ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 3 ԴՐԱՄԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված էր այս տարվա հուլիսի 1-ից ավելացնել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող անձնակազմերի աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ը Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի մի շարք տեղամասային բուժքույրերից ահազանգ ստացավ այն մասին, որ իրենց աշխատավարձն այս նոր հրամանով մեկ անձի սպասարկման հաշվով բարձրացել է ընդամենը երեք դրամով: «Ժողովուրդ»-ին դժգոհած բուժքույրերից մեկը՝ Նառա Չիլինգարյանը, վրդովված ասաց, որ առողջապահության նախարարը հրամանն ընդունելուց առաջ որոշ նրբություններ հաշվի չի առել եւ իրավիճակը խորը չի ուսումնասիրել:

Նշենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում (համապատասխանաբար 2000 մեծահասակներ, 1000 երեխաներ) ամսական աշխատավարձը սահմանվել է 166 հազար 500 դրամ: Տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, բուժքույրերի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում (համապատասխանաբար 2000 մեծահասակներ, 1000 երեխաներ) ամսական աշխատավարձը սահմանվել է 75 հազար դրամ: Դիսպանսերային կամ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող բժշկի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում ամսական աշխատավարձը սահմանվել է 166 հազար 500 դրամ: Իսկ դիսպանսերային կամ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող բուժքույրերի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում ամսական աշխատավարձը սահմանվել է 75 հազար դրամ:
Ի դեպ, կան հստակ չափորոշիչներ, որոնցով հաշվարկվում է աշխատավարձը, եւ եթե տվյալ աշխատողը չի ապահովել որոշակի թվաքանակ, նրա աշխատավարձը կարող է եւ նվազել:
Վերջինը շարժել է որոշ բուժքույրերի զայրույթը: Այս կապակցությամբ Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի մի շարք բուժքույրեր «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին՝ նշելով, որ իրենք «շատ վիրավորված են առողջապահության նախարարի ստորագրած թերի հրամանից»:
«Ժողովուրդ»-ին դիմած բուժքույրերի խոսքով` այս ամենի հեղինակը ՀՀ առողջապահության նախարարն է: Սակայն հիշեցնենք, որ բյուջեի մասին օրենքի նախագիծն անցյալ տարի ԱԺ է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը:
«Հետո էլ անընդհատ թմբկահարում են, թե բուժաշխատողի աշխատավարձը բարձրացնում են, բայց, փաստորեն, խոսքը բոլորի մասին չէ: Մեզ մոտ վճարումը կատարվում է բնակչության թվով, բայց քանի որ ազգաբնակչությունը պակասել է, այդ պատճառով էլ բարձրացումը որպես այդպիսին տեսանելի չէ: Հակառակը՝ տեղամասային բուժքույրերինը նվազում է: Սա շատ անարդար մոտեցում է: Նախկինում մեզ յուրաքանչյուր մարդու համար վճարում էին 31 դրամ, իսկ նոր հրամանով՝ 34: Պատկերացնո՞ւմ եք, երեք դրամով աշխատավարձ են բարձրացնում: Սրան էլ գումարած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Այս պայմաններում մենք ինչպես գոյատեւենք: Ես բողոքում եմ այդ երեք գործակցի դեմ»,-ներկայացրեց տեղամասային բուժքույր Նառա Չիլինգարյանը, ով երկար տարիների աշխատանքային փորձ ունի:
Դժգոհող բուժքույրերի պնդմամբ՝ պատկան մարմինները հրամանը ստորագրելուց առաջ խորը չեն ուսումնասիրել: «Ինչպե՞ս կարող է բժշկի աշխատավարձը բարձրանա 33 դրամով, որը բավականին մեծ գումար է կազմում, իսկ տեղամասային բուժքրոջ աշխատավարձը՝ երեք դրամով: Մեր աշխատավարձը ամենամինիմալն է կազմում, մինչդեռ ամբողջ գործը կատարում է բուժքույրը: Ցնցված ենք գործակիցների տարբերությամբ: Եթե պետբյուջեն գումար չունի, ապա այդ դեպքում կարող էին բժշկինը բարձրացնել 23 դրամով, իսկ բուժքրոջինը՝ 13-ով: Ճիշտ է, պատասխանատվությունը կրում է բժիշկը, բայց ողջ աշխատանքը կատարում է բուժքույրը: Մենք մեղավո՞ր ենք, որ մեր պոլիկլինիկայում 18-20 թերապեւտի փոխարեն 25-26 թերապեւտ է աշխատում»,-զայրացած ասաց մեկ այլ բուժքույր:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից պարզաբանեցին հետեւյալը. «Կոնկրետ բուժհիմնարկների առանձին աշխատակիցների փաստացի աշխատավարձի չափերը կախված են առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ պայմանագրային հիմունքներով գրանցված բնակչության թվաքանակից: Հարկ է նշել, որ մի շարք առողջապահական կազմակերպություններում, ինչպես հայտնի է, առկա է բուժքույրերի գերհագեցվածություն: Շատ հաճախ մեկ դրույքի սպասարկման տարածքի վրա աշխատում է երկու ֆիզիկական անձ կամ առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ պայմանագրային հիմունքներով գրանցված բնակչության թվաքանակն էականորեն ցածր է օպտիմալ թվաքանակից: Նման դեպքում այս ցուցանիշը անմիջականորեն ազդում է անձնակազմի աշխատավարձի վրա: Հայտնի է, որ ելնելով տարածաշրջանների սոցիալ-տնտեսական վիճակից՝ ինչպես տեղական իշխանության, այնպես էլ բուժհիմնարկների ղեկավարները նման դեպքերում որպես կանոն գերադասում են պահպանել անձնակազմը՝ թեկուզեւ համեմատաբար ցածր աշխատավարձով, քան իրականացնել հաստիքների կրճատումներ»:
Այսպիսով` ներկայացվածը հերթական անգամ ապացուցում է, որ մեր իշխանությունները զբաղված են աչքակապությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
«ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ»-Ի ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԻՋԻՆ ԽԱՎԻՑ ԵՆ

