաջին անգամ կհանդիպենք ընտրողների հետ: Ամսի 13-ին կլինենք Գյումրիում, 14-ին՝ Մասիսում, 15-ին՝ Վանաձորում, և այսպիսով՝ բոլոր մարզերում: Հիմնական խնդիրն այն է, թե ինչպես մեր կողմնակիցներին ներկայացնենք մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները”,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշել է, որ իրենց ծրագրի կարևոր կետերից մեկը պետական հատուկ սոցիալական ֆոնդի ստեղծումն է, որը երիտասարդ ընտանիքներին հնարավորություն կտա բնակարան ձեռք բերել։ “Առաջին երեխայի ծնունդը մարելու է վարկի 15-20 տոկոսը, երկրորդ և երրորդ երեխայի ծնունդը՝ 30-35 տոկոսը, իսկ չորրորդ երեխան ծնողներին կազատի վարկից: Հանդես ենք գալիս այս առաջարկով՝ ելնելով մեր այսօրվա ժողովրդագրական վիճակից, և որովհետև մեր պետությանն անհրաժեշտ են բանակում ծառայող երիտասարդներ, ովքեր նաև պետք է զարգացնեն տնտեսությունը, դաստիարակեն երեխա”,- ասել է Ա. Սարգսյանը:Ըստ բանախոսի՝ այսօր մարդիկ 3-4 անգամ քիչ են վարձատրվում՝ իրենց աշխատածի համեմատ: Պատճառն այն է, որ այս համակարգում չկան արհմիություններ և քաղաքական կամք՝ աշխատողների շահերը պաշտպանելու համար։ “Մեր նպատակն է փոխել այս համակարգը: Ես վստահ եմ, որ կարող ենք խորհրդարանում որակական փոփոխություններ մտցնել: Չնայած քաղաքական էլիտան մեր մուտքին թերահավատորեն է վերաբերում, բայց մեր կողմնակիցների թիվն օր օրի ավելանում է”: ՀԴԿ առաջնորդի կարծիքով՝ մարդկանց 40-45 տոկոսը առհասարակ չի ուզում մասնակցել ընտրություններին կամ էլ որոշում է դեմ քվեարկել բոլորին: “Արդյունքում շատ հնարավոր է, որ մենք ունենանք ընդամենը 800-900 հազար ընտրող։ Իսկ նախորդ ընտրություններին պարտվեցինք, քանի որ չէինք արել այն, ինչը կարող էինք”,- ամփոփել է Ա. Սարգսյանը:




Լրահոս