ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԱՋԱԿԻՑ

ԽՍՀՄ-ում կար Գիտական կոմունիզմի ինստիտուտ. կենտրոնը Մոսկվայում էր, բայց այն իր մասնաճյուղերն ուներ ողջ երկրով մեկ: Գիտական կոմունիզմի ինստիտուտը, ի թիվս այլ գործերի, պարբերաբար դասախոսությունների շարք էր անցկացնում երկրի բնակչության համար՝ մեկնելով շրջաններ ու գյուղեր, հանդիպելով բանվորագյուղացիական դասակարգի ներկայացուցիչների հետ: Նման դասախոսություններով հանդես գալը բավականին եկամտաբեր գործ էր՝ գիտական կոմունիզմի ուսմունքի վարդապետներն աշխատավարձերին զուգահեռ հավելավճարներ էին ստանում, ձեռքի հետ կոմունիզմի գաղափարախոսությունը տարածելով, մարդկանց լուսավորում: Փառահեղ ժամանակներ էին, որոնց հերոսներն այսօր էլ կան:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը, ով կուսակցական պաշտոն էր զբաղեցնում ԼՂԻՄ-ում, բավականին ակտիվ էր կոմունիզմի գաղափարախոսությունը տարածելու հարցում: Այս հարցում իր ջանասիրությամբ չէր զիջում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով էլ կոմունիստական լուսավորություն էր տարածում Հայաստանի շրջաններում:
Տարիներ անց, կոմսոմոլի սերունդը նորից անցել է գործի, բայց այս անգամ ոչ թե կոմունիստական գաղափարախոսություն, այլ՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ տարածելու հարցում: Վերջին ամիսներին Գագիկ Հարությունյանը, որպես Սերժ Սարգսյանի ստեղծած Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար, այցելում է մարզեր եւ բնակչությանը քարոզում Հայաստանի փրկության բանալին, քաղաքական Արմենիկումը՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Սցենարը կարծես թե նույնն է՝ հիմնական լսարանը կրկին մարզի պաշտոնյաներն են՝ մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ եւ պետական համակարգի աշխատակիցներ: Բայց կա մեկ, ինչ-որ տեղ էական տարբերություն. սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, ի տարբերություն գիտական կոմունիզմի քարոզիչների, իրենց գործունեության համար հավելյալ աշխատավարձ չեն ստանում:
Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, այդպես վստահեցրին Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից: «Հայտնում ենք, որ Հանձնաժողովն ստեղծվել է որպես նախագահին առընթեր խորհրդատվական մասնագիտական մարմին` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, եւ նրա անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով (Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի 2-րդ կետ), իսկ նրանց հիմնական աշխատանքը չնորմավորված աշխատանք է: Հետեւաբար, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները նշված գործունեության համար որեւէ վճար, ինչպես նաեւ հավելավճար չեն ստանում»,-նշված է գրության մեջ, որտեղ, ի դեպ, կոպիտ տառասխալ կար. գրված էր՝ Հայաստանի հանրապետություն, այնինչ՝ երկու բաղադրիչները գրվում են մեծատառերով (վերեւում մեջբերելիս մենք ուղղել ենք սխալը,-Ա.Գ.):
Եվս մեկ էական տաբերություն. հանձնաժողովի անդամների՝ մարզերում անցկացվող հանդիպումների վրա, այնուամենայնիվ, գումարներ ծախսվում են, բայց ոչ պետական բյուջեից, ոչ էլ՝ հանձնաժողովի անդամների գրպանից, այլ՝ այս հարցում ակտիվ են միջազգային կազմակերպությունները: «Հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում տեխնիկական եւ կազմակերպական բնույթի ծախսերը կատարվել են բացառապես Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից»,- «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են հանձնաժողովի քարտուղարությունից: Թե որքան գումար է ծախսվում, այդ մասին որեւէ խոսք չկա: «Ժողովուրդ»-ը դեռ շաբաթներ առաջ հարցում է ուղարկել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակներ, բայց՝ այդպես էլ որեւէ մեկը չի պատասխանել:
Այնինչ, շատ հետաքրքիր կլիներ իմանալ՝ թե միջազգային կազմակերպություններն ինչո՞ւ եւ ինչքա՞ն ֆինանսավորում են հատկացրել այդ նպատակով: Ու սա այն դեպքում, երբ սահմանադրական փոփոխությունները Հայաստանում ամենեւին էլ օրակարգային չեն, եւ դրանք բխում են միայն գործող իշխանության շահերից, եւ որը ստիպողաբար պարտադրվում է ժողովրդին: Իսկ միգուցե միջազգային կազմակերպությունները որոշել են սահմանադրական հանձնաժողովին աջակցելով, անուղղակի աջակցել ընդդիմությա՞նը. չէ՞ որ ընդդիմությունը հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը գնա սահմանադրական հանրաքվեի, ապա իրենք այն կդարձնեն ռեժիմին անվստահություն հայտնելու եւ իշխանափոխության առիթ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՉԻ ՄԵՐԺԻ, ԲԱՅՑ ԿՏԱ՞
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է: Լուրեր կան, որ նա Հայաստան է այցելել իրեն պատկանող, բայց վաճառքի հանված ինքնաթիռների տեխնիկական վիճակով հետաքրքրվելու նպատակով: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բաղդասարովը ընկերության նախկին աշխատակիցներին խոստացել է ողջ աշխատավարձը վճարել օգոստոս ամսվա վերջին: Կկատարի՞ Բաղդասարովն իր խոստումը, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ սնանկացման ճանապարհով գնացող, բայց այդպես էլ տեղ չհասած «Արմավիա» ընկերությունն ամիսներ շարունակ խաբում է նախկին աշխատակիցներին:

 

ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Ու քանի որ Հայաստանի եզդի բնակչությունը տեւական ժամանակ երկրի իշխանություններից պահանջում էր ՄԱԿ-ում բարձրացնել Իրաքում եզդիների ցեղասպանության հարցը, որն իրականացնում են Իրաքի հյուսիսում ագրեսիվ գործողություններ ծավալած իսլամիստները, ուստի ՀՀ նախագահը հանձնարարականներ է տվել արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: Նա նաեւ ՀՀ վարչապետի հետ քննարկել է Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը:
Ասել է թե՝ Հայաստանը ամենաբարձր մակարդակով արձագանքեց եզդիների ցեղասպանության խնդրին: Իսկ ի՞նչ էին անում եզդիները, երբ Քեսաբում էին հայերին սպանում: «Ժողովուրդ»-ի այս հարցին «Սինջար» եզդիների ազգային միավորում հկ-ի նախագահ Բորիս Մուրազին պատասխանեց. «Ես Քեսաբում տեղի ունեցած դեպքերի մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, թե Լեռնային Ղարաբաղում մենք ուր էինք ու ինչ էինք անում ձեզ համար: Մենք այս պետության քաղաքացի ենք: Այսինքն՝ քեսաբահայերին օգնելու հարցում ինչ արել է այս պետությունը, մեր տված հարկերի հաշվին է արել, մյուս առումով՝ մենք պետական մակարդակով ոչինչ չէինք կարող անել: Մենք արել ենք Արցախում, Սարդարապատում եւ դուք լավ գիտեք, թե ինչ ենք արել, ավելին՝ այսօր մենք անում ենք Հայաստանի սահմանին»,- ասաց Բորիս Մուրազին:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Օգոստոսի 7-ից սկսած, ամեն օր, «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ՝ ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի, տեղի է ունենում ստորագրահավաք: Առաջիկայում կազմակերպիչները մտադիր են այն անցկացնել նաեւ մարզերում` սկսելով Գյումրի քաղաքից:

 

ՍԱԴՐԱՆՔ Է
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն իր անձի դեմ կազմակերպված սադրանք է որակել տեղի քաղաքային թերթի այն հրապարակումը, որում իրեն մեղադրում են երեխաներին ու մեծերին օրերս կազմակերպված մատաղի սեղանին մոտենալ արգելելու մեջ. «Բացառված բան է, որ մարդկանց արգելեինք մոտենալ մատաղի սեղանին: 600 հոգու համար սեղան էինք գցել: Մեծ մատաղ ենք արել, օրվա վերջում հարիսա էլ ենք հյուրասիրել: Եղած ամեն ինչը լիքը, ամեն ինչը` ծով: Ուղղակի, որ հյուրեր ունեինք Արցախից, Սյունիքի ու Վայոց ձորի բոլոր քաղաքներից, կազմակերպիչը խնդրեց, որ առաջինը սեղանին մոտենան հյուրերը, հետո` մնացածը»,-armlur.am-ին պարզաբանել է քաղաքապետը:

 

ՃԻՇՏ ՆՇԱՆԱԿԵՏԻՆ
Երեկ վաղ առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա արձակվել է երկու կրակոց: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կրակողը 43-ամյա Արթուր Միրզոյանն է, ով Մոսկվայում գործող «Դոբրիյ լես» փայտամշակման ընկերության սեփականատերն է: Նա որսորդական երկփողանի հրացանով կրակել է դեսպանատան շենքի ճակատին տեղադրված Թուրքիայի զինանշանի վրա: Երկու գնդակն էլ կպել է նպատակակետին: Թեեւ Միրզոյանը հրաժարվել է բացատրել իր արարքի դրդապատճառները, ռուսական մամուլը որպես պատճառ նշում է հայ-թուրքական դարավոր թշնամությունը:

 




Լրահոս