ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԵՂՄԱՑՐԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա տիրող իրավիճակը հանգիստ է: Ու անգամ այժմ տպավորությունն այնպիսին է, որ որեւէ լարվածություն չի էլ եղել:

-Պարոն Հարությունյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված մթնոլորտ է, որին Դուք անձամբ եք հետեւել սահմանային գծում: Խնդրում եմ ասեք՝ այժմ շփման գծում ի՞նչ վիճակ է տիրում, արդյո՞ք նույն ինտենսիվությամբ հնչում են կրակոցները:
-Այս պահի դրությամբ շատ հանգիստ, շատ խաղաղ իրավիճակ է ու կարծես թե այդ ընդհարումները չեն էլ եղել: Այս պահին ամեն ինչ նորմալ է: Ոչ միայն համեմատած այս օրերին, այլեւ մյուս ժամանակներին սահմանում տիրող իրավիճակի հետ, այժմ շատ հանգիստ իրավիճակ է:
-Այսինքն` ընդհանրապես կրակոցներ չկա՞ն:
-Շատ քիչ են, ու դա չի կարելի համարել կրակոցներ, շատ հատուկենտ՝ դա էլ անկանոն ու երեւի ոչ հատուկ նպատակներով:
-Կարելի՞ է ասել, որ Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպումը տվել է իր արդյունքը:
-Ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումը: Այո, այն իր արդյունքը տվել է, բայց նաեւ մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա: Երկու գործոններն էլ դեր են խաղացել:
-Տեսակետ կա, որ ներկայիս դադարը ժամանակավոր է, եւ կարճ ժամանակ անց Ադրբեջանը կվերադառնա իր ապակառուցողական եւ սադրիչ գործելաոճին, քանի որ Ադրբեջանի իշխանություններն անգամ Սոչիից հետո շարունակում են խոսել «Հայաստանը վերացնելու» մասին: Վերջին նման հոխորտանքը Ադրբեջանի ՊՆախարարի արձագանքն էր Սերժ Սարգսյանի` բալիստիկ հրթիռների մասին հիշատակությանը: Անգամ նշվում է, որ հոկտեմբերին կրկին սահմանի վրա իրավիճակը լարվելու է: Ձեր գնահատմամբ` նման վտանգ կա՞:
-Մեր պաշտպանության բանակն ամեն օր ու ամեն վայրկյան սպասում է նոր լարումների ու պատրաստ է ցանկացած պահի կարգավորել դրանք: Բազմաթիվ անգամ նշել ենք, որ մեր խաղաղությունը կախված է հայոց բանակի մարտունակությունից: Վերջին դեպքերն ապացուցեցին, թե այն որքան հզոր, ամուր ու մարտունակ է:
-Շփման գծում լարված օրերին շատերը սահմանային գոտի մեկնեցին, որոշներն էլ հայտարարեցին, որ իրենք եւս պատրաստ են բանակի կողքին լինել: Ձեր կարծիքով՝ բանակն այսօր ի վիճակի չէ՞ «միայնակ» պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ, արդյոք կա՞ նման աջակցող ջոկատների կարիքը սահմանին:
-Ես միանշանակ կարող եմ հայտարարել, որ հակահարվածը տրվել է միայն բանակի անձնակազմի՝ հիմնականում ժամկետային զինծառայողների կողմից: Այսինքն՝ պաշտպանության բանակը ֆիզիկապես այդ ամենի կարիքը չէր զգում (իհարկե, ամենածանր իրավիճակում անհրաժեշտ է լինելու պահեստազորը եւս ներգրավվել), բայց սա ավելի շատ նախկին ֆիդայիների, ազատամարտիկների եւ, ինչու չէ, վերջին տարիներին բանակում ծառայած մեր հայրենակիցների ցանկությունն էր` բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել դիրքերում կանգնած զինվորին, ինչպես նաեւ ցույց տալ թիկունքի ամրությունը:
-Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ոչ մի կերպ չի ազդի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վրա. «Հայաստանը միանում է միությանը որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունի դրա հետ, ինչի մասին մի քանի անգամ եւ հրապարակայնորեն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,-նշել էր Լավրովը: Նման հայտարարությանը ինչպե՞ս է վերաբերվում Արցախը:
-Համոզված եմ, որ ԼՂՀ-ն այդ դեպքում որեւէ խնդրի առաջ չի կանգնելու, եւ պահպանվելու է իրավաքաղաքական առկա իրավիճակը: Դրա մասին, ինչպես տեսնում եք, վկայում են նշյալ բարձր մակարդակի հայտարարությունները:
-Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր նաեւ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորման հարցը, սակայն Վ. Պուտինը նշել էր, թե ինքը ծանոթ չէ Լ. Հայրապետյանին ու նրան առնչվող քրեական գործին` վստահեցնելով, որ կհանձնարարի գործին ծանոթանալ: Ինչ եք կարծում, Վ. Պուտինի միջամտությունից հետո որեւէ բան կփոխվի՞:
-Մենք սպասում ենք դրական փոփոխությունների, սակայն պետք է սպասել դատավարությանը, դրանից ամեն ինչ պարզ կլինի: Համոզված եմ, որ ՀՀ նախագահի միջնորդությունն իր դրական ազդեցությունը կունենա գործի վրա:

 
«ՓԱՓԿԱՍՈՒՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

Օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հայրենի խորհրդարանի ներկայացուցիչները մեկնել էին Արցախ: Պատգամավորները ցանկանում էին իրենց աչքով տեսնել, թե ինչ է կատարվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Պարզվում է, սակայն, որ այդ այցն ավելի շատ ձեւական բնույթ ուներ, քանի որ շփման գծում շրջայց կատարելուց հետո` նրանք հարմարավետ ուղղաթիռով վերադարձել են Հայաստան, գոնե մեկ օր սահմանը պահող զինվորի կողքին չմնալով: Նշենք, որ դիրքերում գիշերելու էին մնացել միայն ՀՀ վարչապետն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Արցախ մեկնողների կազմում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Աժ պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորներին Արցախի օդանավակայանում դիմավորել էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հայաստանից մեկնած պատվիրակությունը հանդիպել էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո նրանք մեկնել էին մարտական դիրքեր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է գիշերն անցկացնել դիրքերում, սակայն «փափկասուն» պատգամավորները չեն ցանկացել գոնե մեկ գիշեր անցկացնել սահմանում եւ շտապել են վերադառնալ Հայաստան:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել պատգամավորների հետ՝ պարզելու, թե ինչու են հրաժարվել գոնե մեկ գիշեր անցկացնել հայոց բանակի զինվորների կողքին: Ողջ օրվա ընթացքում, սակայն, պատգամավորներից որեւէ մեկը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Փաստորեն` «խորը» արձակուրդի մեջ են:
Միայն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հորդորեց նման բաների վրա չկենտրոնանալ. «Պատգամավորներով ի սկզբանե որոշել էինք, որ չենք մնալու, իսկ ո՞վ է ասել, որ պետք է մնայինք: Հովիկ Աբրահամյանն ու Հրանտ Բագրատյանը այլ ծրագրով էին գնացել: Որքանով տեղյակ եմ՝ պարոն Բագրատյանը, որպես նախկին վարչապետ էր գնացել, այսինքն՝ այլ ծրագրով են գնացել, իսկ ԱԺ պատգամավորներն էլ այլ ծրագրով են գնացել»:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` կարեւորն այն է, որ բոլորը համախմբված մեկնեցին Արցախ. «Ես ծառայել եմ հայոց բանակում, դիրքերում էլ եմ մնացել, խրամատում էլ եմ քնել, այսօր չէ, որ պետք է գնամ, կոմուֆլյաժ հագնեմ, դիրքերում մնամ կամ չմնամ: Եկեք չհարամենք, հա, ինչ կա, ինչ տեղի է ունեցել»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ԿԾԱՆՈԹԱՆԱ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է նաեւ հատ-հատ այցելել նախարարություններ եւ տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Նա ցանկանում է անձամբ այցելել նախարարության շենքեր ու տեղում ծանոթանալ թե՛ շենքային պայմաններին, թե՛ գերատեսչությունների գործունեությանը: Ու այժմ կառավարությունում նախարարությունների «հերթագրում» է իրականացվում: Ի դեպ, վարչապետը որոշել է գերատեսչություններ այցելել ոչ թե միայնակ, այլ կառավարության մյուս ներկայացուցիչների ուղեկցությամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի առաջին այցելությունը կլինի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ այս ուրբաթ: Նկատենք, որ այս նախարարությունը այն հազվադեպ պետական գերատեսչություններից է, որն ունի փայլուն շենքային պայմաններ, ընդ որում՝ նորակառույց:

 

ԲԱԽՏՆԵՐԸ ԲԵՐԵԼ Է
Որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի ծննդավայրում բնակվելը մեծ առավելություն է. այնտեղ բոլոր հոգսերը լուծվում են մեծագույն արագությամբ: Օրինակ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնահատուկ է վերաբերվում իր հայրենի Մխչյան գյուղին` այդ նպատակով չխնայելով պետական միջոցները: Վերջերս էլ ՀՀ պետական բյուջեից 22 մլն 887 հազար դրամ կամ ավելի քան 56 հազար դոլար է տրամադրվել Մխչյանի` մանկապարտեզ տանող ճանապարհն ասֆալտապատելու համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանի մի շարք գյուղերի հիմնական ճանապարհներն են վատ վիճակում, էլ ուր մնաց` մանկապարտեզ տանող ճանապարհները բարեկարգ լինեն, հատկապես, եթե մանկապարտեզ ունենալը ճոխություն է շատ համանքների համար:

 

ԷԼԻ ԱՐՏՈՆՅԱԼ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հորմիգոնես ի Մորտերոս Սեռռանո Ս.Լ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու հարցը: Ըստ այդ որոշման, ընկերությունն ապրանքներ ներմուծելիս շարունակելու է օգտվել մաքսային արտոնություններից. այս տարվա հունիսի 12-ին մեկ անգամ ընկերության համար մաքսային արտոնություն էր տրվել, եւ հիմա երկարաձգվում է այդ արտոնությունը: «Հորմիգոնես ի Մորտերոս Սեռռանո Ս.Լ»-ն, ի դեպ, պատահական ընկերություն չէ. այն որպես ենթակապալառու կազմակերպություն, ՀՀ եւ Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ճանապարհահատվածի շինարարության ժամանակ մատակարարում է նախանշված որակային չափանիշներին համապատասխանող բետոն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ վերահսկիչ պալատը չարաշահումներ էր հայտնաբերել Հյուսիս-Հարավ միջանցքի ներդրումային ծրագրում:

 




Լրահոս