Ռուսական բուհը կգործի ՀՀ քաղաքացիների հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության ճանապարհին Հայաստանի ֆորպոստացումը սկսել է նոր թափ ստանալ, ներառելով գրեթե բոլոր բնագավառները, այդ թվում՝ կրթության ոլորտը:

Բանն այն է, որ կառավարության օգոստոսի 14-ի նիստում վերջին պահին օրակարգում ընդգրկվել էր Հայաստանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ հիմնադրելու եւ վերջինիս գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը: Բնականաբար, կառավարությունը մեծ խանդավառությամբ ընդունել է այդ որոշումը:
Հայաստանում Լոմոնոսովի անվան համալսարան բացելն ինքնին լավ իրադարձություն է, եթե այդ համալսարանը գործի իրավահավասար պայմաններով: Բայց քանի որ ՀՀ իշխանությունները ռուս պաշտոնյաների հետ բանակցություններում իրենց պահում են հնազանդ հարճի նման, ինչպես մյուս երկկողմանի համաձայնագրերում, այնպես էլ կրթական ոլորտում, տպավորություն է, թե պայմանագիրը բխում է միայն մի կողմի՝ ՌԴ շահերից, իսկ երկրորդ կողմը՝ Հայաստանը քննարկումների ժամանակ ներկա չի եղել: Այս առումով շատերը կհիշեն գազային սկանդալային համաձայնագրերը, ընդ որում՝ ռուս պաշտոնյաները հետագայում անկեղծացել էին՝ ասելով, թե բանակցությունների ժամանակ ՀՀ պաշտոնյաները որեւէ առարկություն կամ պահանջ չեն ներկայացրել ու համաձայնվել են այն ամենին, ինչ իրենք ասել են: Նույնն է նաեւ կրթական համաձայնագրերի դեպքում:

Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ հիմնադրելու համաձայնագրում այս առումով ուշագրավ է հատկապես ֆինանսավորման խնդրին վերաբերող հատվածը: «Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի եւ մյուս մասնագետների նյութական ապահովումն իրականացվելու է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության բյուջեի եւ ներգրավված այլ միջոցների, Համալսարանի կողմից գործուղված պրոֆեսորադասախոսական կազմի եւ այլ մասնագետների նյութական ապահովման կանոնների մասին Արձանագրությանը համապատասխան, որը համարվում է Համաձայնագրի անքակտելի մասը: Մասնաճյուղ գործուղված պրոֆեսորադասախոսական կազմի եւ այլ մասնագետների նյութական ապահովման հաշվի մեջ են մտնում աշխատավարձը, գործուղման ծախսերը, պարտադիր վճարների փոխհատուցումը, Մոսկվա-Երեւան-Մոսկվա ավիաչվերթի տոմսերի վճարումը»,- նշված է համաձայնագրի 8-րդ հոդվածում:

Ինչպես նկատեցիք, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի հայկական մասնաճյուղը գործելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ հարկատուներիս հաշվին, ինչպես ՀՀ-ում գործող մյուս պետական բուհերը: Ընդ որում, դատելով վերջին ամիսների զարգացումից, կարելի է եզրակացնել, որ մոսկովյան բուհի մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել ռուսական կողմի պահանջով. ի վերջո, ամոթ կլինի, եթե ԵՏՄ մտնելիս ՀՀ-ում անգամ տաքսու վարորդները չիմանան ռուսերեն: Այս համաձայնագիրը, սակայն, շատ նման է Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ դեռ 2011թ. ստորագրած ռուսական ռազմակայանների՝ ՀՀ-ում տեղակայման ժամկետների երկարաձգելու պայմանագրին, երբ ռազմակայաններին անվարձահատույց տրվեց հողը: Ավելին՝ ռուսական զորքերի ծախսերի 50 տոկոսը դրվեց ՀՀ պետական բյուջեի վրա: Իսկ ահա Լոմոնոսովի համալսարանի դեպքում իրավիճակն այլ է՝ ծախսերն ամբողջությամբ հոգում է հայկական կողմը:

Թե որքան գումարի մասին է խոսքը, առայժմ իշխանությունները չեն մանրամասնում: Բայց դժվար չէ կռահել, որ ռուսական բուհի դասախոսները չեն աշխատելու նույն դրույքաչափով, ինչ հայկական բուհերի դասախոսները: Այսինքն՝ նրանց աշխատավարձերը լինելու են շատ ավելի բարձր, քան Հայաստանում է:

Այստեղ կարեւոր է եւս մեկ հարց. իսկ որքանո±վ են այդ ծախսերն արդարացված, եւ արդյո՞ք կա նման բուհ բացելու պահանջարկ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում նվազել է ուսանողների թիվը, նվազել են նաեւ մասնավոր բուհերի քանակը, իսկ պետական բուհերում փակվել են մի շարք բաժիններ կամ ֆակուլտետներ:

Օրինակ՝ 2013թ. դիմորդների քանակը 3 հազարով պակաս է եղել նախորդ տարվա համեմատ: Այս տարի դիմորդների քանակը 2013թ. համեմատ նվազել է 1500-ով: Հետեւողականորեն նվազել է նաեւ բուհերի թիվը. 2008/09 ուստարում ՀՀ-ում գործել է 90 բուհ՝ 144.4 հազար ուսանողով, իսկ 2012/13ուստարում բուհերի թիվը դարձել է 65ª 90 հազար ուսանողով:

Այսինքն՝ մի երկրում, որտեղ ուսանողների թվի նվազելու պատճառով փակվում են բուհերը, իշխանությունները ռուսական նոր ուսումնական հաստատություն են բացում, այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից հսկայական ծախսեր անում, եւ այդ ամենը հարկատուներիս գրպանից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս