ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՂՆԵՐԸ «ՓԻՆԱՉԻՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ԱՐԵԼ

Մոտ օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի մայթեզրերը ասֆալտապատվեցին: Սակայն այդ աշխատանքներից հետո պարզվեց, որ մեր քաղաքային իշխանություններն, ինչպես միշտ, տեղում չեն: Նրանց աշխատանքը, ինչպես ժողովուրդն է ասում՝ «փինաչիություն» է։
Լուսանկարներում հստակ երեւում է, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելուց հետո նշված փողոցի մայթեզրն ավելի փնթի է դարձել: Իսկ ահա ծառերի մասով ամեն ինչ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել: Շինարարները փորձել են ծառերի բների համար կոկիկ հատված ստանալ, սակայն անփույթ տեսարան է ստացվել: Ասել է թե՝ աչքը սարքելու փոխարեն ունքն էլ են հանել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

«Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված հերթական փաստաթուղթը պատմում է 2007թ-ին Ռոբերտ Քոչարյանի իշխանության եւ ամերիկյան կողմի միջեւ առաջացած տարաձայնությունների մասին: Հայ-ամերիկյան հակասությունների մասին ուշագրավ այդ զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեյը:

ԱՄՆ Պետդեպին ուղղված փաստաթղթում հեղինակը պատմում է, որ Քոչարյանի իշխանությունը իրենց մեղադրել է Հայաստանում «գունավոր հեղափոխություն» նախաձեռնելու մեջ: Ավելին՝ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտը, Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, ներկայում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի համոզմամբ, ձախողել է ընդդիմադիր ուժերին միավորելու իր ծրագիրը: Եվ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով Արմեն Գեւորգյանը պահանջում է, որպեսզի ԺԱԻ-ը փակի իր գրասենյակները եւ հեռանա Հայաստանից:
Գոդֆրեյը նախ եւ առաջ ծանուցում է, որ Ա.Գեւորգյանը ԺԱԻ-ի ղեկավարությունից պահանջել է դադարեցնել աշխատանքները 2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններից հետո: Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը պնդել է, որ ԺԱԻ-ը ակտիվ աշխատանքներ է կատարել հայաստանյան ընդդիմադիրներին միավորելու ուղղությամբ, ավելին՝ կազմակերպել այցելություններ Վաշինգտոն: Գեւորգյանի կարծիքով, սակայն, այս կազմակերպությունը տապալել է սեփական ծրագրերը՝ չկարողանալով համախմբել ընդդիմադիրներին ու իշխանության բազմեցնել, ուստի ընտրությունների արդյունքի վրա չի էլ կարող որեւէ ազդեցություն ունենալ: Գոդֆրեյը տեղեկացնում է, որ ԺԱԻ ղեկավարությունը փորձել է փաստարկել իր մոտեցումները՝ հայտարարելով, որ Գեւորգյանը հավանաբար չի հասկանում իրենց առաքելության իմաստը:
Հեղինակը փաստում է, որ մինչ 2007թ. մայիսի ճնշումները, ԺԱԻ-ի հայաստանյան գործունեությունը վտանգի տակ է եղել նախորդ տարվա նոյեմբերից, երբ ամերիկյան բարձրաստիճան հյուրերի առաջ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է հայտնել իր դժգոհությունների մասին՝ արձանագրելով, որ այն «ուղղված է բացառապես գունավոր հեղափոխություն անելուն, որ պետք է իրականացնեն ընդդիմադիր կուսակցությունները, ում ԺԱԻ-ը փորձում է համախմբել»: Գոդֆրեյը հավելում է, որ Քոչարյանի մտահոգությունները փարատելու համար անգամ Հայաստան է եկել ԺԱԻ-ի ղեկավար Քեն Ուոլլըքը, ում հաջողվել է ժամանակավորապես «փարատել Քոչարյանի անհանգստությունը»: Դիվանագետը նկատում է, որ դրանից հետո ԺԱԻ-ին Հայաստանում բավականին զգույշ է գործել, ինչպես նաեւ մշտական կապի մեջ եղել Քոչարյանի աշխատակազմի հետ: Ամերիկյան կազմակերպությունը նախագահականին մշտապես ծանուցել է իր ծրագրերի, միջոցառումների եւ նպատակների մասին:
Գոդֆրեյի տպավորությամբ՝ Քոչարյանի համբերության բաժակը լցվել է, երբ 2007թ. փետրվարին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այցելել է ԱՄՆ: ՀՀ իշխանությունները վստահ են եղել, որ այդ այցելությունը ամբողջովին կազմակերպվել ու իրականացվել է ԺԱԻ-ի կողմից, իսկ Քարնեգի հիմնադրամում Ա.Սարգսյանի ելույթի հիմնական շեշտադրումների հեղինակներն էլ, ըստ նրանց, իրականում ԺԱԻ-ի փորձագետներն են եղել: Ամերիկացի դիվանագետն ավելացնում է, որ ԺԱԻ-ի ղեկավարներից Է.Բեննետը եւ Թ.Սանասարյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպել են Քոչարյանի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի ներկայացնեն կազմակերպության հետագա ծրագրերը:
Հանդիպման ժամանակ Արմեն Գեւորգյանը հայտարարել է, որ իր համոզմամբ՝ ԺԱԻ-ն ցանկանում է աշխատել բացառապես «Հանրապետություն» կուսակցության պես քաղաքական ուժերի հետ, սակայն այլեւս անկարող լինելով ազդել ընտրությունների վրա, պետք է դադարեցնի իր գործունեությունը: Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը պահանջել է «ԺԱԻ-ի ողջ աշխատակազմից ազատել զբաղեցրած գրասենյակները, թողնել միայն մի աշխատող, ով պիտի պատասխանի հեռախոսազանգերին»: Հատկանշական է, որ Գեւորգյանը մերժել է Վաշինգտոնից ուղարկված դիմումը, որով խնդրում էին թույլատրել ԺԱԻ-ի դիտորդներին հսկել ընտրությունների ընթացքը: Կարծում ենք՝ ամերիկացիների կողմից միամիտ քայլ էր դիտորդական գործունեությամբ զբաղվելու մասին առաջարկ անելը, հատկապես այն պահին, երբ Քոչարյանը ցանկանում էր ազատվել այդ կազմակերպության ներկայությունից ընդհանրապես:
Ինչեւէ, հեղինակը նկատում է, որ ԺԱԻ-ի ղեկավարները փորձել են հակափաստարկներ ներկայացնել Գեւորգյանի պնդումներին, բացատրել իրենց ցանկություններն ու ծրագրերը, սակայն ապարդյուն: Նրանք բարձրաձայնել են այն ծրագրերի շարունակականության անհրաժեշտության մասին, որոնք նախկինում նույն Ա.Գեւորգյանի կողմից հավանության էին արժանացել, այդուհանդերձ, վերջինս մնացել է անդրդվելի: Իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեւորգյանը կատարում էր Քոչարյանի հրահանգը, հազիվ թե նրա կարծիքի փոփոխությունը որեւէ նշանակություն ունենար: Բայց եւ այնպես, հարկ ենք համարում արձանագրել, որ եթե իշխանությունները վստահ էին ԺԱԻ-ի գործունեության ապօրինության մեջ, ապա դրանով պետք է զբաղվեին ՀՀ իրավապահ մարմինները: Ի վերջո, քաղաքական հարթության մեջ օտար շահերի սպասարկման համար ֆինանսների ապօրինի կիրառումը կարգավորվում է համապատասխան օրենքներով: Ավելին՝ Գեւորգյանը պնդում է, որ ԺԱԻ-ն ձգտում էր ինչ-ինչ միջոցներով միավորել ընդդիմությանը, որպեսզի նրանք իշխանության գան: Ակնհայտորեն գործ ունենք Հայաստանի ներքաղաքական հարցերում կատարվող արտաքին միջամտության հետ, որը պարզվում է, իշխանության օգտին չէ: Այս դեպքում տարօրինակ է, որ նման վստահությամբ առաջնորդվելով հանդերձ՝ ամերիկացիների բնորոշմամբ «Քոչարյանի մեքենայի գորշ բարձրաստիճաններից» Արմեն Գեւորգյանը գործին իրավական ընթացք չի հաղորդել: Նման խնդիրները գաղտնաբար, կուլիսային մակարդակներում լուծելու կողմնակից Գեւորգյանը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դարձավ ՀՀ փոխվարչապետ ու արդեն 6-րդ տարին է՝ հաջողությամբ պաշտոնավարում է՝ հավանաբար շարունակելով Քոչարյանի ժամանակ սերտած ավանդույթները:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

ԼՈՒՐԵՐ

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՄԱՐԶՊԵՏԸ
Կոտայքի մարզպետն ու նրա տեղակալներն իրավամբ կարող են համարվել ապահովված պաշտոնյաներ: Նրանք կարողանում են ե՛ւ վաստակել, ե՛ւ կուտակել: «Ժողովուրդ»-ն այսօր կներկայացնի նրանց՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը: Նախ սկսենք հենց Կոտայքի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից: Նա իր պաշտոնը զբաղեցնում է 2014թ. մայիսի 8-ից, իսկ հայտարարագիրը ներկայացրել է նույն տարվա մայիսի 20-ին: Ըստ այդ հայտարարագրի՝ նա ունի 3 բնակարան, 3 հողամաս եւ հասարակական նշանակության 1 շինություն: Հաշվետու տարում Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 59 մլն դրամ, 814 հազար դոլար եւ 4300 եվրո: Մեկ տարվա ընթացքում մարզպետը կարողացել է 52 մլն 992 հազար դրամ վաստակել, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից՝ 3 մլն 588 հազար, վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 11 մլն 812 հազար, շահաբաժնից՝ 8 մլն, եւ «այլ եկամուտներ»-ից՝ 29 մլն 232 հազար դրամ:
Չնայած նրա տեղակալներն այսքան միջոց եւ եկամուտ չունեն, բայց նրանք էլ վատ չեն ապրում: Օրինակ՝ մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2012-ից, ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Դրա փոխարեն՝ նա հայտարարագրել է 3 մլն 100 հազար դրամ եւ տարեկան եկամուտ՝ 2 մլն դրամ: Կարեն Պապոյանն իր պաշտոնին վերջերս է նշանակվել՝ հուլիսի 29-ին: Ըստ հայտարարագրի՝ նա ունի մեկ հողամաս եւ մեկ «LEXUS LX 470» մակնիշի մեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 9 մլն դրամ եւ 48 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների շնորհիվ մարզպետի այս տեղակալը կարողացել է 1 մլն 177 հազար դրամ վաստակել: Արամ Հարությունյանի մյուս տեղակալը՝ Ալբերտ Ղազարյանը, ոչ մի գույք չի հայտարարագրել, սակայն նրա դրամական միջոցները եւս բավականին մեծ են: Այսպես. նա ունի 39 մլն դրամ, 41 հազար դոլար եւ16 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից եւ «այլ եկամուտներ»-ից էլ կարողացել է 8 մլն 404 հազար դրամ վաստակել:

 

ՊԱՅԹԵԼ Է
«Ժողովուրդ»-ը ԱԻՆ-ից տեղեկացավ, որ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ օգոստոսի 17-ին պայթյունի ձայն է լսվել: Ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ»-ի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել եւ պայթյունի ձայն լսվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի՝ Հ.Ա.-ին պատկանող տարածքում հրդեհի երկու օջախ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջողվել է արագորեն մեկուսացնել եւ մարել կրակը: Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, իսկ երկրորդ օջախում այրվել է խոտածածկ տարածք` 400 քմ մակերեսով:




Լրահոս