Մինչ ՀՀ քաղաքական ուժերը վայելում են իրենց «վաստակած» արձակուրդը, «Նախախորհրդարան»-ը շարունակում է իր մարզային ցանցի ձւավորումը: «Նախախորհրդարան»-ի Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության համար Վանաձորից այս պահին ինքնաառաջադրված 4 թեկնածուներից, Հովհաննես Ղազարյանի խոսքով, ցանցային կառուցվածքը, որը որպես կազմակերպման ձեւ ընտրել է «Նախախորհրդարան»-ը, կիրառվում է մարզերում: Խմբեր կան ձեւավորված Վանաձորում եւ Ստեփանավանում, առաջիկայում բջիջներ կստեղծվեն նաեւ մարզի մյուս քաղաքներում: Լոռեցիները բավականին ակտիվ են՝ ի տարբերություն գյումրեցիների, որոնք փոքր-ինչ «կոտրված են» այս պայքարում: Հիմնադիր խորհրդարանը երեք առաքելություն ունի՝ համակարգի (ռեժիմի) հեռացումը, միջանկյալ ժամանակահատվածում երկրի կառավարման ստանձնումը, այնուհետեւ վերջնական ընտրությունների կազմակերպումը: Հովհաննես Ղազարյանի փոխանցմամբ՝ «Նախախորհրդարան»-ը բավականին ռեսուրս ունի Լոռիում, Վանաձորում, որտեղ այս պահին մոտավորպես 350-400 մասնակից կա, մի մասը «չերեւացող», մյուսները՝ հստակ շարժման շարքերում: «Նախախորհրդարան»-ի անդամը վստահ է, որ որպես պայքարի երկրորդ կենտրոն՝ Լոռին պատվով կկատարի իր առաքելությունը:
«Նախախորհրդարան»-ի հետեւորդները գործող իշխանություններից դժգոհ քաղաքացիներն են, բայց շարժումը չի միավորում սոցիալապես անապահովներին: «Հայաստանում թեկուզ փոքր քանակ ունի միջին խավը, բայց այդ խավից մեզ մոտ ավելի շատ են ներգրավված, եւ սա ուրախալի է: Այսինքն՝ մարդը միայն ապրելակերպից ելնելով չէ ոտքի կանգնում պայքարելու: Այստեղ կա արդարության սով, արժանապատվության խնդիր, մտահոգություն հայրենիքի համար: «Նախախորհորդարան»-ը հայրենքը փրկելու գործընթացն է սկսել, եւ մարդը չի գա մեզ մոտ, եթե պատրաստ չէ հայրենիքը դիտարկել որպես գերագույն արժեք ու պայքարել նրա համար»,- ասում է Հովհաննես Ղազարյանը:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Վանաձոր

 
ՄԱՐԶԵՐ

ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՈՒՂԻ
Ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով շարունակում է փակ մնալ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Մեքենաները շարունակում են երթեւեկել սահմանագոտին շրջանցող Հարսնաքարի ճանապարհով: Օգոստոսի 10-ին վարորդները ազերիների գնդակոծությունից երկյուղելով, այդ ճանապարհին միանում էին ոչ թե միջպետական մայրուղուց, այլ Ոսկեպար գյուղի միջով անցնելով: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ օգոստոսի 12-ից ավտոմեքենաներն այլեւս Ոսկեպար գյուղ չեն մտնում, այլ Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհից Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին միանում են 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչմերուկում: Նոյեմբերյան-Երեւան շուրջ 200 կմ երկարությամբ ճանապարհը արագընթաց «Մերսեդես» մակնիշի երթուղային միկրոավտոբուսները հաղթահարում են ավելի քան երեքուկես ժամում: Դրա պատճառն այն է, որ երթուղին անցնում է լեռներով ձգվող Հարսնաքարի եւ Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհներով: Բացի այդ՝ եթե նախկինում տրանսպորտային միջոցները Տավուշից Գեղարքունիքի մարզ էին մտնում կարճ ճանապարհով՝ Դիլիջանի ավտոմոբիլային թունելով, այժմ վերանորոգման աշխատանքների պատճառով մեքենաները ստիպված են հաղթահարել նաեւ Դիլիջանի բոլոր ոլորանները, անցնել Սեմյոնովկա եւ Ծովագյուղ բնակավայրերով, ուր առավելագույն արագությունը, չգիտես ինչու, ժամում 40 կմ է սահմանված: Տարբեր գործերով Նոյեմբերյանից մայրաքաղաք մեկնողները տրտնջում են, որ Նոյեմբերյան-Երեւան ճանապարհը դարձել է չարչարանաց ուղի:

 

ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը մի քանի օր առաջ դադարեցվել է: Դրա պատճառը ադրբեջանական գնդակոծությունների վտանգն է։ Այս մասին հայտնեց շրջանցիկ ճանապարհի շինարարությունն իրականացնող «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ ղեկավար Արծրունի Ղալումյանը: Նա ասաց, որ ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին: Նախկինում հայտարարվում էր, որ այլընտրանք հանդիսացող, սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական գնդակոծություններից անվտանգ համարվող ճանապարհը պետք է շահագործման հանձնվի 2014թ. հունիսին: 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի այդ հատվածում երթեւեկը կկրճատի 1.8 կմ-ով: Նշենք, որ այդ ճանապարհի շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է 520 միլիոն դրամ: Ճանապարհին նաեւ ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանիչ պատ է կառուցվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս