ինքնաբացարկ հայտարարած թեկնածուն ուղեղի ցնցում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված և շաբաթ օրը թեկնածությունից հրաժարված անկուսակցական Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել։ Այս մասին “Ազատություն” ռադիոկայանը տեղեկացել է “Արմավիր” բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի փաստաթղթերում գրանցված է եղել, որ նա և նրա ազգականը՝ Մուշեղ Մխոյանը, ուրբաթ օրը երեկոյան տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Մերուժան Մխոյանի կինն ու ընտանիքի անդամները “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցներում հավաստել են, որ նրանք վնասվածքները ստացել են ուրբաթ օրը վաղ առավոտյան իրենց տան մոտ սկսված, հետո Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ շարունակված ծեծի հետևանքով: Չնայած “Արմավիր” բժշկական կենտրոնի մատյանում նշված է, որ Մերուժան Մխոյանը ստացել է ուղեղի ցնցում, ձախ ստորին կոպի հեմատոմա, կոնքազդրային հոդի վնասվածք, Մուշեղ Մխոյանն էլ վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, վերին շրթունքի, ծոծրակի ու քթի շրջանում, սակայն նրանք այս գործում որպես տուժող ներգրավված չեն: Ըստ ոստիկանության տեղեկատվության, տուժողներ են ճանաչվել երկու երիտասարդներ, որոնք, Մխոյանների ընտանիքի պնդմամբ, ծեծի ենթարկողների թիմից են:Մերուժան Մխոյանի կինը և եղբոր կինը, ովքեր ականատես են եղել ուրբաթ օրը առավոտյան տեղի ունեցած դեպքերին, պատմեցին, որ Մխոյանը սպառնալիքի ներքո ստիպված է եղել հրաժարվել ընտրապայքարից. այդ ողջ ծեծուջարդի նպատակն է եղել ստիպել նրան ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուին՝ Ալեքսան Պետրոսյանին:
“Նրանք մեզ ասում են՝ հանեք, թե չէ երեխաներին վնաս կտան։ Այսինքն՝ ամենաթույլ օղակին են կպնում, որովհետև հանուն երեխաների գիտեք հայը ինչի է պատրաստ։ Հենց դրա համար էլ հանել է թեկնածությունը”,-պատմել են զրուցակիցները։ Թեկնածու Ալեքսան Պետրոսյանի նախընտրական շտաբից հերքել են այս պնդումները, կրկին հայտարարելով, որ իրենց թիմակիցներն այդ միջադեպի հետ որևէ կապ չունեն:Մխոյանի ընտանիքը նաև տեղեկացրել է, որ դեպքի հաջորդ օրը իրենց տուն են եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները և հետաքրքրվել են դեպքի մանրամասների և ինքնաբացարկի պատճառների մասին: Իրենք պատմել են ամեն ինչ: Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանից տեղեկացել են, որ դիտորդները այցելել են նաև հանձնաժողով։ “Ուղղակի հարցում են կատարել ինքնաբացարկի մասին, ուրիշ` ոչինչ”,- նշել է Սուքիասյանը՝ ընդգծելով, որ թեկնածությունից ստիպված հրաժարվելու մասին Մխոյանը իրենց մոտ որևէ հայտարարություն չի արել: Ինքնաբացարկի դիմումը կքննարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ոստիկանությունից փոխանցել են, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալվածներ չկան: Մերուժան Մխոյանի ընտանիքին իրավապահները դեռ չեն հարցաքննել:




Լրահոս