Պետությունը կփոխհատուցի համայնքային բյուջետային հիմնարկներում եւ համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատող, 1974 թվականից հետո ծնված նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարները:
Այդ նպատակով ՀՀ կառավարության N 792-Ն որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը եւ մարզպետարաններին հատկացվել է ընդհանուր առմամբ 197 մլն 860.8 հազար դրամ: Գումարը կտրամադրվի 597 համայնքի: Բանն այն է, որ 2014 թվականի համայնքների բյուջեները կազմվել էին՝ հիմք ընդունելով այդ պահին գործող 45 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում ընթացիկ տարում կատարված փոփոխության համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձը հուլիսի 1-ից սահմանվել է 50 հազար դրամ, եւ <<Կուտակային կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՏԻՄ համակարգում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարման արդյունքում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսերի կատարման համար համայնքների բյուջեներում հատկացումներ չէին նախատեսվել: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է այս որոշումը՝ նպատակ ունենալով աջակցել համայնքներին՝ բյուջեների կատարողականի ապահովման եւ սահմանված ժամկետներում նրանց կողմից բյուջետային պարտավորությունների կատարման, լրացուցիչ պարտքեր չկուտակելու համար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին