ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԹԵՎՈՍԻԿՆ ՈՒ ԻՍՈՆ

Քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի` Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի եւ Մարքսի փողոցների խաչմերուկում մի խումբ ոստիկաններ «մեծ շուքով» ձերբակալել էին մարզաշխարհում հայտնի Իսրայել Սարգսյանին` Իսոյին:
Այն, որ այս «խմորը դեռ շատ ջուր կքաշի», արդեն ակնհայտ է տեղի ունեցող զարգացումներից: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, իր շենքից ոչ շատ հեռու սպանվեց Թեւոսի եղբայրը՝ 45-ամյա Արթուր Սաֆարյանը, եւ ահա 8 օր անց այս գործով ձերբակալվեց ժամանակին մի շարք աղմկահարույց գործերով հայտնի Իսրայել Սարգսյանը:

 

 

 

Ո՞Վ Է ԻՍՈՆ

Առաջին աղմկահարույց գործը, որում նա ներգրավված է եղել, Արմեն Տեր-Սահակյանի (ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ) բանդայի գործն է: Հիշեցնենք, որ 1994թ. ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել էր բանդայի միջոցով սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը նաեւ բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարն էր: Մի քանի անգամ խումբը փորձել է սպանել Գրիգորյանին, սակայն չի կարողացել: Վերջին փորձը եղել է 1994-ի հունիսի 2-ի առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, երբ երկու ավտոմեքենայով գնալով Բաղրամյան պողոտա՝ խումբը կրակել է Վլ. Գրիգորյանին եւ նրա վարորդին: Համոզված լինելով, որ սպանել են երկուսին էլ, Սուրեն Հարությունյանը, Արշակ Շուխյանը եւ Իսրայել Սարգսյանը դիմել են փախուստի: Հրազդանի կիրճում ցանկացել են նռնակի պայթեցմամբ ոչնչացնել շարժիչի համարանիշը, սակայն վախեցել ու չեն պայթեցրել, եւ համարանիշը մնացել է անվնաս, ինչի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել հանցագործությունը: Իսկ ահա Վլ. Գրիգորյանը ողջ է մնացել՝ թեթեւացնելով նաեւ Իսոյի եւ նրա գործընկերների պատժաչափը:
Գրիգորյանն այժմ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

 

 

 

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԹԵՎՈՍԻ ՀԵՏ

Իսկ թե ինչ կապ ունի Իսոն Թեւոսիկի եղբոր սպանության հետ եւ ինչ դրդապատճառներով կարող էր սպանել Արթուր Սաֆարյանին, դեռ պարզ չէ: Երեկ NEWS.am-ը տեղեկացրեց, թե Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով` 48 տարեկան Մովսեսը (շրջապատում նրան Մոսո են ասում) եւ Իսրայելը: Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել խողովակի մեջ: Այժմ ոստիկանությունում կասկածյալի կարգավիճակով գտնվող Իսոն, ըստ ամենայնի, նաեւ կկալանավորվի:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում նա ապրում էր Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի փողոցում: Երկար տարիներ աշխատել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայում որպես թիկնապահների դպրոցի պատասխանատու, սակայն 2013թ. դեկտեմբերի 30-ին նրա լիազորությունները դադարեցվել են:

 

ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ԻՍՈՅԻ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Յու-Քեն-Դո» կարատեի ֆեդերացիայի նախագահ, ԱՄՆ-ում գտնվող Գոռ Վարդանյանն ասաց, որ շատ լավ ճանաչում է Իսրայելին, նրա ընտանիքին, եղբորը` Վազգեն Սարգսյանին, որը եղել է իր ուսանողական ընկերը. «Երբ այն ժամանակ առաջին անգամ Արմեն Տեր-Սահակյանի հետ կապված լսեցի իր անունը, ինձ համար դա շոկ էր: Երբ տեսնում եմ՝ իմ հարազատների կամ իմ ընկերների շրջապատում որեւէ մեկը կասկածվում է հանցագործության մեջ, դա ինձ հաճելի չէ, եւ անբացատրելի ցավ եմ տանում: Իսրայելը 2006թ. անդամագրվեց մեր ֆեդերացիա, երբ այդ ժամանակ խոսեցի հետը, նա ինձ ասաց, թե այն, ինչ կատարվել էր նախկինում իր հետ, շփոթմունք էր եղել, իրեն խաբել էին ու ներքաշել: Ինչեւէ, մեզ մոտ՝ ֆեդերացիայում, որոշակի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված էր, եւ այդ ընթացքում նորմալ աշխատել ենք, նորմալ շփվել ենք ու ոչ մի բացասական բան չենք նկատել»:
Թեւոսիկի եղբորը սպանելու դեպքի մասին Գոռ Վարդանյանն իմացել է փետրվարի 3-ի երեկոյան. «Ծանր վիճակի մեջ հայտնվեցի, քանի որ ամբողջ կյանքում քարը քարին դնելով՝ աշխատանք ես անում, ու քո ընկերներից, քո շրջապատից մեկը կամ ֆեդերացիայի անդամներից մեկը հանցագործության մեջ է մեղադրվում, դա, կրկնում եմ, մեծ ցավ է: Լավ մայր ու հայր ունի, երկու դուստր: Բայց ինչ արած, եթե որեւէ մեկը անօրինական գործողություն է կատարել, անպայման պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե ով է, ինչ կարգավիճակ ունի»:
Գոռ Վարդանյանի տեղեկություններով՝ Իսրայելի ու Թեւոսիկի միջեւ քավոր-սանիկական հարաբերություններ են եղել. «Ես դա լսելով եմ ասում, ինչ-որ ընկերներ են եղել, ու նման բան կա իրենց մեջ: Տա Աստված, որ սա կասկած լինի իր վրա, բայց դա ցույց կտա հետաքննությունը»:
Ըստ մեր զրուցակցի՝ որքանով ինքը տեղյակ է, Իսրայելի եղբայրը` Վազգենը, աշխատում է ՌԴ-ում ՀՀ հյուպատոսությունում որպես հյուպատոսի օգնական:
Հ. Գ. Երեկ` ժամը 21:59-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի բակում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր մեկնած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պարզել են, որ դպրոցի 2-րդ հարկում՝ «Յու-Քեն-Դո» կարատեի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել են Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ԺՄ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «ԽԺ» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ եւ «ՁծՁ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆՇԱՆԱԿՎԵՑ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի եւ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի միջեւ առերեսում էր տեղի ունեցել: Բանն այն է, որ 2013թ. նոյեմբերի 27-ին Հ. Սարգսյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել էր, որ Կ. Բաբակեխյանն ու Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իրեն դաժան ծեծի են ենթարկել: Այս հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 4-ին, ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 315-րդ հոդվածի 1-ին մասերով:
Մեզ հետ զրույցում Հ. Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է նաեւ դատաբժշկական փորձաքննություն. «Հարությունի մարմնի վրա մի ոսկոր կա, ուստի նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար, թե ինչից է դա առաջացել»:

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Աստված չարասցե, եթե մենք ունենայինք ձեզ պես խորհրդարանական մեծամասնություն, պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը: Մենք էլ ենք կողմնակից, որ բացենք, փաստաթղթերն ուսումնասիրենք»:

Հովիկ Աբրահամյան Hayeli.am
Կարծում ենք՝ այն, որ մենք ունենք ՀՀԿ-ի նման ԱԺ մեծամասնություն, արդեն իսկ ամենամեծ դժբախտությունն է հայ ժողովրդի համար, մի՞թե կարող է լինել դրանից ավելի վատ տարբերակ: ԱԺ ՀՀԿ-ական նախագահն էլ իր կուսակիցների նման սիրում է միայն խոսել, ասել եւ ոչինչ չանել: Այո՛, նրանք կողմնակից են, որ բացեն եւ ուսումնասիրեն գազային փաստաթղթերը, բայց այդպես էլ չեն բացում եւ չեն ուսումնասիրում: Եվ երբ ՀՀ կառավարությունը, նույնիսկ ԱԺ-ին արհամարհելով, ինքնագլուխ պարտքեր էր կուտակում գազի դիմաց, Հովիկ Աբրահամյանն ինչո՞վ էր զբաղված. գոնե ՀՀԿ նիստի ընթացքում խոսեր:

 

«Ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու: Մենք անելու ենք համագումար, եւ իրոք կան հարցեր, որի պատասխանները սպասում են ե՛ւ հանրությունը, ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ դուք»:

Գագիկ Ծառուկյան 168.am
Տպավորություն է, որ ԲՀԿ առաջնորդը պարզապես ասելիք չունի, որովհետեւ կարծիք էլ չունի, այդ իսկ պատճառով էլ իր ասելիքը որոշելու համար համագումար է ուզում անել, որպեսզի գոնե կուսակիցները որոշեն իր ասելիքները, եւ կարողանա լրագրողների հարցերին պատասխանել: Իսկ հուսախաբված հանրությունը երեւի վաղուց արդեն ԲՀԿ-ից պատասխաններ չի ակնկալում, քանի որ Գագիկ Ծառուկյանի մշտապես ուշացող պատասխաններին անիմաստ սպասելու դառը փորձ արդեն ունի, հատկապես եթե նույնիսկ ուշացած պատասխաններն այդքան էլ չեն բխում ժողովրդի շահերից, ԲՀԿ-ի խոսքն էլ գործ չի դառնում:

 
«Ցանկացած պարտաճանաչ գործատու պետք է կատարի օրենքով սահմանված իր գործառույթները, թեեւ ՍԴ-ն կասեցրել է այն սանկցիաների կիրառումը, որոնք կարող են հետեւել չկատարելու դեպքում»:

Արտեմ Ասատրյան «Առավոտ»
Եթե ըստ ՍԴ որոշման՝ կասեցված են պարտադիր կուտակային համակարգին անցնելու մասին օրենքի որոշ դրույթներ, եւ չփոխանցվող 5-10 տոկոսները պատժամիջոցներ չեն առաջացնի, եւ դա պարտաճանաչության հետ որեւէ կապ չունի, այստեղից հետեւություն. պարտաճանաչության մասին սոցապնախարարի կեղծ բարոյականության քարոզներն իրականում զուտ կառավարության շահերից են բխում, չէ՞ որ իշխանությունների հակաժողովրդական այս նախաձեռնությունն աշխատող մարդկանցից հերթական անգամ փող քերելու շատ հարմար տարբերակ է, իսկ օրինականացված թալանը նույնպես քարոզչություն է պահանջում:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս