ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստի մասին։
Պատերազմի հետեւանքով մեծ կորուստներ կրած, իրենց ծննդավայրում կայացած սիրիահայ մի խումբ բժիշկներ այսօր աշխատում են մարզային մեր հիվանդանոցներում` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով տեղի մասնագետներին։ Պողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը։ Դրա համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից նա պարգեւատրեց պատվոգրով։
Բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը վաղն անհրաժեշտ է լինելու իրեն կամ իր հարազատին։
Շատ ավելի մեծ է մերժելի նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլեւ մեր ողջ հասարակությանը։ Նման երեւույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: