ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՒՉԻԿՆԵՐԸ, ԿՐԱԿՈՑՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ

Փուչիկները հետապնդում են Հայաստանի իշխող կուսակցությանը: Իսկ ավելի ճիշտ՝ փուչիկների պայթյունը: Դեռ չէինք մարսել 2012թ. մայիսի 4-ին հանրապետության հրապարակում կայացած հավաքի ժամանակ պայթած գազով փուչիկների հետեւանքները (այդ ժամանակ 154 երիտասարդ այրվեց ու ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց), երեկ Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» երիտասարդական հավաքի ժամանակ դարձյալ սկսեցին հերթով պայթել ՀՀԿ-ի փուչիկները: Բարեբախտաբար, այս անգամ վիրավորներ չկան: Միայն ՀՀ վարչապետի մոտ տպավորություն ստեղծվեց, թե կրակում են: «Էդ ո՞վ է կրակում էնտեղ… հա՜ փուչիկներն են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ շարունակելով ելույթը: Բայց փուչիկներից մեկն էլի պայթեց: «Մեկ է, չեմ վախենա, ինչքան ուզում եք կրակեք»,- դարձյալ կատակի վերածեց Աբրահամյանը: Սակայն ՀՀԿ երիտթեւի հավերժ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն անասելի այլայլվեց, նա աջ ու ձախ էր նայում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Բանն այն է, որ երկու տարի առաջ «զանգվածաբար պայթած» փուչիկներն էժան՝ մեթան գազով լիցքավորելու պատվերը տվել էր նույն Կարեն Ավագյանը քաղաքացի Սերոբ Բոզոյանի մոտ: Սակայն 2012-ի հոկտեմբերի 17-ին Բոզոյանը դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման, իսկ Ավագյանը դեռ շարունակում է փուչիկներ պատվիրել:

 
ՀՀ-ում ժողովրդին Սահմանադրական փոփոխությունների պարտադրելու հարցում անմասն չեն նաեւ միջազգային կազմակերպությունները: «Ժողովուրդ»-ին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի քարտուղարությունից տեղեկացրել են, որ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում տեխնիկական եւ կազմակերպական բնույթի ծախսերը կատարվում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից: Բայց խոսքը միայն տեխնիկական ծախսերի մասին է, իսկ այցելությունների համար հանձնաժողովի անդամները հավելավճար չեն ստանում: Թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով, որեւէ բառ չի ասվում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակներն անպատասխան են թողել շաբաթներ առաջ «Ժողովուրդ»-ի ուղարկած հարցումը: Այս ամենն ուշագրավ է այնքանով, որ սահմանադրական փոփոխությունները մեզանում հասարակական պահանջարկ չեն վայելում, սակայն իշխանություններն ամեն գնով փորձում են պարտադրել, ըստ էության, Արեւմուտքի գործուն աջակցությամբ:

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի շարք պաշտոնյաներ` ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ՝ ինչպես «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները: Բանն այն է, որ գնված տները գրավադրված են բանկում: Ու թեեւ շենքի շինարարությունն իրականացրած ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն ամեն անգամ տուժածներին վստահեցնում է, որ հարցը շուտով լուծում կստանա, սակայն տարիներ շարունակ մարդկանց սեփականության վկայականները չի տալիս: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մեվսես Հակոբյանը ու մի շարք այլ պաշտոնյաներ, պատգամավորներ տուժողների ցանկում են: «Ժողովուրդ»-ը զրուցել է Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից: «15 օրվա ընթացքում: Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»:

 
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ՊՆ-ի հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրավիրվել են նաեւ անհատ ազատամարտիկներ, ովքեր որեւէ կազմակերպության հետ առնչություն չունեն, սակայն շատերը մերժել են Ս. Օհանյանի հրավերը: Օրինակ՝ «Արաբո» ջոկատի հարամանատար Մանվել Եղիազարյանն ու ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Պարզվում է՝ Մ. Եղիազարյանը շատ վիրավորված է, որ «Արաբո» անունով հկ է ստեղծվել, որին եւս հրավիրել են: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՊՆ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ, ով կազմակերպել էր նախարարի հետ հանդիպումը: «Մենք էլ ասեցինք՝ երկու կառույց եք, երկուսդ էլ «Արաբո» անունն եք կրում: Դու ես հրամանատարը ու այդ տարբերությունը դնում ես: Մենք հասկանում ենք: Բայց դու չպետք է պատճառներ որոնես խուսափելու համար»,- պարզաբանեց Ավետիսյանը:

 
ԽՈՍՏՈՒՄՆԱՇԱՏ

Ամենամյա «Բազե» երիտասարդական հավաքի բացմանը մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով պատանի «բազեների» հարցերին` հայտարարել է.«Ես իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա, արյան գնով էլ լինի` պիտի անեմ»: Ինչ խոսք, յուրաքանչյուր տղամարդու, առավելեւս` բարձր պետական պաշտոն զբաղեցնողի համար խիստ ողջունելի է սեփական խոսքի համար դողալն ու խոստացածն ամեն գնով անելը: Խնդիրն այն է, սակայն, որ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության կարճ ընթացքում արդեն իսկ հասցրել է այնքան շատ խոստումներ տալ, որ դրանց իրագործման համար, վախենանք նրա «արյունը» չբավականացնի:
Սկսենք հենց Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության 2014թ. ծրագրով խոստացված հինգ տոկոսանոց տնտեսական աճի խոստումից, որը դատելով անցած երեք ամիսների ցուցանիշներից` դժվար թե իրականանա, որքան էլ Աբրահամյանը դողա: Եվ եթե այս դեպքում, բացի Աբրահամյանի անձնական կամային հատկանիշներից, առկա են բազմաթիվ այլ ազդող գործոններ, ապա իր ղեկավարած կառավարությունում գործարար-նախարարների չհանդուրժելու խոստման իրագործումն արդեն բացառապես Հովիկ Աբրահամյանի` խոսքի տերը լինել-չլինելու տիրույթում է: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անձը, կարծում ենք, այս հարցի շուրջ բոլոր մեկնաբանություններն ավելորդ է դարձնում:
Փոխարենը` Խաչատրյանի անվան հիշատակումը մեզ հիշեցնում է Աբրահամյանի այլ խոստումներ` ստվերից դուրս գալու եւ օրինական բիզնես անելու հարցում իրենից, իր հարազատներից սկսելու խոստումը: ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի զննությունն էլ այս խոստման իրականացման հետ կապված է բոլոր մեկնաբանություններն ավելորդ դարձնում:
«Գիծ քաշելու», ստվերից անվերադարձ դուրս գալու վերջնաժամկետների մասով էլ` ներկայացված 98 մանրումիջին ընկերություններն են ցույց տալիս Աբրահամյանի խոսքի իրական կշիռը:
Էլ չասած` սեփական բիզնեսների բարգավաճմանն ուղղված կառավարության տարատեսակ որոշումները, որոնցից մեկով, օրինակ, բոլորովին վերջերս Արարատյան դաշտավայրում կոնսերվացված արտեզյան ջրի 42 հորերի վերաբացման եւ 70 նոր հորերի բացման համար 550 միլիոն դրամ հատկացվեց: Բնականաբար` ամենեւին ոչ «իրենց» ձկնաբուծարանների սպասարկման համար։
Ինչ վերաբերում է ուրիշի բիզնեսը կամ ունեցվածքը չխլելու վարչապետի խոստմանը, ապա այստեղ եւս ակնառու օրինակների պակաս չկա. բավական է հիշատակել միայն Մարզահամերգային համալիրի խայտառակ աճուրդները:
Բաց, իհարկե, Աբրահամյանի` խոսքի տերը լինելու ամենացցուն օրինակը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված խոստումն էր` պարտադիր, բայց ոչ պարտադրված բառախաղով: Փաստորեն` Աբրահամյանը խոսքի տերը եղավ եւ օրենքը փոխվեց` ճիշտ այդ լեզվական աճպարարության հանգույն:

 




Լրահոս