825 գրատախտակ` պաստառները փակցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևան քաղաքի բոլոր համայնքներում այսօրվա դրությամբ առկա է 825 գրատախտակ, որոնք նախատեսված են նախընտրական քարոզչության նյութերը` պաստառները փակցնելու համար: Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նրա խոսքով, քաղաքապետարանը բյուջեից գումարներ է հատկացրել` շուրջ 6 մլն դրամ, որպեսզի նախընտրական այս ժամանակահատվածում քաղաքը չախտոտվի ու հատկապես ընտրություններից հետո քաղաքն անմիջապես կարողանա վերադառնալ իր նախնական տեսքին. “Մենք ի սկզբանե որոշել ենք պայքարել քաղաքի ախտոտվածության դեմ, տեղեր ենք հատկացրել, քանի որ գտնում ենք, որ չի կարելի քաղաքն ախտոտել միայն նրա համար, որ դու այս կամ այն տեղում ես ուզում փակցնել քո գովազդը” ,- հայտարարեց նա: Ի դեպ, քաղաքի մաքրությունը մտահոգում է քաղաքապետարանին ոչ միայն այս շրջանում, այլև հետագայի կտրվածքով ու հնարավոր է, որ նմանատիպ գրատախտակները դառնան մեր փողոցներում սովորական: Ճիշտ է կոնկրետ այս գրատախտակները նախընտրական պաստառների համար են նախատեսված ու թերևս կօգտագործվեն նաև հաջորդ ընտրությունների ժամանակ. Քաղաքապետարանը այլ բան կմշակի: Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա գրատախտակներն էլ իրենց կանոններն են թելադրում, այն է` երեք գրատախտակի վրա ամեն կուսակցություն կամ դաշինք իրավունք ունի փակցնել A3 ֆորմատի միայն մեկ պաստառ. “Ունենք դեպքեր, երբ այս նորմը խախտվում է, դրա համար հորդորում ենք քաղաքական ուժերին իրենց ուժերով վերացնել այդ խախտումները”,- հորդորեց Ա.Բաղդասարյանն ու ավելացրեց, որ եթե ուժերն իրենք չվերացնեն, ապա համայնքը ստիպված կլինի իր վրա վերցնել այդ գործառույթը:Նշվեց, որ գրատախտակները երևանյան փողոցներում կմնան միայն մինչև մայիսի 5-ը` այդպես է ծրագրված և գոնե ամենը կարվի, որ ,լռության օրըե նախընտրական քարոզչություն պարունակող պաստառներ մեր փողոցներում այլևս չլինեն:




Լրահոս