Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել 4 տարվա ազատազրկման դատապարտված Էդիկ Ազմանյանի պաշտպանի բողոքը:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց Էդիկ Ազմանյանի քույրը` Էլմիրան, ով ասաց, որ իրենց ողջ ընտանիքն այս պահին անորոշության մեջ է, եղբայրն անգամ կալանավայրից կնոջ հետ չի կարողանում խոսել ընկճվածության պատճառով:
Հիշեցնենք, որ անչափահաս Ն.Ա.-ին ամուսնության նպատակով փախցնելու հետևանքով Էդիկ Ազմանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
«Ամսի 8-ին որոշումը կայացվել է, բայց ծանուցումն էսօր է եկել: Ու նորից վարորդ Գոռի երեսից գործը վարույթ չընդունեցին: Երկու ամիս գործը Վճռաբեկը պահեց մոտը, ու էսօր իմացանք, որ մերժել է: Հիմա պատրաստվում ենք նախագահ Սերժ Սարգսյանին դիմել»,- տեղեկացրեց դատապարտյալ եզդու քույրը:
Վերջինիս փոխանցմամբ` իր եղբայրն ու մյուս դատապարտյալը` Գոռը, պատրաստվում են նամակ ուղղել նախագահին և Վճռաբեկ դատարանի նախագահին:
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Էդիկ Ազմանյանը Աբովյան քաղաքում փախցրել է 16-ամյա Ն.Ա.-ին, ինչի արդյունքում հայտնվել է ամբաստանյալի աթոռին` ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով (անչափահասին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առևանգելը):
Իսկ բողոքի մեծ ալիք բարձրացրած եզդիներն առ այսօր որևէ արդյունքի չեն հասել: