Դիվերսանտին վնասազերծած կապիտանը չի պարգևատրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականի խորհարդարանական ընտրությունների ժամանակ Ապարանի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը` Արսեն Պետրոսյանն այն անձն է, ով վնասազերծել է Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ օրս ոչ ԼՂՀ ՊԲ-ն, եւ ոչ էլ ՀՀ ՊՆ-ն կապիտան Արսեն Պետրոսյանին որեւէ կերպ չեն պարգեւատրել այն բանի համար, որ վերջինս վտանգելով սեփական կյանքը դիվերսիոն խմբի անդամներից մեկին վնասազերծել էր` հենց Քարվաճառում: Մեր տեղեկություններով` Ա. Պետրոսյանը որոշել է, որ եթե անգամ իրեն որեւէ մեդալով պարգեւատրեն, ապա ինքը կհրաժարվի այդ մեդալից:
Հիշեցնենք, որ հուլիսին ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խումբ էր ներթափանցել: Ըստ պաշտոնական տվյալների` խումբը բաղկացած էր եղել 3 հոգուց ու առաջին դիվերսանտին կարողացել էր վնասազերծել հենց Արսեն Պետրոսյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Պետրոսյանի եղբոր` Ռազմիկ Պետրոսյանի հետ` պարզելու, թե իրականում ինչ է կատարվել:

-Պարոն Պետրոսյան, Ձեր եղբայրն այն մարդն է, ով կարողացել է Քարվաճառ ներթափանցած դիվերսիոն խմբի անդամներից մեկին «բռնել»: Խնդրում եմ նշեք, թե ինչպե՞ս է Ձեր եղբորը հաջողվել դիվերսանտի ճանապարհին դուրս գալ ու բարեհաջող կանխել նրա հետագա քայլերը:

-Այո, զինաթափելու գործը հենց իմ եղբայրն է արել: Կարողացել է դիվերսանտին այն վիճակին հասցնել` հանդարտեցնել, որ վերջում նրան հնարավոր է եղել է բռնել: Իմ եղբայրը շատ փոքրամարմին է, բայց կարողացել է իր ջանքերի շնորհիվ այնպես անել, որ դիվերսանտը չկրակի ու կանխել է այդ ամենը: Իրեն զանգել տեղեկացրել են, որ Քարվաճառում թուրք կա ու ինքն այդ ժամանակ քաղաքի մեջ է եղել` քաղաքացիական համազգեստով:

Եղբայրս միանգամից գնացել է, որպեսզի կանխի այն, ինչ պետք է լիներ: Նա իջել ու տեսել է, որ թուրքի ձեռքին զենք կա, թուրքն էլ զենքը պահել է նրանց վրա, թե` ձեզ կխփեմ, հետո էլ ասել է, թե` գնացեք հեռու, ես ինձ եմ խփում: Եղբայրս այդ ամենը տեսնելուց հետո սկսել է հանգստացնել թուրքին, խոսեցնել, բացատրել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է լինելու: Զրուցելով այն վիճակին է հասցրել, որ կարողանան նրան կենդանի բռնել ու այնպես անել, որ թուրքը որեւէ մեկին չկարողանա զենքով խփել:

-Իսկ Ձեր եղբայրը պարզե՞լ է, թե ինչպես կարող էր ադրբեջանական դիվերսիոն խումը ներթափանցել Քարվաճառ:

-Լեռնաանտառային տարածք է, ու հազար ձեւ կա, որպեսզի նրանք կարողանան ներթափանցել տարածք: Դիրքը շատ բարձր է ու շատ հաճախ է այնտեղ մառախուղներ լինում, չի բացառվում նաեւ, որ իրենք Հայաստանի սահմանը ինչ-որ մի ձեւով անցած լինեն: Բայց ես, անկախ իմ քաղաքական հայացքներից, մի բան եմ ցանկանում նշել. այսօր հսկողությունը ուժեղ է, իսկապես լուրջ հսկողություն է տարվում սահմաններում:

-Տեղեկություններ ունենք, որ այժմ ցանկանում են Արսեն Պետրոսյանին պարգեւատրել, սակայն նա հրաժարվում է այդ պարգեւն ընդունելուց: Ինչո՞ւ:

-Ես համոզված եմ, որ այն տղերքը, ովքեր ճանապարհ են անցել, կամավոր նվիրյալ են եղել ազգին, նրանք ինչ-որ բան չեն արել պարգեւի համար, բայց այսօր այն մարդիկ են ներկայացվում պարգեւատրման, որոնք ընդամենը կողքից օժանդակող են եղել: Նրանց ներկայացնում են ու «Արիության» մեդալ են տալիս, իսկ այն մարդը, որն իր կյանքը վտանգելով նման գործողություն է անում, նրան արհամարհում են: Դա նրա համար հոգեպես ցավ է:

Մարդուն, որը հանգիստ է, համեստ, որին անգամ նման բաները չեն հետաքրքրում, որեւէ ձեւով չեն ցանկանում պարգեւատրել: Այսօր մենք հերոսացնում ենք ոչ հերոսին, իսկ հերոսներին էլ փորձում ենք ստվերել, ստորադասել, դա իսկապես ցավ է: Ոչ թե Արսենն իմ եղբայրն է դրա համար եմ ասում, պարզապես նման մարդկանց արհամարհելն, իսկապես եմ ասում, շատ ցավալի է:

Պետք է մենք կարողանանք իրական հերոսներին գնահատել, մենք դրանով սերունդ էլ կդաստիարակենք: Ամբողջ Քարվաճառը տեղյակ է, թե ով է այդ ամենն արել, ամբողջ պաշտպանական բանակը գիտի, թե ով է դիվերսանտին բռնել:

Ուղղակի մի բան էլ նշեմ, չեմ ուզում հավատալ, որ այդ ամենը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, որ այսօր իմ եղբոր հետ նման ձեւով են վարվում: Ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր` քարերը հավաքելու ժամանակը չի… բայց ես նայում եմ, արդեն մեկուսացել ենք, հիմա արդեն ժամանակն է, որ մենք հերոսներին հերոս ասենք, վախկոտին էլ վախկոտ, որովհետեւ, հակառակ դեպքում, մենք կկորցնենք վստահությունն ամեն ինչի հանդեպ:

-Այսինքն` մինչեւ այսօր Ա. Պետրոսյանին որեւէ պարգեւի չեն էլ ներկայացրե՞լ:

-Դե, կողքին օգնողին «Արիության մեդալ» են տալիս, իսկ իրեն «Բաղրամյանի» հուշամեդալ են տալիս, ավելի լավ է` որեւէ բանի էլ չներկայացնեն: Իրեն այսօր պաշտոնապես որեւէ բան չեն հանձնել, ասել են, որ նման կոչում են տալու, Արսենն էլ ասել է, որ ինքը շնորհակալ է ու ինքը դա որեւէ պարգեւի համար չի արել: Ասել է, որ կամավոր է գրվել զինվոր ու պարտավոր է պահել իր հայրենիքը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս